Երեկ ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ հայրենի հատուկ ծառայությունները բացահայտել եւ վնասազերծել են ադրբեջանական հատուկ ծառայությունների վիրտուալ փորձերը՝ տարբեր սոցիալական ցանցերի միջոցով կեղծ օգտատերերի անվան տակ ՀՀ քաղաքացիներից տեղեկություններ կորզելու ուղղությամբ։ Որպես «դարի օպերացիան ներկայացված այդ երկարաշունչ հաղորդագրությունն այն աստիճան սնապարծ ու ինքնագոհ ձեւակերպումներով էր կազմված, որ մի պահ անգամ կասկածելի թվաց՝ արդյոք դրա հեղինակը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է, որն ավանդաբար ընկալվում է որպես լուրջ կառույց։
Իրականում ձախողվելով լուրջ հարցերում, այս միջինից էլ ցածր կարեւորության «օպերացիան» նման պաթոսով ներկայացնելով՝ ՀՀ ԱԱԾ-ն պարզապես փորձում է ցույց տալ, թե բացի ընդդիմադիր գործիչների ու ոչ իշխանական գործարարների խոսակցությունները գաղտնալսելուց, երբեմն նաեւ երկրի ազգային անվտանգությամբ է զբաղվում։
Եվ ի դեպ, եթե ազերի հետախույզներին մերոնք պարբերաբար կեղծ տեղեկատվություն էին հրամցնում, որից, ինչպես նշված է ԱԱԾ հաղորդագրությունում, նրանք «ուրախությունից գլուխները կորցրած» զեկուցում էին իրենց ղեկավարությանը՝ իրականում նրանց մոլորեցնելով, ավելի քան անհասկանալի է, թե ինչու է մեր ԱԱԾ-ն ինքնաբացահայտվել՝ կորցնելով հակազդելու նման արդյունավետ միջոցը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում