Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վագներ Երևանո՞ւմ՝ այո՛

Հունիս 27,2014 14:52
dirijor

Երբ աֆիշում տեսնում ես Զավեն Վարդանյանի անունը, գիտես, որ առնվազն հետաքրքիր համերգ է սպասվում։ Պե՞տք է, արդյոք, հիշեցնել, թե Բախի, Մոցարտի կամ Շուբերտի ո՞ր գործերն են հնչել Երևանում շնորհիվ այս երաժշտի, ով իր ձեռքերի շարժումներով ասես գուրգուրում է ջութակների, բասերի կամ հոբոյի հնչյունները կամ թափ հաղորդում դրանց։ Այս դիրիժորի արվեստը հեռու է այն բանից, ինչի համար մի շարք եվրոպական լեզուներում, այդ թվում և ռուսերենում, օգտագործում են «ռուտին(ա)» բառը, դա այն է, երբ նախապես գիտես, թե ինչ է լինելու և ինչպես։ Այդ ռուտինի պատճառով է, որ համերգասրահում հնչում է գերազանցապես նույն դասական երաժշտությունը և նույն ոճով կատարված։ Բացի այն բանից, որ նույն բաները հաճախ լսելը (կարծում եմ, նաև կատարելը) այնքան էլ հետաքրքիր չէ, այստեղ բացակայում է նաև լուսավորչական պահը, որը, կարծում եմ, պարտադիր բաղադրիչը պետք է լինի լավ համերգի։ Ենթադրում եմ, որ համերգներ հաճախող ընթերցողի համար այս ամենը նորություն չէ։ Իսկ նորություն էր այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունիսի 20-ին ֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում։ Թերևս տարօրինակ է նորություն կոչել Ռիխարդ Վագների ստեղծագործության կատարումը, բայց այդ գրանդիոզ երաժշտությունը վաղուց ի վեր հազվադեպ հյուր է Երևանում, իսկ վերջին (քանի՞) տարիներին հանճարեղ երգահանի անունն ընդհանրապես տեղ չի գտնում համերգային (էլ չխոսենք օպերայի մասին) երկացանկերում։ Ի դեպ, մեծ դիրիժոր Վիլհելմ Ֆուրթվենգլերի կարծիքով, Վագները դիմում է յուրաքանչյուր դասի ու կրթական շերտի մարդկանց: Եվ, հավանաբար, ոչ միայն գերմանացիներին կամ, ասենք, անգլիացիներին։

Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ մեր Ֆիլհարմոնիկը մեներգիչների հետ միասին կատարեց հատվածներ «Նիբելունգի մատանին»
քառապատումից։ Զարմանալին նվագախմբի նոր հնչեղությունն էր. նրան բախտ էր վիճակվել նվագել հատվածներ «Հռենոսի ոսկին», «Վալկիրիան» ու «Աստվածների մթնշաղը» օպերաներից, ընդ որում՝ ոչ միայն հռչակավոր «Վալկիրիաների թռիչքը» ու «Սգո քայլերգը»։ Ուրախացրին փողայինները, որոնք, կարծես թե, մեր նվագախմբերի «աքիլլեսյան գարշապարն» են։ Իսկ մեներգիչները երգում էին մեղեդիներ, որոնք ըստ նրանց արարչի՝ պետք է հնչեն «իտալական վոկալիզի նման»։ Սա, երևի, շատ դժվար է, հատկապես նրանց համար, ովքեր «մասնագիտացել» են Վագներ երգելու մեջ։ Համերգում երգում էին երիտասարդ կանայք ու տղամարդիկ, որոնք չեն հասցրել մասնագիտանալ այս իմաստով, և պարզապես փորձում էին գեղեցիկ ու արտահայտիչ երգել անսամբլներ, արիաներ ու տեսարաններ, ինչը և հիմնականում նրանց հաջողվեց։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ երգած տեքստը հնչեր ավելի կոռեկտ, բայց ինձ համար, որ տարիներ շարունակ գերմաներեն եմ դասավանդել, պարզ է, թե որքան շատ աշխատանք ու փորձեր է դա նշանակում։ (Փակագծերում հիշեցնեմ, որ հիասքանչ երգչուհի Էլիզաբեթ Շվարցկոպֆն այդպես էլ առիթ չունեցավ երգելու իր երազած Դեզդեմոնային Վերդիի «Օթելլո» օպերայում միայն այն պատճառով, որ թատրոնները նրան չէին տալիս երեք շաբաթ փորձերի համար։) Չէի ուզենա անուններ տալ, քանի որ կարևորն, ըստ իս, ամբողջական պատկերացումն ու տպավորությունն էր, որի համար գլխավոր «մեղավորն» իհարկե մաեստրո Զավեն Վարդանյանն էր, ով մեզ (ափսո՜ս, որ ավելի շատ չէինք, թեև պակաս կարևոր չէ, որ հավաքվածներին կատարվող երաժշտությունն իրոք հետաքրքիր էր) նվիրեց մի հրաշալի երեկո, հիշեցնելով մեզ, որ այդ հանճարեղ երաժշտությունն ստեղծվել է նաև մեզ համար։ Ես խոսեցի որպես երաժշտասեր, իսկ կատարման մասնագիտական վերլուծության համար, հուսով եմ, գրչին (իմա՝ համակարգչին) կդիմեն երաժշտագետները։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ
գերմաներենի թարգմանիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ինչ՜ լավ կլիներ, որ Եղիազարյանն ու Էդգար Հովհաննիսյանն էլ ,,Երևանում՝ այո՛,, լինեին…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30