Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության վրա: Բայց ֆուտբոլային աշխարհում կարեւոր այլ իրադարձություններ էլ են տեղի ունենում: Մասնավորապես, Նիոնում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում օրերս կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2014/2015 թթ. մրցաշրջանի առաջին փուլի վիճակահանությունը, որը որոշել է հայկական ֆուտբոլային ակումբների մրցակիցներին: Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկը» տանը կհանդիպի Ղազախստանի «Աստանայի» հետ: Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր Գյումրիի «Շիրակը» նույնպես հանդես կգա տանը եւ կընդունի ղազախական մեկ այլ ակումբի՝ Կարագանդայի «Շախտյորին», իսկ բրոնզե մրցանակակիր Երեւանի «Միկան» կհյուրընկալվի Խորվաթիայի «Սպլիտին»: Խաղերը կայանալու են հուլիսի 3-ին եւ 10-ին:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014