Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելը հնարավոր է ձախողվի

Հունիս 27,2014 14:28

Հայաստանը դժվար թե հասցնի գործերը կարգավորել, որպեսզի 2015 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիարժեք անդամ դառնա. Հայաստանի առջեւ նոր խնդիրներ են դնում. հուլիսի 23-ին Սոչիում ԵՏՄ խորհրդի նիստից հետո ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հայտարարել է, որ ԵՏՄ-ին անդամակցելով` Հայաստանը պետք է մաքսատուրքերի տարբերությունը փոխհատուցի Առեւտի համաշխարհային կազմակերպության երկրներին: Այսինքն՝ ԱՀԿ-ի հետ մաքսատուրքերը զգալի տարբերվում են Եվրասիական տնտեսական գոտու մաքսատուրքերից, ուստի, ինչպես նշել է Շուվալովը, Հայաստանը ԱՀԿ երկրների հետ պետք է այդ ուղղությամբ բանակցություններ վարի: Իսկ այս բանակցություններն ու ԱՀԿ երկրների հետ որեւէ համաձայնության գալը մի քանի ասմվա գործ չեն: Համենայնդեպս՝ այսպես են վստահեցնում որոշ տնտեսագետներ:
Նշենք, որ ԱՀԿ-ի հետ գործող մաքսատուրքերը բավականին ցածր են Մաքսային միությունում եւ Եվրասիական տնտեսական գոտում գործող մաքսատուրքերից: Օրինակ՝ եթե ԵՏՄ երկրներում միասնական մաքսատուրքը ասենք 20% է եւ նույնիսկ ավելին, իսկ ԱՀԿ պայմաններով՝ 10%, ապա ԱՀԿ երկրներից Հայաստան ապրանք ներմուծելու կամ արտահանելու համար պետք է գործի, ասենք, 20% մաքսատուրքը, ապա դրանից 10%-ի փոխհատուցումը Հայաստանը պիտի տա ԱՀԿ տվյալ երկրներին:

«Մինչեւ Շուվալովի հայտարարությունը՝ դեռեւս գարնանը մենք արդեն ենթադրում էինք, որ նման բան կասվի: Մենք գիտեինք, որ ԱՀԿ պայմանների փոփոխությունների հետ կապված պետք է նոր բանակցություններ լինեն, որովհետեւ Հայաստանը ընդունել է ԱՀԿ պայմանները՝ ներմուծման դեպքում՝ 0 կամ 10% մաքսատուրք, արտահանման համար՝ 0%: Մաքսային միության ներսում նման կանոններ չեն գործում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը կաշկանդված չէ որեւէ տարիֆ սահմանելու հարցում. «Ինքը ինչ ցանկանա, այն էլ կսահմանի՝ կա՛մ իրենց տնտեսությունը պաշտպանելու համար, կա՛մ իրենց եկամուտներն ավելացնելու համար, որովհետեւ իրենք դեռ ԱՀԿ լիարժեք անդամ չեն»: Իսկ ԱՀԿ-ի հետ բանակցելն այնքան էլ դյուրին գործ չէ, ինչպես ասաց պարոն Մակարյանը, ըստ ԱՀԿ կանոնների՝ անդամ երկրները միմյանց հետ առանձին-առանձին բանակցում են տարիֆների շուրջ եւ համաձայնության դեպքում վերջնական որոշում կայացնում. «Հայաստանի՝ ԱՀԿ ռեժիմին անցնելու համար 5-6 տարի տեւեց, դա հեշտ չէր: Ուստի նոր բանակցություններն էլ շատ երկար կտեւեն»:

Պարոն Մակարյանի ներկայացմամբ՝ դեռ պարզ չէ, թե Շուվալովի նշած բանակցություններում բանակցող կողմը պետք է լինի Հայաստա՞նը, թե՞ Ռուսաստանը. «Բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն, այսպես ասած՝ մեր շեֆն է, այլ նաեւ Ռուսաստանն ինքը դեռ ԱՀԿ-ի հետ հարցեր ունի ավարտելու: Այս քաոսն այնքան է բարդացնում իրավիճակը, ու ես սկսում եմ կասկածել, որ մենք 2015-ին ՄՄ-ին ու Եվրասիական տնտեսական միությանը միանանք»:

Գագիկ Մակարյանը կառավարությանը խորհուրդ տվեց հիշել եւ հաշվի առնել վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որով նա հստակ «մեսիջ» ուղղեց մեզ. «Օլանդն ասել էր՝ մենք Եվրոպայում պետք է խոսենք այն մասին, որ Հայաստանը որպես շրջափակման մեջ գտնվող ու դեպի ծով ելք չունեցող, փակ սահմաններով երկիր՝ արտահանում է կատարում բարձր գներով, ինչի արդյունքում ապրանքները մրցունակ չեն: Ուստի մենք պետք է լուծումներ տանք Հայաստանին, որպեսզի նոր պայմաններով մտնեն եվրոպական շուկա: Այսինքն՝ խոսք է գնում մի 3-րդ մոդելի մասին, որը ԵՄ-ն առանձին Հայաստանի համար կարող է որոշել»:

«Առավոտի» այն հարցին, թե ԱՀԿ երկրների հետ բանակցման ընթացքում Հայաստանն ի՞նչ շահավետ լուծում կարող է առաջարկել, որպեսզի ԵՏՄ-ին միանալու մեր կառավարության ձգտումն իրականանա, պարոն Մակարյանն ասաց, որ այդ լուծումները բարդ խնդիր են կառավարության համար: Հնարավո՞ր է ձախողվի ՄՄ-ին եւ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը՝ մեր այս հարցին պարոն Մակարյանն ասաց՝ «Այո, ինչու՝ ոչ»:
Հունիսի 23-ից Հայաստանում իրարանցում, անհանգստություն առաջացրած Շուվալովի հայտարարության մասին, սակայն, տեղյակ չէ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Միանսյանը: «Ես չեմ կարդացել, չգիտեմ՝ ինչ է ասել»,- այսպես պատասխանեց «Առավոտին» ՀՀԿ անդամը, երբ փորձեցինք պարզել, թե Հայաստանն ինչ առաջարկներով կարող է բանակցել ԱՀԿ երկրների հետ:

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ, բնականաբար, Շուվալովը նման հայտարարություն կաներ, քանի որ ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին միանալու բոլոր կանոնները հստակեցված չեն Հայաստանի համար, եւ այդպիսի հարցադրումներ կարող էին առաջանալ: Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ներկայումս բազմաթիվ հարցեր մնացել են բաց, եւ դա կարող է պատճառ դառնալ Հայաստանի՝ Մաքսային միություն չմտնելու համար:

«Մենք պետք է առաջնորդվենք ազգային պետական շահերով, եւ եթե հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանը տնտեսապես չի շահելու եւ անվտանգությունն էլ ավելին չի լինելու, քան ներկայում է, կարծում եմ՝ Եվրասիական միություն գնալը պետք է վերանայվի: Բայց դա չի նշանակում, որ կտրուկ շրջադարձ պետք է կատարվի Եվրոպա, որովհետեւ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրն էլ, տնտեսական տեսանկյունից, առանձնապես չէր փայլում: ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու շրջանակներում շատ հայկական ապրանքներ դուրս էին մղվելու ռուսական կամ ռուսական ազդեցության գոտիներից: Ուզում եմ ասել, որ մենք թե՛ եվրոպական, եւ թե՛ եվրասիական ուղղությունն ընտրելիս պետք է հաշվի առնենք՝ այնպես չէ, որ այս կամ այն միությունը մեծ ուրախությամբ է մեզ սպասում: Բացի այդ, չպետք է առաջնորդվել այն մոտեցմամբ, որ անվտանգության մակարդակը բարձրացնենք, բայց տնտեսությունը վերջնական կոլապսի վերածենք»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30