Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից արտագաղթած 500 ծրագրավորող աշխատում են Սան Ֆրանցիսկոյի «Microsoft» ընկերությունում

Հունիս 26,2014 21:48

Երեկ Գյումրու «Բեռլին»հյուրանոցի բակում «Մեդիա» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպած «Զբաղվածությունը, միգրացիան և երիտասարդության» խնդիրները թեմայով բացօթյա քննարկման ժամանակ ԵՊՀ-ի դասախոս, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, խոսելով միգրացիայի կրթական, տնտեսական և այլ պատճառների մասին, ուշագրավ փաստեր հրապարակեց : «Եթե նախկինում մարդիկ դիմում էին միգրացիայի հիմնականում ընտանիքի գոյատևման խնդիրները լուծելու համար, ապա ժամանակի ընթացքում, ովքեր գնում-գալիս էին, տեսնում էին, որ դրսում ավելի մեծ հնարավորություններ կան երեխաների ապագայի, հենց իրենց իսկ համար, որովհետև նրանցից շատերը մասնագետներ էին, թեկուզ ասենք արհեստավորներ, որակավորված արհեստավորներ, ովքեր մասնագիտական աճի, զարգանալու և ռեալիզացվելու խնդիր ունեին: Եկավ մի պահ, դա արդեն 98-ից հետո սկսվեց էդպիսի մոտեցում, երբ մարդիկ միգրացիան դիտարկում էին որպես մարդկային զարգացման միջոց, այսինքն` իրենց երեխաների ապագան դադարեցին տեսնել Հայաստանում և տեսնում էին այն երկրներում, որտեղ կար ավելի մեծ կրթական հնարավորություն, առողջապահական հնարավորություն, և կյանքի տևողությունն էր ավելի լավ և ամենակարևորը մարդու ունակությունների, հմտությունների զարգացման հնարավորությունն էր ավելի մեծ և հետո դրանք ռեալիզացնելու, էսպես ասած կարիերա անելու հնարավորությունն է մեծ: Էդ պատճառով նոր ալիք առաջացավ, ավելի մեծ քանակի որակավորված մասնագետներ սկսեցին արտահոսել Հայաստանից:

Ես ինքս եղել եմ տարբեր հայկական բնակավայրերում, այդ թվում նախկին Խորհրդային միության` ԱՊՀ-երկրներում և ԱՊՀ-ից դուրս չակերտների մեջ ասած հեռավոր արտասահմանում: Օրինակ` Սան Ֆրանցիսկոյում ես տարօրինակ զարմանքի մեջ հայտնվեցի, որովհետև էնտեղ շատ-շատ հայ մարդիկ էին հանդիպում, երիտասարդ տարիքի հայ տղաներ, մոտավորապես 25-27 տարեկանից մինչև 45-50 տարեկան տարիքային միջակայքում գտնվող, ովքեր որ աշխատում էին ամենաբարձր վարձատրվող և ամենահեղինակավոր կամպանիաներում բարձր տեխնոլոգիաների: Օրինակ`ինձ ասացին, որ Microsoft-ում Հայաստանից արտագաղթած 500 ծրագրավորող են աշխատում, որոնց մի մասը քաղաքացիություն արդեն ունեն, մյուսները ստացման պրոցեսում են, կային մարդիկ, ովքեր մասնավոր գրասենյակներ, բիզնես էին հիմնադրել: Նրանք էլ հետ գալու խնդիր չունեն»:

Ըստ դասախոս-ազգագրագետի, ամենամեծ տարածումը սկսել է գտնել կրթական միգրացիան. Հայաստանի կրթական համակարգը աստիճանաբար կորցնում է իր որակները միջազգային մրցունակության տեսանկյունից, այսինքն` ուսանողները չեն տեսնում Հայաստանում շուկա, որտեղ հետո կարողանան ռեալիզացվել որպես մասնագետ, Հայաստանի բուհերն էլ չեն տալիս այն կրթությունը ու գիտելիքը, որպեսզի դուրս գան միջազգային շուկա, և սա պատճառ է դառնում կրթական միգրացիայի: Ըստ ազգագրագետի, դրսերում կրթված երիտասարդները նորից ելք են փնտրում վերադառնալ արտասահման:

Աղասի Թադևոսյանը օրինակ բերեց երիտասարդ բժիշկներին, որոնք կրթվում կամ վերապատրաստվում են դրսում, վերադառնալով Հայաստան ու բախվելով առողջապահական ոլորտում գոյություն ունեցող տարբեր` կոռուպցիոն, ծանոթ-բարեկամական խնդիրների, հիասթափված լքում են Հայաստանը: Արդյունքում առողջական լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի քաղաքացին չի կարող բուժվել Հայաստանում:

Ըստ ազգագրագետի, միգրացիան դարձել է ժառանգական: «Էս վերջերս ես հետազոտություն եմ անցկացրել, եթե դուք և գյուղերում և քաղաքներում խոսում եք մարդկանց հետ, հատկապես երիտասարդների մոտ որոշ առումով միգրացիան դարձել է ժառանգական ֆենոմեն , նույնիսկ մշակութային ֆենոմեն և դա առօրեական պրակտիկա է  դարձել: Հաճախ եմ լսել, որ գյուղերում, հատկապես Շիրակի գյուղերում միգրանտները, խոսքս սեզոնային միգրանտների մասին է, կամ ժողովրդական լեզվով ասած խոպանչիների, ասում են իրենք նման են չվող թռչունների, իրենց մոտ բնազդ կա, հենց գարունը բացվում է, իրենք պետք է չվեն , որովհետև տարիներ շարունակ իրենց մոտ ձևավորվել է էդ պրակտիկան, որ ասենք իրենք իրենց գոյատևման խնդիրները պետք է լուծեն միգրացիայի միջոցով և դա փոխանցվում է նաև հորուց որդուն: Ես եղել եմ այնպիսի ընտանիքներում, որտեղ ասենք գնում են մի քանի սերունդ իրար հետ, ինձ հանդիպել է ընտանիք, երբ պապը իր որդիների ու թոռների հետ, երեք սերնդի տղամարդ էդ ընտանիքից միաժամանակ խոպան էր գնում, դա դառնում է ռազմավարություն, ընտանիքի առօրյա հոգսերը հոգալու ռազմավարություն:

Սա մի կողմից գոյատևման խնդիր է լուծում, մյուս կողմից վեր է ածվում  սովորույթի, որը թույլ չի տալիս մարդուն փնտրել ալտերնատիվ ընտանիքի պահելու, երեխաների կրթության հարցը հոգալու հնարավորություն տեղում, միգրացիան մարդկանց մտածելու տեղիք չի տալիս, ինչ կարել է անել: Եվ հասել ենք էն վիճակին, երբ պետականորեն հայտարարում ենք միգրացիան որպես տնտեսության ստրատեգիական ռեսուրս, տեսեք օրինակ` մեր Ազգային անվտանգության խորհրդի նախագահը` Արթուր Բաղդասարյանը, հատուկ բանակցությունների գնաց, որովհետև իրոք մարդիկ, ընտանիքներ  կանգնել էին կրախի առջև, երբ Ռուսաստանը միգրացիան կանոնակարգող նոր օրենք ընդունեց, և մի պահ մարդկանց ազատ մուտքը արգելափակվեց Ռուսաստան»:

Վերջինս նախազգուշացնում է, որ Հայաստանում որակյալ մարդկային կապիտալի դեֆիցիտ է ստեղծվում: «Եթե երկիրը ունենա զարգացում, պիտի ունենա կրիտիկական սահման, դա մոտավորապես տարբեր մասնագետներ նշում են 27-31 տոկոս, եթե էդ տոկոսը խախտվում է բնակչության մեջ, էդ հասարակությունը ունենում է մարդկային կապիտալի դեֆիցիտ և հայտնվում է  պերմանենտ արտաքին ինվեստիցիաների պահանջ ունեցող երկրների կարգավիճակում, ի նկատի ունեմ ոչ միայն ֆինանսական ինվեստիցիայի, այլ մարդկային որակյալ մասնագետների ինվեստիցիայի կարիք ունեցող: Ես դա շատ լավ զգում եմ նաև իմ միջավայրում, եթե մտնենք հայկական բուհեր, դուք կտեսնեք` որակյալ պրոֆեսորները մտածում են արևմտյան բուհերում դասախոսելու մասին, փնտրտուքի մեջ են»,- ցավով նշում է ազգագրագետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30