Երեւան քաղաքի բնակչուհի, 1986թ. ծնված Ս. Թ.-ն մեղադրվում է Թուրքիայից Հայաստան թմրամիջոց ներկրելու համար: Նա 2013թ. հուլիս ամսից բազմիցս մեկնել է Թուրքիա,այնտեղից Հայաստան ներկրել տարբեր տեսակի ապրանքներ եւ վաճառել: Հերթական անգամ, 2013թ. դեկտեմբերի 14-ին Բավրայի մաքսակետով Հայաստանից ելք կատարելով, նա ավտոբուսով ուղեւորվել է Ստամբուլ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ «առավել եկամտաբեր բիզնես» ծավալելու նպատակով նա Թուրքիայում ձեռք է բերել 0.46գ ընդհանուր քաշով «տենամֆետամին ՄԴԱ» տեսակի թմրամիջոց պարունակող 20 հատ հաբ, որոնք տեղավորել է թեյի փաթեթում: Նա թեյի փաթեթը տեղավորել է մրգերով լցված պոլիէթիլենային տոպրակում, մտածելով, որ մրգերով լի տոպրակը մաքսային հսկողություն իրականացնող ծառայողների ուշադրությունը չի գրավի: 2013թ. դեկտեմբերի լույս 20-ի գիշերը նա Բագրատաշենի սահմանային հսկիչ-անցագրային կետով ժամանել է Հայաստան, տեղափոխվել Երեւան, որտեղ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում թմրամիջոցը թեյի փաթեթում հայտնաբերվել է:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ս. Թ.-ն կալանավորված է եւ գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 2-րդ մասով եւ 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Այս հոդվածներով Ս. Թ.-ին սպառնում է 4-15 տարի ազատազրկում: Սույն քրեական գործով դատավարությունը այսօր՝ հունիսի 26-ին մեկնարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան Սարգսյան
Կարդացեք նաև