ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ
Մինչ ռուսական կապիտալի՝ «Տրոյկա դիալոգի» ներկայացուցիչները եւ ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակազմը զվարճանում էին Հայաստանի հնագույն սրբավայրերում՝ Զվարթնոցի եւ Գառնիի տաճարներում, մինչ «Ռոսիա սեգոդնյա» ռուսական գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը ՀՀ խորհրդարանում պահանջում էր վերաբացել ռուսական դպրոցները Հայաստանում, Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանից գնած զինամթերքով Ադրբեջանը ռմբակոծում էր Հայաստանի սահմանները՝ սպանելով երիտասարդ, ծաղկուն կյանքեր: Այդ նույն ընթացքում հայ-ռուսական պայմանագրով իրեն ՀՀ անվտանգության երաշխավոր հռչակած Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանում ռազմաքաղաքական եւ տնտեսական նոր սիրախաղ էր սկսում՝ այս անգամ Բաքվի հետ: Այս ամոթալի իրադարձություններին նախորդել էր ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ «Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:
Քսան-քսանհինգ օրերի ընթացքում քառակողմ ուրացման մեջ հայտնված Հայաստանի Հանրապետությունը նման էր այն վայր նետված դրոշին, որը, գլխակորույս փախչելիս, ոտնատակ են տալիս պարտվող, հուսալքվող, բարոյալքվող բանակի զինվորները՝ այդ դրոշը թողնելով-հանձնելով առաջացող բազմադեմ թշնամիների ծանակումներին եւ վայրագություններին: Քանի դեռ հեռացող բանակից մեկը ետ չի վերադարձել եւ անարգանքից փրկել այդ դրոշը:
1.
«Մի՛ խառնեք մեզ ձեր
վայրի, արջի ցեղերին…»
Վահան Տերյան
«Երեւանում ռուսական դպրոցներ չեն մնացել, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ: Ցավոք, հնարավոր չէ»,-հունիսի 18-ին Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի նիստի ժամանակ Դմիտրի Կիսելյովի աղմկահարույց հայտարարությունը՝ համեմված քաղաքական ցինիզմով, վրդովմունքով ընդունվեց Հայաստանում ռուսական հպատակությունը մերժող ՀՀ քաղաքացիների կողմից: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակի վերանայման առաջարկներ արել են նաեւ հայ քաղաքական գործիչները: Այսպես: 2002թ. փետրվարին «Առավոտ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդես է եկել Լեզվի մասին ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որով «Հայաստանում վերստին կարող են ստեղծվել «ռուսերեն լեզվով դասավանդվող հանրակրթական ուսումնական հաստատություններ» ։ Նույն տարվա ձմռան վերջին օրը, հյուրընկալվելով Մամուլի ազգային ակումբում, ՕԵԿ նախագահը, ի հավելում իր այդ նախաձեռնության, նշեց. «Վլ. Պուտինը խումբ-խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ կարեւորել է ռուսաց լեզվի դրվածքի հարցը Հայաստանում»։ Միաժամանակ, Մամուլի ազգային ակումբում ՕԵԿ ղեկավարը, ենթարկվելով լրագրողների բազմակողմ հարցապնդումներին եւ իր օրենսդրական նախաձեռնության լուրջ հակազդեցությանը, մի քանի օր անց նեղացած ետ վերցրեց օրինագիծը ԱԺ-ից:
Կարդացեք նաև
Ի տարբերություն ՕԵԿ ղեկավարի՝ «Գրիբոյեդով» հայ-ռուսական ակումբի համակարգող Դմիտրի Կիսելյովն անդրդվելի է. իր երեւանյան պարբերական հանդիպումների ընթացքում նրա՝ վատ քողարկված նեղսրտությունն աստիճանաբար վերածվում է անթաքույց սպառնալիքների. «Հայկական պետականության գոյությունն աշխարհում կարող է երաշխավորել միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը»,-վերոհիշյալ նիստում հայտարարել է Կիսելյովը: Ուկրաինական իրադարձություններից հետո արեւմտյան պետություններ մուտքի թույլտվությունից զրկված Կիսելյովը ստիպված է շրջագայել Երեւանով: Մոսկովյան կոշտ քարոզչության առաջամարտիկը ձգտում է ազատագրել Հայաստանը արեւմտյան քաղաքական եւ քաղաքակրթական ներխուժումից, իսկ իրականում՝ ամբողջացնել ռուսական ներխուժումը Հայաստան՝ Մոսկվայի ռազմաքաղաքական, տնտեսական տիրապետությունը Հայաստանում անշրջելի դարձնել ռուսական լեզվամշակութային ներխուժմամբ:
Ետխորհրդային Հայաստանում ռուսական դպրոցների վերաբացման եւ ռուսաց լեզվի կարգավիճակի վերանայման հարցը, առանձին դիպվածային նախաձեռնություններից բացի, օրակարգային չի եղել, սակայն ռուսական գործոնի աստիճանական մեծացմանը զուգահեռ ենթադրելի էր, որ մոսկովյան առավելապաշտությունը պահանջելու էր նաեւ Հայաստանի քաղաքակրթական եւ լեզվամշակութային սերտաճումը Ռուսաստանի հետ: Մոսկվայի համար Հայաստանի աշխարհաքաղաքական ամբողջական մեկուսացումը հուսալիորեն եւ վերջնականապես կգոցեր Երեւանի եվրաասոցացման ճանապարհը: Մոսկվայի տառապանքը դառը փորձ էր կուտակել. լեզվամշակութային, պատմաքաղաքական առումներով հարազատ եւ մերձավոր Ուկրաինան հեռանում էր Ռուսաստանից՝ թոթափելով ռուսական ազդեցությունը՝ Եվրամիությունը նախընտրելով Եվրասիականությունից: Հայաստանին նման հեռանկարից զրկելու համար արդեն առկա եւ հզոր գործոնները՝ 1. ՌԴ-ում մեծաքանակ հայկական համայնքի առկայությունը, 2. ռուսական ռազմաքաղաքական եւ տնտեսական ներկայությունը Հայաստանում, 3. ղարաբաղյան հիմնախնդրի գոյությունը, 4. հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները, բավարար չեն թվում Մոսկվային, որը տենդագին զբաղված է ոչ միայն սեփական երկիրը, այլեւ այլ երկրներ խորհրդայնացնելու անբարեհույս գործով: Ռուսական դպրոցների վերաբացումը Հայաստանին լեզվամշակութային եւ գաղափարական հնազանդություն պարտադրելու առավել արդյունավետ, երկարաժամկետ եւ հեռահար ծրագիր էր թվում: Սակայն, ի զարմանս եւ ի զայրույթ Մոսկվայի, ռուսական գաղափարախոսական ներխուժմանը միտված յուրաքանչյուր քայլ Հայաստանում ոչ միայն դիմադրության էր հանդիպում, այլեւ՝ ձախողվում էր: Այսպես: Հայ ժողովրդի հարյուրավոր զավակների գնդակահարության դատապարտած Անաստաս Միկոյանի հուշարձանի՝ Երեւանի կենտրոնում տեղադրման գործն արդյունք չէր տալիս, թեպետ Երեւանի ավագանու անդամ մտավորականները հաճությամբ, իսկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ գործուն աջակցություն էին հանդես բերում Մոսկվայի այդ նախաձեռնությանը, չնայած Միկոյանի հուշարձանի տեղադրմամբ Երեւանը լրջորեն կարող էր վտանգել ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնող երկրներից մեկի՝ Լեհաստանի հետ հարաբերությունները՝ վիրավորելով լեհ ժողովրդի հիշողությունը՝ նորօրյա քաղաքականություն վերադարձնելով Կատինում լեհ սպաներին զանգվածային գնդակահարության դատապարտած Անաստաս Միկոյանին:
2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո Մոսկվան Երեւանից պահանջում էր անմնացորդ հնազանդություն, դրա իրավական վավերացումները ստանալով արդեն դեկտեմբերի 3-ին կնքած հայ-ռուսական միջպետական 12 պայմանագրերով: Վերջնական հաղթանակի համար հայկական ինքնությունը եւ արժանապատվությունը պետք է խոնարհվեին-նահանջեին-նսեմացվեին: Մոսկվայի հաշվարկը թեպետ կոշտ էր, սակայն հստակ. ռուսական զինուժը կարելի էր դուրս բերել, տնտեսական կապերը՝ թուլացնել, սակայն Հայաստանի արժեքային, գաղափարական, լեզվամշակութային սերտաճումը Ռուսաստանի հետ մի քանի սերունդների համար կարող էր կենսունակ եւ ազդեցիկ գործոն լինել: Հայաստանում, ուր հաճախ են հիշատակում Խաչատուր Աբովյանին. «Օրհնվի էն սհաթը, երբ ռսի օրհնած ոտը Հայոց լիս աշխարհը մտավ ու զղլբաշի անիծած, չար շունչը մեր երկրիցը հալածեց», սակայն անտեսում են նրա նախազգուշացումը. «Ա՛խ. լեզուն, լեզուն, լեզուն որ չըլի մարդ ըչի՜ նման կըլնի: Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»:
Լինելով հայկական դպրոցները փակող՝ ռուսական ցարիզմի նորօրյա ժառանգորդը՝ ռուսական ներկա կայսրությունը ձգտում է վերաբացել ռուսական դպրոցները Հայաստանում, ուր ռուսական լեզվամշակութային ներխուժմանը հարյուրավոր մարդիկ կարող են աջակցել:
«Ստրուկ ես դու, վախկոտ, հայ ես դու»,-շուրջ երկու դար առաջ նետել էր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: Ջավախքում ծնված, Մոսկվայում ուսանած հայ բանաստեղծ Վահան Տերյանը շուրջ մեկ դար անց հակադարձել էր ռուս պոետին՝ «Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին/Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է ու հին»:
Նրանք բոլորն էլ՝ Երեւանի ավագանու արվեստագետ անդամները, Ռուսաստանի հայերի միության նախագահը, ՕԵԿ նախագահը, Գառնու տաճարում զվարճության մասնակիցները, Անաստաս Միկոյանը, Խաչատուր Աբովյանն ու Վահան Տերյանն ազգությամբ հայեր են: Ուրացումն ու հատուցումը հայ ժողովրդի դեպքում երբեմն հայտնվում են կողք կողքի: Այնպես, ինչպես երկարատեւ փախուստից եւ դեգերումներից հետո Հայաստանն է հայտնվում Ռուսաստանի կազմում:
2.
«Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն»
Վահան Տերյան
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում քաղաքական միֆերն ու առասպելներն ամրակայել-հաստատվել են այնպես, ինչպես ռուսական զինուժը՝ Հայաստանում: Քաղաքական առասպելները Հայաստանում հաճախ փոխարինում են իրականությանը՝ միֆական սնունդ մատուցելով հավաքական հանրային մտքին: «Ռուսաստանն է Հայաստանի անվտանգության երաշխավորը», «Քանի դեռ ռուսական զորքը կանգնած է մեր սահմաններին՝ ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը չեն հարձակվի Հայաստանի վրա», «Եթե չհնազանդվենք Ռուսաստանին, ապա Մոսկվան պատերազմ կհրահրի եւ Ղարաբաղը կնվիրի Ադրբեջանին». այս եւ նման պնդումները վիճարկելը Հայաստանում հավասարազոր է քաղցր երազում երջանիկ ժպտացող մարդուն արթնացնելուն եւ նրա վրդովմունքին արժանանալուն: Քաղաքական ցնորքը ինքնին վտանգավոր չէ, եթե, իհարկե, դրա վրա չի կառուցվում գործնական քաղաքականության շենքը: Հայաստանում քաղաքականության շենքը կառուցվում է նմանօրինակ քաղաքական ցնորքների վրա: Մինչդեռ իրական քաղաքականությունն այլ վկայություններ է արձանագրել. Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը շարունակ զինում է հարեւան Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության պայմաններում պատերազմի իրական սպառնալիք հրահրելով: Այսպես: Միայն 2013թ. Մոսկվան Ադրբեջանին է վաճառել 1 մլրդ ԱՄՆ դոլարի զինտեխնիկա՝ զրահապատ մեքենաներ, հրետանի, 94 միավոր T- 90C տանկ, 100 միավոր մարտական մեքենա, 18 միավոր «Սմերչ» ռեակտիվ համակարգ, 18 միավոր հրետանային զինատեսակ, 6 միավոր կրակակետեր: 2010-2013թթ. Մոսկվան Բաքվին է վաճառել 4 մլրդ ԱՄՆ դոլարի զրահատեխնիկա, զինամթերք: Պաշտոնական Երեւանը, ՀՀ փոխարտգործնախարարի շուրթերով, այսօրինակ իրավիճակը «մտահոգիչ է» համարում՝ շտապելով արդարացնել Ռուսաստանին, որ չի խախտում «ռազմական բալանսը»: Բաքվին ռուսական զինտեխնիկայի վաճառքի փաստից Երեւանի դիրքորոշումը բնավ չի կարծրանում. Երեւանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ամոթխած շրջանցում է Ադրբեջանին շարունակաբար զինելու՝ Մոսկվայի ռազմաքաղաքական վարքագծի թեման: Երեւանն ընթանում է դեպի Մաքսային միություն, թեպետ այստեղ անգամ դիվանագիտորեն քաղաքավարի չեն Հայաստանի հանդեպ: Չնայած ի դեմս Բաքվի՝ նոր ռազմավարական դաշնակից տեսնելու մոսկովյան սիրաշահումներին, Երեւանում անվրդով արձանագրում են. «Նախ պետք է ասեմ, որ որեւէ խոչընդոտ չկա Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու մասով: Եվ երբ մենք այնտեղ ասում ենք, որ 2-3 հարց կա, այդ 2-3 հարցը զուտ տեխնիկական նշանակության հարցեր են եւ վերաբերում են մեր առեւտրային հարաբերություններին»,-մայիսի 31-ին ծաղկաձորյան հավաքի ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սակայն հայ-ռուսական հարաբերություններում, Եվրասիական ապագա միությունում Ղարաբաղը մեծ բացակա է. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել եւ չի էլ կարող լինել, որովհետեւ Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»: Օրենսդրությամբ եւ ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ-ը ՀՀ անքակտելի մասն է, քանի դեռ Հայաստանի խորհրդարանը չի վերանայել 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը: Ղարաբաղի ազատագրման համար մարտնչած, զոհված մարտիկները Սերժ Սարգսյանից տրամագծորեն հակառակ պատկերացումներ ունեին Ղարաբաղի՝ Հայաստանի մաս կազմելու մասին: «Ինձնից Ղարաբաղը մի պաշտպանեք»,- նեղսրտում է Սերժ Սարգսյանը, ում պատկերացումներով Ղարաբաղը Հայաստանի մաս չէ: Մեր օրենսդրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունն անկախ ժողովրդավարական պետություն է, մեր պատկերացումներով՝ Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, մեր՝ հայաստանյան իրականության մեջ, այդ ամենը, ցավոք, ուրացել են:
Ուրացումը դառնահամ է, եւ դրանից է Սերժ Սարգսյանը թեթեւ տհաճություն զգում: Նույնպիսի տհաճություն, ինչպես Աստանայում՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական համաժողովի՝ մայիսի 29-ի նիստի ընթացքում, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հաճույքով ընթերցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը:
Ուրացումը դառնահամ է, սակայն այն կարելի է կուլ տալ, ինչպես վիրավորանքը: Մանավանդ՝ եթե հայրենիքի քաղցրությունն էլ չես զգում:
«Առավոտ» օրաթերթ
26.06.2014
обидно за державу….. Շնորհակալություն հոդվածի համար!!!