«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները դժգոհում են, որ իրենց գրավոր պահանջներին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ չի պատասխանել:
Նրանք իրենց գրավոր պահանջ-դիմումը կառավարությանն են ներկայացրել 13 օր առաջ: Հիօշեցնենք, որ նրանք պահանջում են վերացնել կարմիր գծերը, վերացնել տեսաձայնագրող սարքերը ու համաներում տարածել մինչեւ հիմա արձանագրված վարորդների տուգանքների վրա:
«Նույնիսկ պատասխանելու վերջնաժամկետ չեն ասել, թե երբ են պատասխանելու մեր դիմումին»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը:
Նրա խոսքով, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կառավարության իրականացրած բոլոր բարեփոխումները փորձում են նսեմացնել իրենց շարժումը. «Կառավարության փոփոխությունները ոչ մի կետով չեն բավարարվել մեր պահանջները: Իսկ մեր պահանջները հստակ են, թող կարդան ու որոշում կայացնեն: Պահանջում ենք առաջնահերթ վերացնել կարմիր գծերը»:
Կարդացեք նաև
Նա նաեւ առաջարկեց վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելիս որոշ տուգանքներ փոխարինեն նախազուշացումներով. «Բազում թերություններ կան վարչական իրավախախտումների օրենսգրքում, ու հիմա փորձում են ոտքի վրա փոխել, պահանջում ենք տեսաձայնագրող սարքերով արձանագրված խախտումների համար տուգանքները կասեցնել: Նախազգուշացումը նույնպես վարչական իրավախախտման համար պատժի տեսակ է: Պարտադիր չէ մտնել վարորդի գրպանը, կանոնավոր երթեւեկություն ապահովելու համար»:
Ավտոերթերի ժամանակ տուգանված ինը վարորդներն էլ պատրաստվում են վիճարկել իրենց տուգանելու մասին որոշումները դատարանում:
«Գործեր են նախապատրաստվում, որ բոլոր այդ արձանագրությունները բողոքարկվեն, պահանջելու ենք արդարադատություն: Ոստիկանության Ֆիքսած իրավախախտումներն անօրինական են»,- ասաց նախաձեռնության անդամ Արմեն Միքայելյանը:
Նա ասաց, որ պատրաստվում են դատարանում վիճարկել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գործողությունները. «Նա նախաձեռնության անդամներին ձերբակալելու անհիմն հրահանգներ է տալիս, տեսանյութերում պարզ երեւում է»:
Վարորդները վերջում խոստացան, որ հաջորդ ավտոերթին անակնկալի են բերելու ոստիկաններին, որոնք խոչընդոտում են իրենց ակցիան անցկացնել կենտրոնում. «Ստացել են հատուկ կարգադրություն, որ մոտ չթողնեն քաղաքի կենտրոնական հատվածներ, բայց մենք անակնկալներ կանենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ