Արտագրող ու սարքերն իբրեւ «ծածկագիր» օգտագործած վեց դիմորդ է հեռացվել քննությունից:
Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ամփոփեց ընդունելության քննությունների 1-ին փուլը: Պարոն Մելիքյանը նշեց, որ քննությունների 1-ին փուլի նախնական արդյունքները դեռեւս վերլուծման փուլում են, նաեւ հավելեց, որ արդեն մեկնարկել են բանավոր քննությունները:
ԳԹԿ տնօրենի բերած տվյալներով՝ այս տարի բուհեր ընդունվելու հայտ է ներկայացրել 12346 դիմորդ, որից 4000-ը Երեւանից է, մնացածը՝ մարզերից: Ամենաշատ դիմորդները՝ 6838 հոգի, հանձնել են հայերենի քննություն, այուհետեւ ՝ մաթեմատիկա, հայոց պատմություն, անգլերեն: «Մեկ դիմորդ ենք ունեցել պարսկերենից, որը «կտրվել» է: 1120 դիմորդ «հարգելի բացակայություն» ունի, նրանց կթույլատրեն մասնակցել երկրոդ փուլին: Քննասենյակում վատ զգալու եւ քննությունն ընդհատելու խնդրանքով դիմել է 48 դիմորդ, նրանք եւս կմասնակցեն երկրորդ փուլին: Քննությունից հեռացվել է 6 դիմորդ, որից չորսը խնդրանքով դիմել է քննությանը կրկին մասնակցելու համար: Նրանք քննության ժամանակ փորձել էին օգտվել հեռախոսից: Բողոքները վերաբերում են հիմնականում թեստերը վատ լրացրած լինելուն, դրանք մեծ մասամբ խնդրանքներ են՝ քննություններին նորից մասնակցելու մասին»,-նշեց Մելիքյանը:
«Հնարամիտ» մի քանի դիմորդների մասին էլ պատմեց. «Մի ամբողջ ռադիոկայան ենք հայտնաբերել մի տղայի մոտ՝ սնուցման մարտկոցներով, միկրոֆոններով, ընդունիչով եւ ամեն ինչով…Դիմորդ ենք ունեցել, որի մոտից երեք հեռախոս ենք վերցրել՝ պատասխանները մեջը ծածկագրված»: ԳԹԿ տնօրենի ասելով՝ ընդհանուր առմամբ, հիմնական առարկաների գծով կտրվածների պատկերը գրեթե նույնն է՝ անցյալ տարվա համեմատությամբ: Բարձր միավորներ ստացածները նույնպես չեն փոխվել, նրա ասելով, միայն օտար լեզուների պարագայում են մի փոքր իջել գնահատականները:
Կարդացեք նաև
ԳԹԿ տնօրենը գոհ է նաեւ մամուլի հրապարակումներից, ասաց, որ օբյեկտիվ է լուսաբանվել: ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն էլ նշեց, որ հունիսի 25-ից հուլիսի 8-ը ընթանում են բանավոր, ներբուհական քննությունները: Հուլիսի 3-7-ը մարզերի բուհերում նույնպես կանցկացվեն բանավոր քննություններ:
Քննությունների երկրորդ փուլի մանրամասների մասին Գագիկ Մելիքյանի եւ Արա Իսպիրյանը մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ