Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղադրանքները, որոնք «մարտի 1-ի» հետ կապված հնչում են պարոն Քոչարյանի հասցեին, բացարձակ անհիմն են»

Հունիս 27,2014 14:50

Գառնիկ Իսագուլյանը հնարավոր է համարում
քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությունը

«Ես նույնքան հնարավոր եմ համարում քառյակի եւ Սերժ Սարգսյանի համագործակցությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` պատասխանելով հարցին` հնարավոր համարո՞ւմ եք խորհրդարանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», համագործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ: Սերժ Սարգսյանի եւ քառյակի համագործակցությունը Գառնիկ Իսագուլյանը տեսնում է քառյակի 12 պահանջների իրագործման հարթությունում. «Եթե այսուհետ գործունեություն ծավալվի այն ուղղությամբ, որ դա նպաստի հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսական համակարգի լավացմանը, ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների նկատմամբ ավելի լուրջ մոտեցմանը եւ դրանից հետո դրական արդյունքների գրանցմանը, ապա ես կարծում եմ, որ քառյակը որեւէ խնդիր չունի համագործակցելու նաեւ Սերժ Սարգսյանի հետ»: Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ քառյակի գործունեությունն ինքնանպատակ չէ եւ ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ, եւ հետագա զարգացումները կախված են բացառապես իշխանությունների գործունեությունից: Ինչ վերաբերում է բուն հարցին` քառյակ-Ռոբերտ Քոչարյան համագործակցությանը, Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդականն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը ՀՀ քաղաքացի է, ինչպես մեզանից յուրաքանչյուրը, եւ նույնպես իրավունք ունի եւ համագործակցելու, եւ համատեղ աշխատելու: Եթե իրենք փոխադարձաբար կգտնեն նպատակահարմար իրար հետ աշխատել՝ որեւէ խնդիր լուծելու համար, ապա ես չեմ կարծում, որ այստեղ որեւէ խոչընդոտ կա»: «Առավոտի» դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ են կապվում 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունները` տասը զոհերով, որոնց համար առ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, եւ հարցին` քառյակի որոշ ուժեր, կարծում եք, կարո՞ղ են դա հաղթահարել, Գառնիկ Իսագուլյանը պատասխանեց. «Գիտեք, 2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները, եթե հիշում եք, սկզբնական շրջանում կապում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի գործունեության հետ, հետո սկսեցին կապել Ռոբերտ Քոչարյանի գործունեության կամ անգործության հետ, հիմա շատ հաճախ կապում են Սերժ Սարգսյանի գործունեության կամ անգործության հետ:

Երեք նախագահներն էլ ժամանակին մեղադրվեցին մարտի մեկի զոհերի մեջ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չեկավ, որ հասարակությանը հանգստացներ, Ռոբերտ Քոչարյանը շատ խիստ վարվեց, Սերժ Սարգսյանը ղեկավարում էր շտաբը, եւ ինքն էր արդեն իսկ ընտրված նախագահը: Եթե սա էմոցիոնալ դաշտից չէ, ապա կարծում եմ՝ ապրիորի եւ անհիմն մենք որեւէ մեկին մեղադրելու հիմք չունենք, այդ թվում նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանին»: Մեր զրուցակիցը կարծում է, որ ճիշտ կլիներ, եթե նման վիճահարույց հարցերը պարզաբանվեին հենց երեք նախագահների մեջ, ու հիշեցնում է իր նախաձեռնությունը` երեք նախագահների հանդիպում կազմակերպելու առիթով, որը միտված էր հենց քննության արժանի հարցերը սեղանին դնելուն եւ հստակեցնելուն: «Ես վստահ եմ, որ այդ հարցերը մի օր անպայման դրվելու են սեղանին եւ պարզաբանվելու են: Բայց այն ժամանակ լինելով նախագահի` Ռոբերտ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը՝ ես կարող եմ ասել, որ այն բոլոր մեղադրանքները, որոնք մարտի մեկի հետ կապված հնչում են պարոն Քոչարյանի հասցեին, բացարձակ անհիմն են եւ որեւէ եզր չունեն իրականության հետ»: Գառնիկ Իսագուլյանը չցանկացավ բացել փակագծերը եւ լույս սփռել հարցի վրա` եթե Ռոբերտ Քոչարյանն անմեղ է, ապա ովքե՞ր էին կրակելու հրաման տվողները: «Հարուցվել է քրեական գործ, դրա շրջանակներում աշխատանք է կատարվել եւ դեռ շարունակվում է: Թողնենք իրենց: Խորհրդարանում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը քննել է այդ բոլոր կարգի խնդիրները, եւ ես չեմ կարծում, որ հիմա ես դրանից ավելի ինչ-որ բան կարող եմ ասել: Հարցը անպայման պետք է ուսումնասիրվի, առկա բոլոր խնդիրներն իրենց պարզաբանումը պետք է ստանան, բայց ոչ երբեք էմոցիոնալ դաշտում»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Որ այսպես շարունակվի վախենամ թէ վերջում հայտարարեն, որ ոչ թէ եղել է տասը սպանված այլ տասը ինքասպանություն: Համենային դեպս նման դեպքեր եղել են: Մեր իշխանություններից ու ընդիմությունից ամեն ինչ սպասելի է: Նրանք բոլորն էլ նույն նյութից են պատրաստված:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30