Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԻԿԻՆ ՄԱՐՈՆ

Հունիս 27,2014 10:20

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ

Գլուխ հինգերորդ

ՏԻԿԻՆ ՄԱՐՈՆ

Եվ երբ մի անգամ տիկին Մարոն ինձ ու կնոջս նկատի ունենալով՝ Ժաննային ասաց՝ «Արմենն ու Մարինեն միշտ ժամանակին են ճաշարան գալիս», Ժաննան ժպտալով նայեց մեզ ու մորն ասաց՝ «իրենք մեղրամիսի մեջ են. շուտ ուտում են, որ գնան իրենց գործերով», եւ երբ Ժաննան էդ ասաց, մենք սրտանց ու լիաթոք ծիծաղեցինք՝ ոչ միայն էն պատճառով, որ իր էդ սրամտությունն ու սրախոսությունը բավական հաջող էր, այլեւ էն պատճառով, որ Յուրմալայի էդ քսան ու ավելի օրերի ընթացքում էդ ամենաերկար նախադասությունն էր, որ տիկին Ժաննայի կողմից արտասանվեց, եւ իրեն արդեն տիկին Ժաննա եմ ասում, որովհետեւ երբ ինքը ժպտալով իր էդ ամենաերկար նախադասությունն արտասանեց, տիկին Մարոն ժպտալով դստերը հարցրեց՝ «դուք ձեր մեղրամիսին էդպես էի՞ք անում», եւ տիկին Ժաննան ժպտալով չպատասխանեց ու ոչինչ չասաց, եւ մայրը ժպտալով Ժաննային հարցրեց՝ «ձեր մեղրամիսին՝ Կառլովի Վարիում էդպես էի՞ք անում», եւ Ժաննան մի քիչ մտածեց ու ժպտալով մորն ասաց՝ «լավ էլ հիշողություն ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու խիստ տոնով ավելացրեց՝ «կարող ա՞ էս մարդկանց մոտ կյանքս պատմես», եւ տիկին Ժաննայի ասածներից էսքանն եմ հիշելով գրում՝ ոչ թե էն պատճառով, որ ինքն էդ քսան ու ավելի օրերի ընթացքում ավելի կարեւոր ու ավելի էական որեւէ բան չասաց, այլ էն պարզ պատճառով, որ ինքն էդ քսան ու ավելի օրերի ընթացքում ընդամենն էդքանն ասաց, չհաշված, իհարկե, իր հանապազօրյա «բարի լույսը», «բարի օրն» ու «բարի ախորժակը», եւ էդ մի քանի նախադասությունն էլ մեր հանգստյան վերջին օրերին ասաց. այսինքն, տիկին Ժաննան ծայրաստիճան ուրբաթախոս ու չշփվող անձնավորություն էր, եւ չխոսկան չեմ ասում, որովհետեւ չխոսկանությունը մեզանում ամաչկոտության ու ամոթխածության դրսեւորում է, մինչդեռ տիկին Ժաննան ոչ ամաչկոտ էր ու ոչ էլ, առավել եւս, ամոթխած, եւ տիկին Ժաննայի քչախոսությունն ավելի շուտ բնավորության գիծ էր, ավելի ճիշտ՝ տվյալ հանգամանքներում բնավորության գծի որոշակի ու ընդգծված դրսեւորում, եւ եթե առաջին օրերին ինձ թվում էր թե՝ իր քչախոսությունն ուղղակիորեն իր մեծամտության ու գոռոզության արտահայտությունն է, վերջում արդեն միանգամայն այլ կարծիքի էի, որովհետեւ ինքը ճաշարանում մեզ «բարի ախորժակ» ասելիս երբեմն-երբեմն ժպտում էլ էր, եւ եթե երբեմն-երբեմն ու դեպքից դեպք ժպտում էր, մենք իր ժպիտի մեջ մոր՝ տիկին Մարոյի ժպիտի բարության էլեմենտներն էինք հայտնաբերում, եւ տիկին Ժաննայի քչախոսությունն էլ մեզ վրա առանձնապես չէր ազդում, որովհետեւ մայրը՝ տիկին Մարոն ոչ միայն դստեր փոխարեն, այլեւ մեր փոխարեն էլ էր լիուլի խոսում, ընդ որում՝ ամեն ինչի մասին էր խոսում, եւ քանի որ մեր հանգստյան վերջին օրերին կնոջս մոտ հղիության նշաններն արդեն առկա էին, եւ քանի որ ստեղծագործական տան բժշկուհին էլ էդ հաստատեց, տիկին Մարոն էդ գծով էլ էր կնոջս օգտակար խորհուրդներ տալիս, եւ երբ տիկին Մարոն էդ գծով սկսում էր կնոջս ականջին օգտակար խորհուրդներ շշնջալ, ես անմիջապես լքում էի իրենց՝ հնարավորություն ընձեռելով, որ տիկին Մարոն հնարավորինս շատ օգտակար խորհուրդներ տա կնոջս, եւ չնայած տիկին Մարոն իր դստեր ու բոլորիս փոխարեն լիուլի խոսում էր, իրեն շատախոս չեմ կարող անվանել, մանավանդ որ՝ դրա բարոյական իրավունքը չունեմ էլ, եւ եթե նույնիսկ դրա իրավունքն ունենայի էլ, էլի տիկին Մարոյին շատախոս անձնավորություն չէի անվանի, որովհետեւ, չնայած տիկին Մարոն իսկապես շատ էր խոսում, երբեք անիմաստ ու անտեղի չէր խոսում, եւ, որ ամենակարեւորն է, որեւէ երկար պատմություն պատմելուց առաջ պարտադիր հարցնում էր՝ «հո որեւէ տեղ չե՞ք շտապում», եւ եթե որեւէ տեղ էինք շտապում, առանց քաշվելու պատասխանում ու ասում էինք՝ «հա, շտապում ենք», եւ ինքն անսահման բարի ժպտալով ասում էր՝ «դուք ձեր գործերով գնացեք, ես էլ գնամ մի քիչ կարդամ», եւ մենք չէինք հարցնում՝ ինչ է կարդում, որովհետեւ եթե հարցնեինք, ինքը կարող է մոռանար, որ շտապում ենք եւ էդ գրքի բովանդակությունը ծայրեծայր պատմեր, բայց տիկին Մարոն հիմնականում կյանքից էր խոսում, այլ ոչ թե՝ գրքերից, եւ չնայած հնարավորինս պարզ ու հասկանալի էր խոսում, այդուհանդերձ, իր պատմածներից ահագին բան մեզ համար մութ էր մնում, եւ չնայած տիկին Մարոն չափազանց պարզ ու հասարակ կին էր, իր պատմածներից հասկանում էինք, որ ինքը, այնուամենայնիվ, հասարակ ընտանիքից չի, ավելի ճիշտ՝ ինքը մեր նշանավոր գրողներից որեւէ մեկի կինն է, կամ էլ՝ մեր գրական ֆոնդի նախագահ Ժորա Հարությունյանի շատ մոտիկ ազգականուհին, եւ երբեմն-երբեմն նույնիսկ մտածում էի, որ ինքը Ժորա Հարությունյանի հարազատ քույրն է, որովհետեւ տիկին Մարոն շատ հաճախ էր Ժորա Հարությունյանին անդրադառնում՝ նրան մտերմիկ ձեւով Ժորիկ անվանելով, եւ քանի որ Ժորա Հարությունյանի կնոջը դեմքով ճանաչում էի, սկզբում ենթադրում էի, որ տիկին Մարոն կամ Ժորա Հարությունյանի հարազատ քույրն է, կամ էլ՝ շատ մոտիկ ազգականուհին, կամ էլ՝ մեր անվանի ու տարիքով գրողներից որեւէ մեկի կինը, որովհետեւ տիկին Մարոյի պատմածներից երեւում էր, որ ինքը Գրողների միության համարյա բոլոր ստեղծագործական տներում հանգստացել է՝ Ծաղկաձորից սկսած եւ Պիցունդայով ու մյուսներով վերջացրած, եւ քանի որ ինքը վստահ էր, որ իրեն ճանաչում եմ, ես հարցնելն անտակտություն ու անշնորհքություն էի համարում, եւ Յուրմալայի էդ ստեղծագործական տանն էդ օրերին ուրիշ հայ հանգստացող կամ ստեղծագործող չկար, ումից տիկին Մարոյի ով լինելը հարցնեի ու իմանայի, ու մտածում էի, որ մի քանի օրից Երեւանում անձամբ Ժորա Հարությունյանից կհարցնեմ ու կիմանամ տիկին Մարոյի ով լինելը, եւ էդ պահի դրությամբ տիկին Մարոյի մասին մի բան միայն հաստատ կարող էի ասել, այն է՝ ինքը ոչ գրող էր եւ ոչ էլ բանաստեղծուհի, որովհետեւ ես արդեն հրատարակչությունում էի աշխատում եւ բոլոր կին գրողներին ու բանաստեղծուհիներին անձամբ ճանաչում էի:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30