Լրահոս
Օրվա լրահոսը

«Պաշտոնյա կանանց հարցում` No Comment»

Հունիս 27,2014 14:04

Ինչ վերաբերում է տղամարդկանց, դիզայներ Ֆաինա Հարությունյանը
ոճային է համարում նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին

Օրերս ռուսաստանյան նորաձեւության ոլորտը ներկայացնող հեղինակավոր Buro247.ru կայքում տեղադրված էր նախկին խորհրդային տարածքի 8 երկրների հագուստի դիզայներների աշխատանքներ: Հայաստանը ներկայացնում էր Ֆաինա Հարությունյանը (լուսանկարում): Վերջին շրջանում շատ է խոսվում երիտասարդ այս դիզայների մասին, ավելին՝ հայաստանյան նորաձեւությունը կարծես հաճախ ասոցացվում է նրա անվան հետ:
Հայաստանյան նորաձեւության ոլորտում հանդես եկող Ֆաինայի՝ իբրեւ դիզայների սկզբնական ուղու մասին որոշ «շեղումներով» կարելի է ֆիլմ նկարահանել, այնպես, ինչպես վարվեց բելգիացի կինոռեժիսոր Անն Ֆոնտենը իր 2010թ. «Օսկարի» արժանացած «Կոկոյից մինչեւ Շանել» նկարի դեպքում: Այս ֆիլմը «Օսկարի» է արժանացել «Լավագույն զգեստներ» անվանակարգում (դիզայներ՝ Կատրին Լետերյե):

Ինչ վերաբերում է Ղազախստանում ծնված եւ տնտեսագետի մասնագիտություն ստացած Ֆաինային, ինքն էլ չգիտի, թե ինչու, մշտապես հետապնդել է այն միտքը, թե ամեն ինչ լավ կլինի Հայաստանում: 10 տարի առաջ Ֆաինան, ընտանիքը թողնելով Ղազախստանում, մենակ հայտնվում է Երեւանում: Ծանոթանում է իր տարեկից դիզայներ հայուհու հետ, որն էլ առաջարկում է բացել նորաձեւության սրահ, պայմանով՝ որ Ֆաինան այդտեղ կաշխատի իբրեւ տնտեսագետ: 25 օր համատեղ աշխատանքից հետո ընկերուհին ընտանեկան պայմաններից ելնելով հեռանում է՝ Ֆաինային թողնելով վարձած բնակարանում մեկ կարի մեքենա ու մեկ պատվեր: Բացարձակ մենակության մեջ հայտնված Ֆաինան ստիպված էր այդ մեկ պատվերն ավարտին հասցնելու համար ընկնել ատելյեից ատելյե՝ մի տեղ կոճակներն ամրացնելու, մյուսում պահանջվող ինչ-ինչ զարդանախշեր ու տարբեր աքսեսուարներ իրականացնելու համար … Եղել են օրեր, որ մեր հերոսը անելանելի վիճակից ելք չտեսնելով՝ ժամերով լաց է եղել: Մի օր էլ տաքսու վարորդը (Հայաստանում նրանք հայտնի են իրենց շատախոսությամբ) պատմում է, որ խորհրդային տարիներին ինքը եղել է Աբովյան քաղաքի կարի ֆաբրիկաներից մեկում արտադրամասի պետ ու հիմա էլ «ջրի գնով»՝ 250 դոլարով 5 կարի մեքենա է վաճառում: Ֆաինան գնում է դրանք, ապա ծանոթանում է գեղարվեստի ակադեմիայի դասախոս, դիզայներ Գայանե Սարիբեկյանի հետ ու մասնավոր դասեր վերցնում նրանից: Աղջկան հույս են ներշնչում դասախոսի բառերը՝ դու կդառնաս լավ դիզայներ…

«Առավոտի» դիտարկմանը, թե իր անունը ասոցացվում է հայաստանյան նորաձեւության հետ, Ֆաինան ժպտալով պատասխանեց. «Չէի ասի, գուցե անունս է հիշվող…»: Արդեն ճանաչում ունեցող մասնագետը խոստովանում է, որ ինքն այնպիսի աշխատանքներ է ստանձնում, որոնք առաջին հերթին իրեն են գոհացնում, չնայած անպայման հաշվի է նստում նաեւ հաճախորդի ցանկության հետ: Հավաստիացնում է, որ հայաստանցիները նախընտրությունը տալիս են երեկոյան զգեստներին, որոնք, ի դեպ, շահութաբեր են, վստահեցնում, թե իր հեղինակած՝ տղամարդու եւ կանացի զգեստների արժեքը «նորմալ» է: Մյուս կողմից էլ կարծում է, որ դիզայների աշխատանքը չի կարող լինել բոլորին մատչելի:

Ֆաինան երազում է, որ Հայաստանում էլ, իր խոսքերով՝ հիմնվի կամ զարգանա տեքստիլ արդյունաբերությունը, թե չէ գործվածք ձեռք բերելու համար մշտապես ստիպված է լինում դիմել արտերկրյա արտադրողներին:

Մեր զրուցակիցը հիշում է, որ երբ առաջին անգամ իր զգեստները ներկայացրեց «Արտադրված է Հայաստանում» պիտակով, շրջապատում վստահեցնում էին, թե նման պիտակով չի վաճառվի, թեեւ ժամանակն ապացուցել է հակառակը: Դիզայները համոզված է, որ տարվա ընթացքում երկու անգամ անհրաժեշտ են ցուցադրությունները, ինչը ծախսատար է: Իսկ ինքը բավարարվում է ամիսը մեկ իր սրահում դիտում կազմակերպելով: Ֆաինան հավաստիացնում է, որ կային ժամանակներ, երբ համաձայնում էր ապահովել մեր աստղերի հագուկապը, իսկ հիմա ինքն է ընտրում, թե ում հետ աշխատի:
Ողջ աշխարհում նորաձեւությունը բիզնես է: Մեր զրուցակիցը վախենում է այն արվեստ անվանել եւ այսպես է ձեւակերպում ասելիքը. «Բիզնեսը լավ բան է, պետք չէ «խրտնել» այդ բառից, իսկ նորաձեւության պարագայում այն գեղեցիկ բիզնես է»:

Ֆաինային խնդրեցինք ոճային պաշտոնյաների անուններ հնչեցնել: «Կանանց հարցում` No Comment, ինչ վերաբերում է տղամարդկանց, ընդամենը մեկ անուն կնշեմ՝ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը»,- պատասխանեց դիզայները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30