Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Տիգրան Սարգսյանին ուղարկում ես ԱՄՆ, որ ի՞նչ անես, էլ խայտառակելու բան չունե՞ք». Գուրգեն Եղիազարյանը՝ Ս. Սարգսյանին

Հունիս 27,2014 19:58

Այսօր Aravot.am-ը  ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանից հետաքրքրվեց՝ Տիգրան Սարգսյանին, որի անունը շոշափվում է օֆշորային սկանդալի մեջ, ինչքանո՞վ կհաջողվի բարձրացնել Հայաստանի վարկը միջազգային ասպարեզում:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Հայաստանում շատ պարկեշտ քաղաքացի՝ հանձինս գործարար Փայլակ Հայրապետյանի, որն ամեն անգամ Սերժ Սարգսյանի նկարին նայելիս պետք է մտածի, թե ով է այս մարդը: Փայլակ Հայրապետյանը 100 տոկոսով կորցրել է վերջին 25 տարվա ընթացքում իր եւ իր եղբայրների ունեցած-չունեցածը: Բառիս բուն իմաստով  մարդուն  թալանել է Սերժ Սարգսյանի գտած վարչապետը: Ամենայն հավանականությամբ, ինչպես մենք տեսնում ենք օֆշորային փաստերից, վարչապետ կոչվածն ուղիղ մասնակցություն է ունեցել այդ գործընթացին, հակառակ դեպքում կհերքեին այն 15-20 հազար հայտարարությունները, փաստերը, հարցազրույցները, որտեղ ցույց են տվել գողի տեղը: Մինչեւ այսօր ոչ մի հայտարարություն չի եղել, որ ձայներդ կտրեք: Մասշտաբային, ծավալուն այս ամբողջ հոսանքի դիմաց մեկ բառ իշխանությունները չեն ասել, որ ձեռքներդ հեռու մեր ազնվագույն վարչապետից: Այդ մարդը օֆշորի հերոսը չի, այդ մարդը Կիպրոսի հերոսը չի, այդ մարդը ձեր ասած սրիկան չի եւ սրբազանի հետ թալանչի չի»:

Ըստ Գուրգեն Եղիազարյանի, Տիգրան Սարգսյանը, իր անունը մաքրելու համար, եթե անմեղ էր, պետք է դատի տար Փայլակ Հայրապետյանին եւ ապացուցեր նրա հայտարարությունների հակառակը. «Բայց ծպտուն չկա: Մեր դատախազությունը, որը համահունչ է մեր երկրին, պետք է պարզեր եւ ի լուր աշխարհի հայտարարեր ձեռքներդ հեռու վարչապետ կոչվածից: Թող ասեին՝ նա, ճիշտ է, քանդել է մեր երկրի տնտեսությունը, թղթի դիմաց վաճառել է մեր երկրի ոսկին, աղքատացող երկրի մաման  լացացրել է, բայց այդ մարդն օֆշորի հետ կապ չունի: 4 ամիս առաջ ասեցին, որ բերել են ստորագրություն եւ հիմա փորձագետները պիտի ասեն, թե ում ստորագրությունն է դա: 4 ամիս անցել է: Փորձագիտական եզրակացությունը պետք է առավելագույնը 1 ամիս տեւի: Բայց ոչ մի ծպտուն դրանից չկա: Հակառակ դեպքում այսօր Հ1-ը Հ2-ը, 18 հեռուստաընկերություններ ցույց կտային փորձագետին, կխոսեին նրա մասնագիտական հնարավորությունների մասին եւ կասեին՝ խնդրեմ, մարդուն մեղադրում են մի բանի մեջ, որի հետ ինքը կապ չունի: Բայց եթե դա չեն արել իրենց հեռուստաընկերություններով, թույլ տվեք եզրահանգել, որ ինչ-որ սրիկայի են թաքցնում»:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ դեռեւս մեկ տարի առաջ է առաջարկել, որ այս կողմ, այն կողմ չընկնեն, բանկն ունենում է  24 ժամ մուտքը, տարածքը հսկող, վերահսկող տեսախցիկներ, որոնք մինիմում պահվում են 10 տարի: Կարող էին վերցնել եւ նայել. «5 անգամ գործուղում են գնացել, բա դժվա՞ր էր այդ տեսախցիկի տվյալները վերցնել ու նայել: Տեսախցիկով բերում եւ ասում են, տեսեք, ոչ մեր վարչապետը կա մեջը, ոչ էլ «սուրբը» (նկատի ունի Նավասարդ Կճոյանին,- Հ. Ջ.): Եվ կրքերը հանդարտվում են գոնե այդ մասով:  Փայլակ Հայրապետյանն էլ կմտածի, որ իրեն խաբողը Աշոտ Սուքիասյանն է, որը գաղտագողի, սրիկայաբար փառապանծ վարչապետի եւ սրբի արանքից սողոսկելով՝ գողացավ իր 32 մլն դոլարը: Հիմա էլ գլուխկոտրուկ են սարքել, թե ինչ ցուցմունք գրել տան Աշոտ Սուքիասյանին, որպեսզի համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարներին ձեռք տված չլինեն: Եթե փորձեն խոսացնել նախաքննությանը՝ անմիջապես կասեն, որ դա նախաքննական գաղտնիք է: Իսկ ներողություն, 32 մլն դոլարով անցնող մարդուն, որին դեռ չեք ասել, որ մեղավոր չի, գաղտնիք չի՞, որ ուղարկում եք դեսպան, էլ խայտառակելու բան չունե՞ք: Ավազակի պիտակով նրան ուղարկում են Միացյալ Նահանգներ: Հիմա Սերժ Սարգսյանի բառերով ասեմ՝ ուղարկում ես, որ ի՞նչ անես, ոչ տնտեսագետ է, ոչ էլ առավել եւս կապ ունի դիվանագիտության հետ:  Միշտ այդպես է լինում՝ երբ որ դու չես ընտրում քո երկրի ղեկավարին, այդ ղեկավարն էլ թքած ունի համաժողովրդական կարծիքի վրա: Քանզի ժողովրդի կողմից ընտրված նախագահն է պատասխանատու այս ժողովրդի առջեւ, ոչ թե նա, որը սեփական գյուղում հավաքել է 104 տոկոս, ոչ էլ նա, ով իր գյուղում հավաքել է 21 տոկոս՝ ի լուր ժողովրդավար Եվրոպայի եւ ժողովրդավարության օրրան Միացյալ նահանգների: Մարդիկ գիտեմ, օրինակ, Կորեայի բռնապետ Կիմ Չեն Իրը, որը հավաքել էր ընդամենը 99.7 տոկոս: Բայց մենք նախագահ ունենք՝ աշխարհը չունի: Քանի Սերժ Սարգսյանը նախագահ է, ես այնպես հասկացա, որ Փայլակ Հայրապետյանն այդ գումարները հետ չի ստանալու: Հիմա ինչ է կատարվում՝ հերթական թքելն է հասարակության վրա: Ի վերջո` մենք գործ ունենք այսպես կոչված ապահով Հայաստանի հետ: Փայլակ Հայրապետյանի գումարները, Որոտանը, մեր տնտեսությունը, 50 տոկոսի եզրագիծն անցած աղքատները, քանդված երկիրը մտնում են այդ ապահով Հայաստանի ուղիղ տրամաբանության մեջ: Ապահով Հայաստանը կատեգորիկ պետք է ամեն տեղ գրված լինի՝ հատկապես սրտի դեղորայքի վրա, սննդամթերքի ցանկացած պիտակի վրա պետք է լինի: Բայց այդ պիտակները չի կարելի ցուցադրել ազգաբնակչության 90 տոկոսին, հատկապես՝ Փայլակ Հայրապետյանին, որովհետեւ մարդիկ կարող են ալերգիկ շոկից վախճանվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Միայն փալանավորը կմտածի որ տիկոն ու սերժոն անմեղ են ու կապ չունեն օվշորի հետ:Կան բաներ, որ խոսքերով չէ, ,,ապացույցներով,, չէ:Քրեաորձերը նոր հեքիաթ են պատմելու, սերժա-տիկոյա-հրեշտակաթևերի մասին, բայց ո*վ է հիմա հեքիաթ կարդում: Վամպիրիզմի նոհիկաններ են կամ անապատի ինքնակալներ, կարճատես խաբեբաներ:Սերժոն իր փրկությունն էլ է դեսպանության մեջ փնտրում, բայց …Ոչ:Դեռ ականջ արեք, բութիզմն է ճռռռում:

  2. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Այսն,ինչ որ մենք զօր ու գիշեր ասում ենք` էդ վերին աթոռը գողացած անձն էլ գիտի և իր քայլերն էլ հենց նույն քրեածին հոգեբանությամբ ու մոլուցքով էլ արվում են…
    Պարզապես նա էլ է տեսնում, որ իր հրաժարականը համառորեն չեն պահանջում…
    Հո ինքնակամ չի հեռանալու…
    Նրա գոյության ամեն մի օրը աղետ է երկրի համար, նստել և սպասել այդ օրվան, ստրուկը նույնիսկ չէր անի…!!!

  3. մարգար says:

    մարդ ուղղակի ապուշ է կտրում ու հարմար խոսք չի գտնում սրանց արածների մասին ասելու, բայց մի թույլ ենթադրություն է առաջանում: Երեւի տիկոն ինքն է խնդրել որ ծովի այն կողմն ուղարկեն, բնազդորեն ձգտելով փրկել կաշին:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30