Այսօր` հունիսի 27-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդիսավորությամբ բացեց Տավուշի մարզի Խաչարձան գյուղի նորակառույց բուժկետն ու բազմաֆունկցիոնալ սրահը: Մոտ 60 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը կյանքի է կոչվել արգենտինահայ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին ծրագրի հովանավորներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններն ու արգենտինահայ այլ բարերարներ, գլխավորում էր գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Նորակառույցում կգործի երկու բուժսենյակ, բուֆետ, տնտեսական սենյակներ եւ դահլիճ` նախատեսված 40 հոգու համար: Կառույցը կահավորվել է, ինչպես նաեւ համալրվել բժշկական եւ խոհանոցային տեխնիկայով: Բուժկետում կըդունվեն անհետաձգելի ծնունդներ, երեխաները եւ մեծահասակները կանցնեն առաջնային հետազոտություն, իսկ շաքարային դիաբետով հիվանդներն ամիսը երեք անգամ կանցնեն զննում եւ կապահովվեն անվճար դեղորայքով: Բուժկետը կսպասարկի նաեւ հարեւան Աղավնավանք գյուղի բնակիչներին:
Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանը համայնքի կողմից Տեր եւ Տիկին Կալչիյաններին հանձնեց Խաչարձանի «Պատվավոր քաղաքացու» կոչման վկայագիր եւ ուրախությամբ նկատեց, որ մինչ վերջերս որպես բուժկետ ծառայող խարխուլ շինությունն այսօր արդեն պատմություն է:
Կարդացեք նաև
«1000-ավոր կիլոմետրեր ենք կտրել այստեղ հասելու համար, սակայն դա ոչինչ է այն սիրո համեմատ, որ մենք ունենք մեր հայրենիքի ու հայրենակիցների հանդեպ: Մենք որոշեցինք ստանձնել նաեւ գյուղի դպրոցի վերակառուցման ծրագիրը»,- հուզմունքով ասաց Արտո Կալչիյանը: Բարերար ամուսինների կողմից դպրոցի 12 դասարանների 65 աշակերտի նվիրաբերվեցին գրենական պիտույքներ, դպրոցական պայուսակներ եւ այլ պարագաներ:
Բուժկետի եւ բազմաֆունկցիոնալ սրահի կառուցումը Կալչիյանների հովանավորած երկրորդ ծրագիրն է Տավուշի մարզում: անցյալ տարի Դիտավան գյուղում հինգ ջերմոցային տնտեսություն է հիմնվել այս ընտանիքի միջոցներով:
«Այսօր, հանձինս մեր Արգենտինահայ բարերարների, ձեր գյուղն ավելացավ եւս 2 բնակչով: Առողջ եղեք, եւ վայելեք այս գեղեցիկ կառույցը»,- բացման խոսքում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն ու բարերար ամուսիններին հանձնեց «Ազգի նվիրյալ» մեդալներ:
Շուրջ 480 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղը գտնվում է Գետիկ գետի ափին: Բնակիչների մի մասը Ադրբեջանից գաղթածներ են: Գյուղի պատմական կոթողներից են «Խաչի տափ» մատուռը եւ մ.թ.ա. 2-րդ-ից 1-ին հազարամյակների դամբարանադաշտը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամ