Սպասում են փորձագետների ժամանմանը
Տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Բերդ քաղաքից Մեհրաբի զորամաս մեկնող զինվորական «ՈՒԱԶ» ավտոմեքենան Արծվաբերդ գյուղի տարածքում վթարի է ենթարկվել, հրդեհ է բռնկվել:
Արծվաբերդի գյուղապետ Վալոդյա Ուզունյանը հայտնեց, որ զինվորական մեքենան երեւի անսարք է եղել, այն հայտնվել է ճանապարհից ցած գտնվող արծաբերդցի Ժորա Երիցյանի առանձնատանը, տան 2-րդ հարկը եւ տանիքն ամբողջությամբ այրվել են: Զոհվել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արեւիկ Բաբասյանը: Նա Արծվաբերդ գյուղի բնակչուհի էր, չամուսնացած: Նա մենակ էր բնակվում, հարազատները Երեւանում եւ Ռուսաստանում են ապրում: Գյուղապետն ասաց, որ բուժակը հավանաբար ոչ թե հրդեհից, այլ դրան նախորդած վթարից է զոհվել: Ա. Բաբասյանի ամբողջությամբ վառված մարմինն դեռ գտնվում է այրված մեքենայի մեջ: Վ. Ուզունյանը հայտնեց, որ սպասում են Իջեւանից փորձագետների ժամանմանը, փորձագետները պետք է պարզեն վթարի պատճառները: Տեղեկացրել ենք, որ այրվածքներով Բերդի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել 2 հոգի՝ մեքենայի վարորդ, ժամկետային զինծառայող Ալիկ Հարությունյանը եւ այդ զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ