Լրահոս
Օրվա լրահոսը

 Արման Նավասարդյանը Ստրասբուրգում հայաստանյան ընդդիմության «նորահարսի» կեցվածքի մասին

Հունիս 27,2014 12:57

 «Ով չի կարողանում աշխատել, նրան պետք է ազատել, թե չէ ի՞նչ է, գնում են, ձախողում են, իմաստունի տեղ են դնում իրենց ու գալիս»:

«Ալիևը վիրավորում է մեր ամբողջ ժողովրդին, այստեղ պարտիզանի նման լռելը ես սխալ եմ համարում»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում զարգացող իրադարձությունների մասին, ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը (լուսանկարում՝ձախից): Խոսքը, մասնավորաբար, վերաբերվում էր Ադրբեջանի նախագահի ելույթից հետո ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության լռությանը: Նավասարդանի խոսքով՝ չպիտի մոռանալ, որ դա խորհրդրանական դիվանագիտություն իրականացնելու հարթակ է, եւ ԵԽԽՎ-ում ներկայացվող պատվիրակությունը պետք է օժտված լինի դիվանագիտական գործունեությամբ ու նպաստի ՀՀ-ի դիվանագիտական ուղուն. «Պատիվ չէ այդպես նստել ու ականջները կախել»:

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Լևոն Շիրինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը մեր դեմ վարում է տոտալ պատերազմ՝ կրակում է սահմանամերձ գոտում, մշակույթի ոլորտում, մեր հայրենիքի հողերն է նվաճում. «Մեր պատասխանը պետք է լինի տոտալ հակահարձակում՝ սահմանամերձ գոտում նույնիսկ դիպուկահարի զենքով ոչնչացնելուց սկսած մինչեւ բոլոր տեղերում ելույթներով»: Քաղաքագետը կարծում է, որ հայկական պատվիրակությունը պատասխան չի ունեցել տալու, ու նման իրավիճակներից խուսափելու համար պետք է, որ պատվիրակության անդամները լինեն կիրթ, դաստիարակված ու ներքին ինտրիգներից հեռու մարդիկ: Լրագրողներից մեկի հարցին` միգուցե Հայաստանի ղեկավարությո՞ւնն էր հրահանգել լռել, Շիրինյանն արձագանքեց. «Եթե հրահանգ կար, թող խախտեին հրահանգը, թող խախտեր, թող այստեղ հեռացնեին իրենց: Անցյալ անգամ Զարուհին ասեց չէ՞, դե ուրեմն Զարուհուն հետ կանչեք»:

Լրագրողների մեկ այլ դիտարկմանը, որ հայաստանյան պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր պատգամավորներ, Արման Նավասարդյանը պատասխանեց. «Երբ պետք է քննադատել այստեղ Հայաստանում նույն ղեկավարությանը, անում են, բայց գնալ Ստրասբուրգ հասնել հարկատուների հաշվին ու նորահարսի նման նստել ու ոչինչ չասել, ես ճիշտ չեմ համարում»: Լեւոն Շիրինյանն էլ կարծիք հայտնեց, որ պետք է պատիժների մեխանիզմ ստեղծել. «Ով չի կարողանում աշխատել, նրան պետք է ազատել, թե չէ ի՞նչ է, գնում են, ձախողում են, իմաստունի տեղ են դնում իրենց ու գալիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30