Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ

Հունիս 27,2014 12:44

2014 թվականի հունիսի 12-ին և 18-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացրել է 2 հրատապ հաշվետվություն:

Առաջին հաշվետվությունը վերաբերում էր «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Ա.Ն.-ի առողջական վիճակին, ինչի առնչությամբ Դիտորդների խումբը բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզել է, որ Ա.Ն 2014թ. մարտի 15-ին ՀՀ ԱՆ Բ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ենթարկվել է վիրահատության՝ «աջ կրծքագեղձի արմատական հեռացում ըստ Madden», որից հետո 2014թ. ապրիլի 1-ին դուրս է գրվել հետևյալ ախտորոշմամբ՝ «C-r mammae dextrae p T3N2M0 3a փուլ, խառը բջջային տարբերակ, վիճակ կոմբինացված բուժումից հետո»:Համաձայն ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ով հաստատված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 6-րդ կետի` ըստ միջազգային TNM դասակարգման 3-րդ աստիճանի չարորակ նորագոյացությունները (անկախ տեղակայումից) հանդիսանում են պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն:

Երկրորդ հրատապ հաշվետվությունը վերաբերում էր նրան, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության արդյունքների հիման վրա ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը դեռևս 2014թ. մայիսի 7-ին հրատապ հաշվետվություն էր ներկայացրել նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Հ.-ի անվտանգությունը, քրեակատարողական հիմնարկում նրա նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունն իսպառ բացառելու վերաբերյալ: Մինչ օրս Խումբը չի ստացել որևէ պատասխան հրատապ հաշվետվության վերաբերյալ, մինչդեռ այն պետք է ներկայացվեր եռօրյա ժամկետում: Խումբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ շարունակվում են դատապարտյալ Ա.Հ.-ի իրավունքների խախտումները:
Մեկ անգամ ևս ընդգծելով Հայաստանի Հանրապետության պատասխանատվությունը իր իրավազորության տակ գտնվող ազատազրկված անձանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և առողջության պահպանությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքը և նման դեպքերի արդյունավետ քննության պետության պարտականությունը, խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել դատապարտյալ Ա.Հ.-ի անվտանգությունը, տեղի ունեցած ոտնձգությունների դեպքերի ամբողջական քննությունն ապահովելու, նրա նկատմամբ նման վերաբերմունքի պատճառները պարզելու և հետագայում նման դեպքերի կրկնման հնարավորությունը իսպառ բացառելու ուղղությամբ:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբն իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության դրսևորած վերաբերմունքի կապակցությամբ,քանի որ վերոգրյալ հաշվետվություններով բարձրացվել էին հրատապ արձագանքման և լուծման ենթակա խնդիրներ, և արդարադատության նախարարության՝ որպես իրավասու մարմնի նման գործելաոճը գնահատվում է որպես անգործություն և անտարբերություն:
Նման գործելակերպի շարունակման դեպքում Դիտորդների խումբն իր գործունեության նպատակների իրականացումը կապահովի օրենքով չարգելված բոլոր միջոցներով:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30