Այս շաբաթվա սկզբից մեր երկրում որոշ քաղաքական գործիչների եւ տնտեսագետների շրջանում մեծ իրարանցում առաջացրած Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովի հայտարարությունը, որտեղ ՌԴ փոխվարչապետը նշել էր Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին, որեւէ պաշտպանական մարմնի ուշադրությանը չարժանացավ: Իգոր Շուվալովը, Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո մասնավորապես, ասել էր, որ, եթե Հայաստանը հաջող կերպով միանա Եվրասիական տնտեսության ձեւաչափին, այդ դեպքում փոխհատուցումների վերաբերյալ Հայաստանը պետք է բանակցություններ սկսի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ: Այսինքն` ինչը նշանակում է, որ մեր երկիրը պետք է ԱՀԿ երկրների եւ Եվրասիական տնտեսական միության երկրների ներմուծման եւ արտահանման մաքսատուրքերի տարբերությունը փոխհատուցի ԱՀԿ երկրներին: Տնտեսագետների մեկնաբանմամբ, խոսքը մեծ գումարների մասին է:
ՌԴ փոխվարչապետի հայտարարության մասին տեղեկատվությունը հայաստանցիներս ստացանք ռուսաստանյան լրատվամիջոցներից, որը ոչ մի կերպ չմեկնաբանվեց մեր երկրի պետական պաշտոնյաների կողմից: Եթե ամենասովորական ու ցածրաստիճան պատվիրակությունների արտերկրի եւ ներերկրի այցելությունների մասին մամուլը հեղեղվում է պաշտոնական հաղորդագրություններով, ապա, տարօրինակ է, որ այս խորհրդի նիստին Հայաստանից մեկնած բարձրաստիճան պատվիրակության մասին որեւէ տեղ, որեւէ տող չկար:
Տպավորություն էր ստեղծվել, թե հայկական կողմից որեւէ ներկայացուցիչ հանձնաժողովի խորհրդի նիստին չի եղել: Մինչդեռ երկար փնտրտուքների արդյունքում պարզեցինք, որ նշյալ խորհրդի նիստին մասնակցելու համար Սոչի են մեկնել արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանն ու Ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ