Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից` այսօր առավոտյան ժամը 11.10-ին ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չի հայտնաբերվել:
Քիչ առաջ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից «Առավոտին» փոխանցեցին, որ ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր ժամանած փրկարարները մինչեւ 14.45 րոպեն շարունակել են որոնողական աշխատանքները, սակայն նրան գտնել այդպես էլ չի հաջողվել: Մեր ունեցած տվյալներով` Ագարակ քաղաքի բնակիչ Ջանիկ Խաչատրյանը Ագարակի կոմբինատի աշխատակից է, այսօր առավոտյան միայնակ հերթապահություն էր իրականացնում պոմպակայանում: Կոմբինատից հաստատեցին, որ Ջանիկն իրենց աշխատակիցն է եւ տեղեկացրեցին, որ նրա գտնվելու վայրի մասին դեռեւս տեղեկություն չունեն:
Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ նախնական վարկածով Ագարակի բնակիչը հոսանքահարվել եւ Արաքս գետն է ընկել: «Նրա գործընկերները բազմիցս զանգել են նրան, սակայն վերջինս չի արձագանքել զանգերին, որից հետո գնացել են Ջանիկի հետեւից, բայց նրան գտնելու փոխարեն գետում բաց հոսանք են գտել, իսկ ինքը չկար: Չհաստատված, բայց նախնական տվյալներով` նա հոսանքահարվել է եւ Արաքս գետն ընկել: Ռուս սահմանապահները, պարսկական կողմը երկար ժամանակ է փնտրում են, հավանաբար գետի հոսանքը նրան քշել ու Զանգիլանի կողմերն արդեն հասցրած լինի: Որոնումները բոլոր ուղղություններով դեռ շարունակվում են», – ասաց Մխիթար Զաքարյանը եւ հավելեց, որ Ջանիկ Խաչատրյանը մոտ 50-55 տարեկան է, իր ընտանիքի անդամների հետ միասին երկար տարիներ է կոմբինատում է աշխատում:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ