«Ոչ ձեր ցանկությունը չի իրականանա, Ոստիկանապետը լավ աշխատում է, որեւէ խնդիր չկա»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք լարված են իր եւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստին վարդապետը նկատողություն է արել ոստիկանապետին:
Այսօր ՀՀ նախագահը ստորագրել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հրամանագիրը: Այս առնչությամբ էլ ներկայիս վարչապետը նախկին վարչապետի մասին ասաց. «Բռավո, ուրախ եմ, շատ ուրախ եմ: Հոգով, սրտով նա մեզ հետ է»:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որտեղ նա պաշտպանել է քառյակի կետերը Հովիկ Աբրահամյանն այսպես պատասխանեց. «Ես Ղարաբաղում եմ եղել գիտեք, բայց արձագանքել են պատասխանատուները, իմ կարծիքով հիմնավոր պատասխանել էին, ամեն դեպքում, յուրաքանչյուր ողջամիտ հարցի, մենք որպես կառավարություն, պատրաստ ենք արձագանքել եւ ես դեռ չեմ ծանոթացել այդ արձագանքներին, որպեսզի համադրեմ, եթե անհրաժեշտություն լինի բացատրություն անպայման կտամ»:
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն պարոն Աբրահամյանն ասաց. «Իսկ ո՞ւր էր մեկնել, որ վերադառնում է: Իր գործն է: Ակտիվ քաղաքականություն, որը նպաստում է մեր երկրի զարգացմանը, մենք ուրախ ենք յուրաքանչյուր անձի մուտքով քաղաքականություն»:
Հարցին թե ինչո՞ւ այսօր կառավարության նիստում միակողմանի հայտարարություն արեց վարչապետը «ԴԵՄ ԵՄ»-ի ակտիվիստների՝ նախարարների վրա մանրադրամներ նետելու առնչությամբ, եւ ինչո՞ւ վարչապետը չանդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի վարքագծին, պարոն Աբրահամյանն ասաց.«Այս բոլորի համատեքստում ես արձագանքել եմ բոլորին, եւ եթե դուք հասցրել եք ծանոթանալ, ես շատ հստակ ձեւակերպել եմ վարչապետի դիրքորոշումը կառավարության, եւ շատ հստակ է լինելու իմ քայլերը: Յուրաքանչյուր մարդ, որը օրենքը խախտել է, պետք է պատասխանատվություն տա եւ տվել ենք պարզաբանում ազատության եւ բոլոր գործառույթների վերաբերյալ»:
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացի ձգձգման մասին հարցին էլ, պարոն վարչապետն ասաց. «Լավ է ուշ, քան երբեք», ապա ավելացրեց՝ «Գործընթացներ են, կային որոշ ուղղություններ, որոնք պետք է քննարկվեին, քննարկվում են, բայց հուլիսի երեքի հանդիպումից պարզ կլինի, ամեն դեպքում ես գտնում եմ, որ այդ գործընթացը կայանալու է»: Վարչապետը չպատասխանեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին լրագրողների հարցրեցին եւ շտապեց ՀՀԿ գրասենյակ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ