ՀՀ արդարադատության նախարարի խոսքերով, քանի որ դատական համակարգն առնչվում է քաղաքացիների հետ, ապա միշտ էլ բողոքողներ կլինեն
«Վարչապետի ասածը դուք չեք ընկալել ամբողջության մեջ եւ այն կոնտեքստում, որում ասված է»,- այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրուցում այսպես արձագանքեց, անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ կառավարության նիստի ժամանակ կատարած հայտարարությանը, երբ ասել էր, որ հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհություններն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձեւերով, եւ արդարադատության նախարարին եւ ոստիկանապետին հանձնարարել էր նախաձեռնություն մշակել:
Այսօր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացմանն ուղղված եւ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, նախախարն ասաց, որ այդ հայտարարությունը ուղղված չէր քաղաքացիական հասարակության, հասարակական միավորների անդամների իրավունքների սահմանափակմանը. «Այն ուղղված էր նրան, թե ինչպես քաղաքացիները պետք է ռեալիզացնեն իրենց սահմանադրական իրավունքները»: Հովհ. Մանուկյանի խոսքերով, որեւէ մեկը չի կարող հնարել այնպիսի օրենքներ, որոնք կսահմանափակեն այդ իրավունքները: «Խոսքը վերաբերում է հանրաճանաչ այն ազատություններին, հանրահավաքների, երթերի ազատության այնպիսի օրենսդրական կարգավորումներին, որոնք չխախտեն հանրության այլ ներկայացուցիչների իրավունքները եւ ազատությունները: Դեմ արտահայտվելու մեխանիզմները պետք է այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ չխոչընդոտեն պետության կողմից իրականացվող քայլերին»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նախարարը, այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Վրաստանում Յուրի Վարդանյանի դեսպան նշանակվելուն, ասաց, որ միայն հաջողություններ է մաղթում Յուրի Վարդանյանին: Կարծում է, որ այն մոտեցումը, թե մարզիկը չի կարող լինել դեսպան, սխալ է:
Հովհաննես Մանուկյանի կարծիքով՝ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում վերանայման կարիք ունի. «Մենք այդ ուղղությամբ աշխատանքները կսկսենք շուտով»: Նախարարը իր մոտեցումը հայտնեց դատական համակարգի վերաբերյալ, ասելով, որ համակարգում խնդիրները իսկապես շատ են. «Դատական համակարգում շատ արագ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Այն պետք է բարեփոխել հանգիստ, այն պահպանողական համակարգ է»:
Նախարարի խոսքերով՝ քանի որ ինքը տասը տարի աշխատել է դատական համակարգում, հիմա, համակարգից դուրս լինելով, ավելի ազատ կարող է կարծիք հայտնել. «Դատական համակարգն այնքան վատը չէ, որքան նրա իմիջը: Բուն համակարգը աշխատելու խնդիր ունի, որովհետեւ կան հարցադրումներ, որոնք օբյեկտիվ են, կախված չեն դատավորից, դատական համակարգի գործունեությունից»: Նրա կարծիքով՝ քանի որ դատական համակարգն առնչվում է քաղաքացիների հետ, ապա միշտ էլ բողոքողներ կլինեն:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ