Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը ավստրիական «Die Presse» թերթին հայտնել է, որ իրենք ապացույցներ ունեն, որ Ուկրաինայի արևելքում գործող անջատականներին ֆինանսավորում է նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, փոխանցում է «УНИАН»-ը:
«Մենք բազմաթիվ ապացույցներ ունենք, որ տեռորիստներին ֆինանսավորում է նախկին նախագահ Յանուկովիչը: Մենք նաև ճնշում ենք գործում Ռուսաստանի վրա, որպեսզի արգելափակի ֆինանսավորման այդ աղբյուրները», – ասել է Կլիմկինը՝ նշելով, որ վերջին օրերին օժանդակությունը մեծացել է:
Ըստ նրա, Դոնի Ռոստովում կադրային կենտրոններ են գործում, իսկ անջատականներին ռազմական ծանր տեխնիկայի տրամադրումը շարունակվում է:
«Երեկ ես Եվրոմիության երկրների նախարարներին տեղեկացրի՝ Ռոստովում կարելի է զանգել որոշակի համարով և գրանցվել: Դա պետք է դադարեցվի: Հակառակ դեպքում լարվածությունը նվազեցնելու հնարավորություն չի լինի», – ասել է նա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ