Լրահոս
Օրվա լրահոսը

Ցինիզմը հասել է վտանգավոր սահմանի

Հունիս 27,2014 14:59

«Տրեխային» մտածողություն եւ «սապոգային» գործողություններ

Կարծում եմ՝ շատերդ եք վաղուց հասկացել, որ Հայաստանում իրեն իշխող համարող կուսակցության ու նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների խոսքերում ու գործերում մտքի նշույլ փնտրելը նույնն է, ինչ հավի գլուխը բացես եւ էնտեղ փորձես ուղեղի հետքեր գտնել: Սակայն այդ նույն իշխանություն կոչվածի նույն խոսքերում ու գործերում ցինիզմի առատություն է, ես կասեի՝ ցինիզմը «ելել եւ արդեն իրենց է ուտում…»: Անցած մեկ շաբաթն էլ առատ էր դրանով:

Նախ՝ Գալուստ Սահակյանի, ներողություն արտահայտությանս համար, դատողությունը «արյան շրջանառություն ունեցող հայի» մասին (տե՛ս «7 օր» կայքում) կարծես էս աշխարհում մենակ հայերը արյան շրջանառություն ունեն, եւ կարծես հնարավոր է, որ մարդն առանց արյան շրջանառության լինի), որը շատ էր հիշեցնում Գորբաչովյան «նեբրիտիե բարադաչի» արտահայտությունը: Ապա եւ նրա՝ ոչ պակաս ցինիկ հայտարարությունը, թե՝ «Երբ գնացինք, կկործանվի, որովհետեւ մենք բավականին լուրջ խնդիրներ ենք լուծում» (նույն տեղում): Սրան էլ հաջորդեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ ղեկավար Վահրամ Բաղդասարյանի կատաղի հարձակումները ընդդիմության վրա: Ամենից հիշարժանն այն է, որ այս պատգամավորի ծպտունը նախկինում չէր լսվում, իսկ հիմա, ահա, աքլորացել է. դե, դա բնական է, պետք է արդարացնի «հարազատ կուսակցության եւ անձամբ ընկ. Սերժ Ազատի Սարգսյանի բարձր վստահությունը», ուռա ընկերներ… Ու սկսել է հոխորտալ…

Ախր, որ էդ հոխորտանքը գոնե հոդաբաշխ խոսքի նշույլ ունենար, էլի ոչինչ, բայց ահա, լսեք. «Հանրապետական կուսակցությունը եւ հանրապետական ֆրակցիայի անդամները սկզբունքային մարդիկ են, իսկ պնդաճակատը… Պնդաճակատը՝ դա պետք է մարդիկ փորձ կատարեն, որ լինեն…» (տեսագրությունը՝ «Ա1+»-ի կայքում): Չգիտեմ՝ դուք ոնց, բայց ես ծիծաղից գալարվում էի՝ հատկապես լսելով հանրապետականների սկզբունքային լինելու մասին բառերը… Հետո էլ հարցնում են, թե անեկդոտները որտեղից են ծնվում. սրանից էլ լավ անեկդո՞տ. հանրապետական եւ սկզբունքային… Բայց ես մի քիչ սխալվեցի. նրանք սկզբունքային են, երբ խոսքը վերաբերում է սեփական քսակը տռզացնելուն, հասարակությանը թշվառացնելուն, սակագները բարձրացնելուն, թալանը մեծացնելու մեխանիզմներ մոգոնելուն ու նաեւ ընդդիմությանը «քլնգելուն», որում սկսում է մասնագիտանալ նաեւ սույն նորաթուխը… Գիտեմ, սադիզմ է մարդկանց ստիպել կարդալ Վահրամ Բաղդասարյանի «մարգարիտները», բայց ստիպված էի այդ մեջբերումն անել: Եվ եթե «Պնդաճակատը դա պետք է մարդիկ փորձ կատարեն, որ լինեն» բառակույտում միտք գտնեք, խնդրում եմ, ինձ էլ տեղեկացրեք, որ հասկանամ հայոց լեզվի դեռ չհետազոտված նրբությունները:

Բայց շաբաթվա ցինիզմի գագաթնակետը ոստիկանների գործողություններն էին Աֆրիկյանների ակումբի քանդման եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքող խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաեւ այդ ոստիկանների պետի՝ Վլադիմիր Գասպարյանի երկու հայտարարությունները: Նախ՝ հունիսի 21-ին ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման ժամանակ վերջինս լրագրողներին ասաց. «Մենք չենք ուզում ցույցեր, չենք ուզում փողոց դուրս գալ, ինչպես զինվորականը պատերազմ չի ուզում, այնպես էլ ոստիկանը՝ ներքին խժդժություններ: Այնպես որ՝ դուք չուզողներին ասեք, թող խաղաղվեն, խաղաղվեն» (տե՛ս ): Դե հիմա, եկ ու այս մարդուն փորձիր բացատրել խաղաղ հավաքների իրավունքը: Կասկածում եմ, թե կհասկանա, եթե հասկացող լիներ, մինչեւ հիմա կհասկանար՝ ոստիկանության բարեփոխումների «ծիրին մեջ»: Իսկ նույն ոստիկանապետի երկրորդ հայտարարությունը՝ Սարյան փողոցում ցուցարարների դեմ ոստիկանության գազանավարի գործողությունների մասին, սովորական ցինիզմ չէ, դա տիպիկ ոստիկանական մենթալիտետային (հատուկ «խիստ ինտելեկտուալ» Վ. Գասպարյանի եւ իր ոչ պակաս «ինտելեկտուալ» ենթակաների համար պարզաբանեմ, որ մենթալիտետ բառի արմատը ժողովրդախոսակցական մենթ բառը չէ) ցինիզմ է: Ահա. «Ինչ վերաբերում է Սարյան փողոցում տեղի ունեցածին, ապա կարծում եմ, որ ոստիկանները ճիշտ են գնահատել օպերատիվ իրավիճակը, եւ քանի որ տեւական ժամանակ համոզելու մեթոդը չի ազդել, ապա ոստիկանությունը ստիպված էր հարկադրանքով ապահովել հասարակական կարգը: Եվ ուժի կիրառումը համաչափ էր» :

Իմ մեջբերած բոլոր ցինիկ հայտարարությունները տիպիկ «տրեխային» մտածողության դրսեւորումներ են: Ամենավատը, սակայն, այն է, որ նման «տրեխային» մտածողությունը վերածվում է «սապոգային» գործողությունների, որը ստիպում է հասարակության մի մասին արտագաղթել, իսկ իր երկրից հեռանալ չցանկացող մարդկանց՝ ընդվզել:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30