Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաշալի» հնգյակ

Հունիս 27,2014 14:42

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն
ու «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի «հրաժարականը»…

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը անկեղծացել է` նշելով, թե շատ ուրախ է, որ երկրորդ նախագահը` «ունենալով երկարատեւ կառավարման, Հայաստանը ղեկավարելու փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…»: Այնուհետեւ ԲՀԿ-ական պատգամավորը արձանագրել է` Քոչարյանի հետ համագործակցություն հնարավոր է. «Դա նշանակում է մի բան` քառյակը ճիշտ ուղու վրա է, ճիշտ է մատնանշել այն խնդիրները, որոնց մասին խոսում են բոլորը եւ այդ թվում նաեւ Քոչարյանը»:

Թողնենք մի կողմ միամիտ հարցը, թե Քոչարյա՞նն է գալիս «քառյակի» մատնանշած խնդիրների հետեւից, թե՞ «քառյակն» է գնում Քոչարյանի գծած քաղաքական ծրագրերի հետեւից: Այս հարցի պատասխանը կարող է անկեղծորեն չունենան շարքային ԲՀԿ-ականներն ու ՀԱԿ-ականները:

Սակայն մեկ բան այսօր արդեն պետք է արձանագրել` Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցության որեւէ անդամի, ԲՀԿ-ական գործչի կողմից արված հայտարարությունը բնավ էլ անակնկալ չէ բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն տարանջատել Քոչարյանին ԲՀԿ-ից: Եթե կան անկեղծորեն «անակնկալի եկածներ», ապա դա, ինչպես ասում են, իրենց խնդիրն է, որովհետեւ գոնե ՀԱԿ-ի գործունեությունը` «քաղաքագիտական վերլուծության» առաջին իսկ օրվանից ու դրա հնարավոր հետեւանքները հստակ պատկերացրել ու պատկերացնում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այն, ինչ արվել է այս երկուսուկես տարիներին, արվել է գիտակցված, հետեւաբար մնացածը, ինչպես ասում են` լիրիկա է…

Այսօր հանկարծակիի գալ ու ասել` «փրկեք, ԲՀԿ-ն դավաճանաբար Քոչարյանին քաղաքականություն է վերադարձնում», պարզապես անհեթեթություն է, որովհետեւ ԲՀԿ-ի համար Քոչարյանը ոչ միայն քաղաքական ասպարեզում գտնվող գործիչ է եղել, այլեւ ԲՀԿ-ն մշտապես պահպանել է ակնածանքը նրա նկատմամբ` նրան «հոգեւոր հայր» համարելով: Մինչ ոմանք այս ընթացքում հետեւողականորեն հետեւում էին ԲՀԿ-ի տարանջատմանը Սերժ Սարգսյանի «հանցավոր ռեժիմից» ու հիանում էին այդ կուսակցության ինքնուրույնության դրսեւորումներով` այսօր անակնկալի եկածները կարող էին հարց բարձրացնել` իսկ ԲՀԿ-ն տարանջատվե՞լ է Ռոբերտ Քոչարյանից…

Բայց դեռ այսօր էլ առանց ողբերգական բացականչությունների հնարավոր է լուծել մեկ` ոչ բարդ խնդիր: Եթե ոչ իշխանական ուժերից երեքը` ԲՀԿ-ից բացի, ցանկանում են ապացուցել, որ Ռոբերտ Քոչարյանի դաշտում չեն խաղում, նրանք առանձին կամ միասնաբար կարող են ընդամենը մի քանի ժամում մեկ հայտարարություն տարածել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ չունեն անցնելու…

Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի «հրաժարականը»… Եթե չեն պահանջում, ուրեմն «հրաշալի քառյակը» կարելի է արդարացիորեն կոչել «հրաշալի հնգյակ»` չորս ոչ իշխանական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի միասնություն:

Քոչարյանը մինչեւ աշուն պարզապես նախապատրաստում է իր մուտքը` ավելի ակտիվորեն դիրքավորվելու «ոչ իշխանական» դաշտում, եթե չասենք` նրանց ղեկավարելու:

Եվ ընդհանրապես՝ ամեն ինչ հրաշալի է… Աշնանը սպասվող «հրաշալի քառյակի» հանրահավաքը կարող է ուրույն կոլորիտ ստանալ, երբ օրինակ` Ազատության հրապարակի հարթակում ուս ուսի տված կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Որեւէ մեկը կհանդգնի՞ խոսել Մարտի 1-ի «ոճրագործության» մասին կամ կհիշի՞ Քոչարյանի կառավարման տասը տարիների մասին 2007-2008 թվականներին Ազատության հրապարակի հարթակից հնչած ելույթները…

Իրականում հայաստանյան քաղաքական դաշտը իսկապես «զուլալվում» է… «Ինքնամաքրված» ընդդիմությանը վաղուց էր նախանշվել այն ուղին, որը վաղ թե ուշ պետք է ի ցույց դրվեր հասարակությանը: Դրա նախապատրաստման փուլի մեկնարկը «քաղաքագիտական վերլուծությունն» էր, որի ի հայտ գալու օրվանից սկսած մինչեւ այսօր ամեն ինչ գնացել է օրինաչափություններով:

Հետեւաբար լացուկոծի վրա ժամանակ չարժե կորցնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պապին Դավթյան ,Հռոմ,Իտալիա says:

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ՈՒՆԻ ՏԱՐԲԵՐԱԿ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ և ՆՐԱ ՀԵՆԱՐԱՆ ԲՀԿ-ԻՆ ԼՐԻՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՂԲԱՆՈՑ ՆԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

    Երկարատև սպասված գլխավոր դատախազի ելույթից նշմարվում է,որ մարտի 1-ի հանցագործությունը «կարվելու» է Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ-Ի հագով․․․Չհաշված Սերժ Սարգսյանի ԿԳԲ-ում աշխատած ժամանակ հավաքած կոմպրամատները սպանությունների,թալանի և այլի վերաբերյալ․․․Այնպես,որ մեզ «հուզառատ» և «ջերմ» իրադարձություններ են սպասվում․․․ Հազար եմ ասել,որ աթոռը քաղցր բան է,դրա համար էլ կռիվը թեժ է լինելու․․․Ջանդամ,թե չէ Հայաստանը թալանվում է և հայազրկվում․․․

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30