Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանը գեներալ էլ լինի՝ չի կարող բարձրացնել ՀՀ վարկանիշը ԱՄՆ-ում». Երվանդ Բոզոյան

Հունիս 27,2014 20:36

Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Երվանդ Բոզոյանից հետաքրքրվեց, թե արեւմտամետ հայացքներ ունեցող նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելը  ի՞նչ կտա մեզ, եւ հնարավո՞ր է, որ նոր քայլեր արվեն՝ Եվրոասոցացման համաձայնագիրը ստորագրելու առումով:

Երվանդ Բոզոյանը պատասխանեց, որ Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելը տարօրինակ էր մի քանի կոմպոնենտներով. «Նախ, ես չեմ  համարում, որ Տիգրան Սարգսյանը արեւմտամետ գործիչ էր, որովհետեւ որեւէ նշույլ անգամ չկա, թե ինչով էր ինքը արեւմտամետ գործիչ: Դրա պատասխանն ինձ համար անհասկանալի է, չգիտեմ, թե հայ հասարակությունն ինչ կարող է մտածել այդ հարցի շուրջ: Երկրորդը՝ էլ ի՞նչ Եվրոասոցացման համաձայնագրի մասին է խոսքը, երբ Հայաստանը պաշտոնապես եւ մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը միանում է ՄՄ-ին եւ Եվրասիական տնտեսական միությանը: Արեւմտամետ լինելն ինձ համար  մեղմ ասած, աքսիոմ չէ: Ես կարծում եմ, որ Հայաստանում հասարակական քաղաքական գործիչների ճնշող մեծամասնության արժեհամակարգային եւ աշխարհահայացքային պատկերացումները շատ թույլ են եւ այդ մարդկանց պայմանական կարելի է համարել արեւմտամետ կամ ռուսամետ: Նրանք ավելի շուտ եսամետներ են, իրենց շահերով են շարժվում: Ըստ էության, նրանք չունեն այն փիլիսոփայական հենքը, ինչ ունեն, ասենք, Ուկրաինայում կամ Վրաստանում: Այդ իմաստով Հայաստանի արեւմտամետ կամ  ռուսամետ գործիչներին կարելի է խիստ  պայմանական ընդունել: Կոնկրետ Տիգրան Սարգսյանը նույնիսկ հրապարակային, պաշտոնական տեսակետից որեւէ ձեւով չի դրսեւորվել, գոնե խոսքերով, որ ինքը արեւմտամետ լինի: Իր գործունեության ընթացքում նա մի քանի անգամ շատ հակասական հայտարարություններով է հանդես եկել ե՛ւ ռուսական ուղղությամբ եւ պրո-արեւմտյան ուղղությամբ: Եվ ինչու է  նա արեւմտամետ, ես չեմ պատկերացնում»:

Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ ինտեգրվելու քայլերին՝ Երվանդ Բոզոյանն ասաց. «Հայաստանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ինտեգրվելու է Եվրասիական տնտեսական միությանը: Այդ իմաստով Հայաստանը եվրոպական ուղղությամբ այնքան է գնում, որքանով, ասենք, Ղազախստանը կամ Բելառուսը»:

Ըստ Երվանդ Բոզոյանի, «եւ-եւ»-ի քաղաքականությունը կար 90-ականներին եւ 2000-ական թվականներին, երբ Հայաստանը փորձում էր մանեւրել, բալանսավորված քաղաքականություն տանել այնքանով, որքանով որ դա նրան հաջողվում էր. «Հաշվի առնելով օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրավիճակը, Հայաստանն ուներ անվտանգության իմաստով առանցքային հարաբերություններ ՌԴ-ի հետ: Միաժամանակ նա փորձում էր փոխլրացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ արեւմտյան վեկտորով, որ կարողանա արտոնյալ պայմաններով ֆինանսական հոսքեր ապահովել Հայաստան: Ինչ-որ իմաստով դա այն ժամանակ Հայաստանին հաջողվում էր: Սկսած այս նախագահի կառավարման հենց սկզբից, գոնե տեսանելի մակարդակով նրա քայլերը խիստ հեղհեղուկ էին: Դա ավարտվեց նրանով, որ սկսած 2008-2009-ից՝ նա սկսեց ակտիվորեն սերտ հարաբերվել եվրոպացիների հետ: Նույնիսկ  ինչ-որ իմաստով արդեն հաշվի չէինք նստում ռուսների հետ, որից հետո ռուսներն այնքան կոշտ քայլեր արեցին Հայաստանի նկատմամբ, որի առանցքն այն էր, որ անցյալ տարվա օգոստոսին ՌԴ նախագահը, այցելելով Բաքու, ավելի քան 4 մլրդ դոլարի պայմանագիր կնքեց՝ զենք-զինամթերքի վաճառքի հետ կապված եւ ռազմաարդյունաբերական համալիրի ձեւավորման վերաբերյալ Ադրբեջանում, մոտ 700 մլն դոլարի զինամթերքի պայմանագիր կնքեց՝ վաճառքի մասով: Այդ ամեն ինչը պարզ մեսիջ էր Սերժ Սարգսյանի համար, որ եթե նա  փորձի արհամարհել ռուսական ուղղությունը, ապա  Հայաստանին եւ Ղարաբաղին շատ տխուր օրեր են սպասվում: Ըստ էության, այն խոսքերը, որ Շավարշ Քոչարյանն ասեց, որ ինչքանով, որ բիզնես է ՌԴ-ի համար Ադրբեջանին զենք ծախելը, այնքան էլ Հայաստանի համար է բիզնես եվրոպացիների հետ հարաբերվելու, այդ  «խիզախությունն» ավարտվեց սեպտեմբերի 3-ին, երբ Հայաստանի քաղաքականությունը պաշտոնապես դարձավ միակողմանի»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ Տիգրան Սարգսյանի անունը օֆշորային սկանդալի, կոռուպցիոն գործարքների մեջ է շոշափվում, նրան, ինչքանո՞վ կհաջողվի Հայաստանի վարկանիշը բարձր պահել միջազգային ասպարեզում՝ Երվանդ Բոզոյանը պատասխանեց. «Հայաստանի վարկանիշն արդեն այնքան ցածր է, որ ոչ մեկը չի կարող այն բարձրացնել: Դա արդեն բոլորն են հասկանում: Քանի այս իշխանությունները կան, Հայաստանին արդեն չեն վստահում, որովհետեւ այս մարդիկ հաստատեցին, որ իրենց խոսքը գործ չէ: Հիմա ե՛ւ ռուսները չեն հարգում Հայաստանին, որովհետեւ ստացել են Հայաստանից այն, ինչ արդեն ստացել են, ե՛ւ եվրոպացիները չեն հարգում, որովհետեւ հասկացել են, որ այս իշխանություններն իրենց խաբել են: Հայաստանում թիվ 1 եւ ամենաազդեցիկ գործող անձը նախագահն է, քանի դեռ նա ղեկավարում է, ով էլ որ նշանակվի որեւէ պաշտոնում, նա կունենա պայմանական վստահություն ցանկացած տեղ՝ լինի ՌԴ-ում, թե՛ Արեւմուտքում: Այդ իմաստով Տիգրան Սարգսյանը կլինի օֆշորային սկանդալի հերոս, թե ինչ-որ գեներալ՝ էական տարբերություն չի լինի»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. david says:

    Փուռն է տալու ալրաղացը,
    էն գլխից է դրվել հարցը,
    Գնաց շապիկն իր պատռելու,
    Սերժադիմակ նկարելու:
    Քրեահայ փաթեթ կա մեծ,
    Կարևոր է օվշորի հետ:

  2. ԱՐՄԵՆ says:

    Բարձր արժեհամակարգով օժտված մարդու հասցեին, միջակություններից կարծիք հարցնելը սխալ քայլ է Հռիփսիմե: Տիգրան Սարգսյանը եզակիություն է Հայաստանի համար, ես հասկանում եմ, որ դա դժվար է ձեր համար հասկանալը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30