Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց սահմանամերձ Այգեպարում

Հունիս 27,2014 19:22

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց  Տավուշի եւ Արագածոտնի մարզեր:

Տավուշի մարզում փոխվարչապետը նախ  ծանոթացավ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, պատասխանատուների հետ քննարկեց շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր:

Փոխվարչապետն այնուհետեւ մեկնեց սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համայնքի մանկապարտեզում եւ դպրոցում, ծանոթացավ շենքային պայմաններին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով  արդեն մեկնարկել են  դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք  նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:

Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ:  Այնուհետեւ Ա.Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի,  Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի,  Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին  ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց, որ  սահմանամերձ համայնքները  գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում:

Այնուհետեւ փոխվարչապետը մեկնեց  մարզի Խաչարձան համայնք, որտեղ ներկա գտնվեց նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Նորակառույց շենքը, բացի բժշկական եւ տնտեսական սենյակներից,  ներառում է  նաեւ բազմաֆունկցիոնալ սրահ: Այն  կառուցվել է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝  արգենտինահայ բարերարներ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ:  Ա. Գեւորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ համայնքային նոր կառույցի  շահագործման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններին՝  համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական գնահատեց «Հայաստան» հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը:

Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնեց Արագածոտն: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը, վերջին օրերին կարկտահարության հետեւանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվեցին գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր: Մարզպետը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելել են համայնքներ, ծանոթացել իրավիճակին, տեղերում քննարկել կառավարությանն ուղղված առաջարկությունները: Փոխվարչապետը նշեց, որ հարցը կքննարկվի կառավարությունում եւ ընդունված որոշումների մասին  կտեղեկացվի բնակչությանը:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30