Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի լիարժեք անդամակցման մասին վերջին օրերին շատ է խոսվում: Հատկապես այն համատեքստում, որ Ռուսաստանն այլեւս շահագրգռված չէ Հայաստանի անդամակցությամբ և փորձում է այնպես անել, որ անդամակցման ձգձգման պատճառները սկսեն փնտրել հայաստանյան կողմում: Հատկանշականն այն է, որ անդամակցության ժամկետները գնալով երկարաձգվում են: Սկզբում` ժամկետը հունիսի 15-ն էր, հետո դարձավ հուլիսի 1, հետո հուլիսի 3 և այսպես շարունակ:
Հունիսի 26-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, չժխտեց, որ գործընթացը ձգձգվում է: Նա հայտարարեց, թե շատ բան պարզ կդառնա հուլիսի 3-ի հանդիպումից հետո և ասաց, որ անդամակցության ժամկետների առումով կարող են լինել փոփոխություններ: Հովիկ Աբրահամյանն ամփոփել էր. «Լավ է ուշ, քան՝ երբեք»:
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը չհամաձայնեց այն կարծիքներին, թե Ռուսաստանը շահագրգռված չէ ՀՀ-ի անդամակցմամբ ու ասաց. «Ռուսաստանի ղեկավարները միշտ զարմացած և տպավորված են եղել Եվրասիական տնտեսական միությանը միանալու` ՀՀ-ի գործադրած ջանքերին և տեմպերին: Որևէ քաղաքական կամ տնտեսական կանխարգելող հարց, խանգարող գործոններ այս փուլում չեմ տեսնում: Բոլոր տարաձայնությունները, որոնք առկա են հայ-ռուսական և այլ պետությունների հետ հարաբերություններում, արդեն լուծված են: Չեմ կարծում, որ ձգձգվելը անորոշ ժամանակով է: Ընդամենը մի քանի օրվա տարբերություն կարող է լինել կամ չլինել: Լուրջ ազդեցության կամ իրավիճակային փոփոխության դա բերել չի կարող: Խոսքը տեխնիկական խնդիրների մասին է, եթե անգամ ձգձգվի, դա լինելու է օրերի, ոչ թե անորոշ ժամկետների հարց: Ավելի քան համոզված եմ, որ հուլիսի առաջին կեսին դա տեղի է ունենալու: Պարզապես պետք չէ օրերի ու ժամկետների հարց դիտարկել, հատկապես, երբ խոսքը բազմակողմանի աշխատանք պահանջող փաստաթղթին է վերաբերում, դրա վրա մեկ անձ չի աշխատում»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի համար ավելի առաջնային է այն հարցը, թե հունվարի 1-ից արդյոք կսկսի՞ գործել Եվրասիական տնտեսական միությունը, թե` ոչ, քանի որ այդ միության ներսում ներքին խնդիրներն ավելի շատ են, քան խնդիրները Հայաստանի հետ հարաբերություններում:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ