Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանն ու Կարո Եղնուկյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղեկացրին, որ հիմնադրամն առաջիկայում սկսելու է բարոյական, իրավական աջակցություն ցուցաբերել Հայաստանում քաղբանտարկյալներին: Նաեւ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի նրանց ընտանիքներին:
Հիմնադրամի հիմնադիր անդամներն են նաեւ Էմիլ Աբրահամյանը եւ Հրանուշ Խառատյանը: Հիմնադրամը ստեղծվել է Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո եւ գործունեություն սկսել է ծավալել Շանթ Հարությունյանի դեպքերից սկսած: Լրագրողների բոլոր հարցերն այն մասին, թե ինչպե՞ս եւ որտեղի՞ց են գոյանում հիմնադրամի միջոցները, շրջանցվեցին: Տիգրան Խզմալյանն ասաց, որ նվիրատվության «գենոմն» իրենք չեն ստուգում, ու իրենց աշխատանքը չունի որեւէ քաղաքական ուղղվածություն: Եթե վաղը որեւէ ՀՀԿ-ական, դաշնակցական, անարխիստ կամ ոստիկան հայտնվեն հալածյալի դերում, իրենք նրանց կողքին էլ են կանգնելու: Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ չի կարող նվիրատուների անունները բարձրաձայնել. «Հայեր են, հայկական միջավայրից, ոչ օտար ազգի ներկայացուցիչներ կամ կազմակերպություններ: Գրանտային չեն ձեր ընկալմամբ»:
Բանախոսներն ասացին, որ իրենց շահառուներն այնքան են շատացել, որ իրենց մարդկային, նյութական ռեսուրսներն արդեն չեն բավականացնում: Իբրեւ օրինակ բերեցին՝ էլեկտրաէներգիայի թանկացման վերջին ցույցին երկու փաստաբան են տրամադրել, բայց նրանք 17 բերման ենթարկվածներին ամբողջապես չեն հասցրել հանդիպել: Բանախոսները մանրամասորեն ներկայացրին իրենց ութամսյա գործունեության արդյունքները: Նաեւ հավելեցին, որ իրենք աշխատավարձ չեն ստանում, գործում են կամավորության սկզբունքով, իսկ հիմնադրամն էլ հիմնվել է Կարո Եղնուկյանի անձնական ֆինանսական միջոցներով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ