Անգլիական «Լիվերպուլը» կարող է դատի տալ Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին եւ փոխհատուցում պահանջել, եթե ՖԻՖԱ-ն վերջինին Իտալիայի հետ հանդիպման ժամանակ ոչ մարզական պահվածքի համար երկար ժամանակով որակազրկի: Այս մասին հայտարարել է «Լիվերպուլի» փաստաբան Գլեն Հեյսը: «Ամեն բան կախված կլինի որակազրկման ժամկետից: Եթե դա այնքան լինի, որ Սուարեսը չկարողանա կատարել «Լիվերպուլի» առջեւ պարտականությունները, դա պայմանագրի խզում կնշանակի: Հետեւաբար, ակումբը կարող է դատի տալ ֆուտբոլիստին պայմանագրի պահանջները չկատարելու համար եւ փոխհատուցում պահանջել», – ասել է փաստաբանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014