Այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, նստաշրջանում ելույթով հանդես կգա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նրա ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14.00-ին: Նախատեսված է նաև ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի ելույթը` «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական և մարդասիրական հետևանքները» թեմայով:
Իսկ երեկ երեկոյան` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մհեր Շահգելդյանը Վեհաժողովի առաջ բարձրացրեց հայկական սփյուռքի հարցը`շեշտելով տվյալ երկրում հայերի իրավունքների, ազգային ինքնության ու ազգային առանձնահատկությունների պաշտպանության հարցերը: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Վեհաժողովին ներկայացված` «Ինքնություն և առանձնահատկություն` բազմամշակույթ հասարակություններում» թեմայով բանաձևում ամրագրված է գլոբալացման երևույթների ազդեցությունը ազգերի մշակույթների վրա, պարոն Շահգելդյանը խոսեց մշակույթի միջոցով ազգերի նկատմամբ ատելության տարածման և հակազգային քարոզչության կանխման անհրաժեշտության մասին: Նա շեշտեց Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության և ատելության մթնոլորտի տարածման փաստը, ինչը ըստ նրա` ակնհայտ է: Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Դպրոցներում պատմություն առարկան դասավանդվում է հայերի և ազգային փոքրամասնություների նկատմամբ ռազմական հռետորաբանությամբ և ատելությամբ ներծծված: Մտահոգիչ է նաև մամուլի, քաղաքականության, քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների դիրքորոշումը»:
Պարոն Շահգելդյանը առաջ քաշեց այն հարցը, թե արդյո՞ք այդ պարագայում հնարավոր է խոսել ժողովրդավարական հասարակության կայացման մասին:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ