Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը «Ոսկե ծիրան»-ի շնորհիվ աշխարհում մեծ հեղինակություն է ձեռք բերել». դեսպան

Հունիս 27,2014 20:27

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա մի շարք դեսպանությունների հետ (Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի և Իսրայելի):

«Այս կինոփառատոնը մեծ և կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի տարբեր երկրների համար,- ասում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը:- Վստահաբար կարող ենք ասել, որ Հայաստանն այս փառատոնի շնորհիվ բավականին մեծ հեղինակություն է ձեռք բերել աշխարհում: Եվ մենք շատ ուրախ ենք, որ փառատոնի հենց առաջին տարվանից գերմանացի ռեժիսորները հրավիրվել են մասնակցելու այդ խոշոր իրադարձությանը: Այս տարի ևս նրանք կմասնակցեն՝ ներկայացնելով Էդվարդ Բերգերի «Ջեքը», Ֆեո Ալադագի «Աշխարհների միջև», Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ», Յակոբ Լասի «Սիրո բիֆշտեքսներ» ֆիլմերը»:

ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության առաջին խորհրդական Ռոբերտ Ռոկիցկին ևս նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է արդեն երկար տարիներ մասնակցել «Ոսկե ծիրան»-ին, իսկ Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությունն այս տարի կնշանավորվի մեր ժամանակների ճանաչված ռեժիսորներից մեկի՝ Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» (1980 թ.) ֆիլմի երևանյան պրեմիերայով:

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն էլ ընդգծեց, որ կինոարվեստի շնորհիվ ամուր կապ է ստեղծվել Ֆրանսիայի և Հայաստանի միջև. «Կարծում եմ՝ հարկ չկա ևս մեկ անգամ հիշեցնելու Ռոբերտ Գետիկյանի, Սերժ Ավետիքյանի, Անրի Վեռնոյի մասին»,- ասաց դեսպանը և նշեց, որ Ֆրանսիան միշտ մեծ սիրով է աջակցում նմանատիպ միջոցառումների անցկացմանը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս փառատոնին կմասնակցեն ֆրանսիացի անվանի կինոգործիչներ:

Այս տարվա փառատոնի շրջանակներում նախատեսված են ֆրանսիական արտադրության (կամ համատեղ արտադրության) 17 ֆիլմեր:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վիոլետա Տալանդիսն էլ տեղեկացրեց, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Թուրքիայում գործող «Անադոլու Քյուլթուր» ՀԿ-ի համատեղ ջանքերով 2008 թվականին հիմնադրված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ ծրագիրն այս տարի համաֆինանսավորվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության դրամաշնորհով:

Սա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունն առաջ մղող ընդհանուր հարթակ է և միտում ունի խթանելու հայ և թուրք կինոգործիչների համատեղ ֆիլմարտադրությունը: Այս ընթացքում կինոպլատֆորմն աջակցել է 15 ֆիլմերի ստեղծման:

Իսրայելի դեսպանության հետ փառատոնի համագործակցության շնորհիվ՝ Ավի Վայսբլայի և Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» իսրայելական արտադրության վավերագրական ֆիլմն ու Յոավ Հորնունգի «Դասալիքը» կարճամետրաժը կմասնակցեն 11-րդ «Ոսկե ծիրան»-ին:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30