Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Ալիեւը ԵԽԽՎ-ում պատգամավորների կողմից ծաղրանքի է ենթարկվել»

Հունիս 27,2014 16:08

Ըստ Հրանտ Մելիք-Շահնազարյանի՝ Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումը չի կարող հետաձգվել անհասկանալի պատճառներով եւ երկարատեւ ժամկետով

«Իրավիճակը, կարծես թե, կարգավորվել է, եւ այդ լարվածությունը, որը պայմանավորված էր արտաքին գործոններով, կարծես թե պակասել է»,- այսօր՝ հունիսի 27-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերին, հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա համարում է, որ դա ուրախալի լուր է Հայաստանի համար, բայց ոչ Ադրբեջանի, քանի որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսնում է, որ նոր տարածքներ գրավելու հնարավորությունը բաց է թողնում: Քաղաքագետի խոսքերով՝ հենց դա է պատճառը, որ սահմանում ականատես ենք լինում հայկական կողմից զոհերի. «Ալիեւը, եթե համոզվի, իսկ կարծես թե, նա արդեն համոզվում է, որ արտաքին ճնշման արդյունքում կոնֆլիկտի հնարավորությունը վերջնականապես կորել է, նա փորձելու է հնարավորինս լարված պահել իրավիճակը, եւ խաղաղությունը վաճառել միջազգային հանրությանը: Այսինքն՝ սպառնալիքներ իրականացնելով՝ ստեղծել է մի այնպիսի իրավիճակ, երբ նույն միջնորդները ստիպված կլինեն համոզել Ալիեւին, որ ստեղծված ստատուս քվոն դեռեւս պահպանվի, որովհետեւ, ըստ էության, թե՛ Ռուսաստանին, թե՛  Միացյալ Նահանգներին եւ թե՛ Եվրոպային մեր տարածաշրջանում կարեւոր է խաղաղությունը եւ կանխատեսելիությունը»:

Անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանին՝ պարոն Մելիք-Շահնազարյանը ակնհայտ համարեց, որ Ալիեւը ԵԽԽՎ-ում պատգամավորների կողմից ծաղրանքի է ենթարկվել: Նա նկատեց, որ առաջին անգամ է, որ Ադրբեջանի նախագահը նման հարթակից բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տարածքային պահանջներ ներկայացնելու իրենց քաղաքականության մասին, որին պետք էր ադեկվատ պատասխան լիներ, սակայն դա ուշանում է. «Այն քննադատությունը, որը հնչեց ԵԽԽՎ-ում, ընդամենը տհաճ անակնկալ կարող է լինել Ադրբեջանի համար, եւ, դատելով նախկին փորձից, որեւէ հետեւանք այդ պետության համար չի լինելու: Այլ հարց է, որ հարցի բարձրաձայնումը ինչ-որ չափով ոգեւորում է Ադրբեջանի ներսում իշխանության դեմ պայքարող ակտիվիստներին, եւ նրանք հույս ունեն ստեղծել լրացուցիչ ճնշման գործոն Ալիեւի իշխանության վրա»:

Aravot.am-ի հարցին, թե Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիրը կստորագրի՞ հուլիսի 1-ին, նա պատասխանեց, որ եթե հետաձգվի՝ ապա միայն տեխնիկական պատճառներով, եւ չի կարող հետաձգվել անհասկանալի պատճառներով եւ երկարատեւ ժամկետով. «Կարեւորն այն է, որ քաղաքական եւ տնտեսական խոչընդոտներ, ըստ էության, այլեւս չկան: Բոլոր հարցերը, որ առկա էին առաջին հերթին Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, հետո Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերություններում, կարծես թե, լուծված են, համենայն դեպս նախագահի հարցազրույցներից, այլ երկրների ղեկավարների խոսքից դա է բխում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30