«Իմ սիրտը շատ է ցավում, որովհետեւ ես Աֆրիկյանի աշակերտն եմ եղել Թեհրանում: Աֆրիկյանի որդին՝ Վահան Աֆրիկյանն իմ ուսուցիչն է եղել: Շատ ցավալի է: Դա անձնական կողմն է: Ինչ վերաբերում է երեւույթին, վիրավորական է նույնիսկ ասել, մի տեսակ ասես պատմական արժանապատվություն չունեն»,- Aravot.am-ի հետ զրույցում արվեստի վաստակավոր գործիչ, «Ագուլիս» տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանն այսպիսի տեսակետ հայտնեց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման որոշման եւ դրա շուրջ ծավալված քաղաքացիական շարժման մասին:
Ըստ պարոն Մանարյանի՝ «Սա վատ ճաշակի մասին է խոսում: Ի՞նչ են ուզում ունենալ՝ այդ շենքի փոխարեն: Ո՞ւմ կարող են զարմացնել: Երկիրը տվել ենք ճաշակից, տարրական քաղաքացիական զգացողությունից զուրկ մարդկանց եւ հիմա տվել ենք՝ պիտի քաշենք, ի՞նչ պիտի անենք: Սա է իրողությունը: Ազգային արժանապատվություն ունեցող ոչ մեկն այդպիսի բան չի անի: Աֆրիկյաններն են Երեւան ջուր բերել: Դա ոչ թե որպես շենք պետք է պահել, այլ որպես հուշարձան պետք է պահել: Սա այն մարդկանց տունն է, որ Երեւանին ջուր են տվել: Այդքանը չեն հասկանում: Հիմա ի՞նչ պիտի ասենք: Եթե մենք երկրի ղեկավարությունը հանձնել ենք անհասկացող մարդկանց, պիտի քաշենք, ուրիշ ի՞նչ անենք»:
Երվանդ Մանարյանն ասաց, որ իր տարիքն այլեւս թույլ չի տալիս միանալ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեմ պայքարողներին եւ զբաղվածությունն էլ չի ներում. «Իմ կարծիքով այն, ինչ արվում է պայքարի համար, լիովին բավարար է: Եթե դիմացինը խոսք լսող մարդ է՝ կլսի, եթե լսող չի՝ ով ուզում է միանա այդ ակցիային, ի՞նչ նշանակություն ունի»:
Մեր դիտարկմանը, որ Աֆրիկյանների տան քարերը համարակալում են, որ տեղափոխեն, ոչ թե ոչնչացնեն՝ Երվանդ Մանարյանը շատ բուռն արձագանքեց. «Ինչի՞ համար են համարակալում: Ղալա՛թ են անում, որ տեղափոխում են: Սա է ամբողջ խնդիրը: Ի՞նչ անեն, որ տեղափոխեն, ինչի՞ համար: Դա քաղաքի կենտրոնի շենք է, դա այն ժամանակ ծաղիկն է եղել քաղաքի կենտրոնի: Հիմա քաղաքի կենտրոնը դարձրել են այն այլանդակ Հյուսիսային պողոտան, որ հայտնի չէ ինչ է, իրենից ինչ է ներկայացնում: Իրենք իրենց արածով զարմացած, տգետ ու ոչ մի բան չիմացող, ոչինչ չունեցող, հետ նայելով ոչինչ չգտնող մարդկանց պողոտան վերցրել դարձրել են քաղաքի կենտրոն, սա էլ չե՞ն հավանում: Ավելին` էլ ի՞նչ ասես այդ մարդկանց: Շատ ցավալի է»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ