Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հունիսի 16-18-ը Բաքվում էր, որտեղ Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հերթական սեմինարին և հայ պատգամավորների հետ միասին դիմակայեց ադրբեջանցիների բանավոր հարձակումներին։ Ներկայացնում ենք նրա հետ հարցազրույցն այդ այցելության և մի շարք այլ հարցերի շուրջ։
– Իր վերջին ելույթում Սերժ Սարգսյանը շեշտեց, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, ղարաբաղյան հարցը Մաքսային միությունում չի լուծվելու: Մի կողմ դնելով հարցի մյուս կողմը՝ արդյո՞ք սա նաեւ որոշակի ուղերձ էր Ռուսաստանին, որ ղարաբաղյան հարցի լուծումը չի կարող Մինսկի խմբի ձևաչափից անցնել Ռուսաստանի լիակատար վերահսկողության ներքո։
– Դա ակնհայտ է, և նախագահը շատ ճիշտ էր՝ այն իմաստով, որ եթե անգամ Հայաստանը դառնա Եվրասիական միության անդամ, Լեռնային Ղարաբաղն իր հետ միասին չի միանա այդ կառույցին։ Սակայն Հայաստանը պետք է կանխի Ղարաբաղը Հայաստանից մեկուսացնելու կամ կտրելու որևէ նախաձեռնություն։ Բայց եկեք անկեղծ լինենք։ Եթե անգամ Հայաստանը ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, Լեռնային Ղարաբաղը դրանում ընդգրկված չէր լինի։
– Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը նախորդ շաբաթ հանդես եկավ մի ուշագրավ նախաձեռնությամբ՝ ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին իր պատկերացումները։ 10 կետերից մեկում նշվում է, որ կողմերի համաձայնությամբ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի Հայաստանից անկախ, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պետք է պարտավորվեն չբարձրացնել երկու պետությունների միավորման պահանջ։ Կարելի՞ է սա ինչ-որ իմաստով համարել Մոսկվայի դիրքորոշման արտահայտումը՝ ոչ պաշտոնական խոսնակի միջոցով։
Կարդացեք նաև
– Այո՛, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախկին և ներկա դեսպանների ապուշ հայտարարությունները։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հարգում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, և մենք պետք է ավելի խիստ արձագանք ակնկալենք Հայաստանի ոչ կառավարական, ռուսամետ փորձագետներից։
Ինչ վերաբերում է կետերին, տեքստի օրիգինալ տարբերակում, որը ես կարդացել եմ, նշվում է, թե Լեռնային Ղարաբաղը պետք է ճանաչվի Հայաստանից անկախ, բայց մի մոռացեք, որ Հայաստանից անկախ լինելը կարող է նշանակել վերադարձ Ադրբեջանի կազմի մեջ։
– Ձեր կարծիքով՝ Հայաստանում չե՞ն մոռացել այն մասին, որ արցախյան շարժումը սկսվել է «Միացում» կարգախոսից։
– Ես այդպես չէի ասի։ Ղարաբաղի միացումը Հայաստանին ավելի իրատեսական է, քան Ղարաբաղի անկախացումը։ Սակայն խնդիրը ղարաբաղյան հարցի վերաբերյալ հասարակական բանավեճի ցածր մակարդակն է։
– Ամեն դեպքում, Ղազախստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից կա՞ նախաձեռնություն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանից անջատելու
նպատակով։
– Ոչ, չկա, բայց դա չի նշանակում, որ այդպիսի նախաձեռնություն չի կարող լինել։
– Այս իրավիճակում իմաստ տեսնո՞ւմ եք Եվրասիական միությանն անդամակցելու մեջ։
– Ոչ։ Չեմ կարծում, որ դա երբևէ իմաստ է ունեցել, իսկ տնտեսական առումով այդ քայլն ինքնասպանություն կլինի։ Բարեբախտաբար անգամ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը կարող է երբևէ չմիանալ Եվրասիական միությանը։ Վերջին մարտահրավերը Ռուսաստանի փոխվարչապետ Շուվալովի հայտարարությունն էր։ Նա ասաց, որ Հայաստանը խնդիրներ կունենա Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ, եթե միանա Եվրասիական միությանը։
– Լավրովի երևանյան այցի ժամանակ եւս չեղավ որևէ կոնկրետ հայտարարություն։
– Ասեմ ավելին, կողմերից ոչ մեկը չկարողացավ նշել որևէ մանրամասնություն կամ կոնկրետ ամսաթիվ, թե երբ է Հայաստանը միանալու Եվրասիական միությանը։ Սա ինձ ավելի կասկածամիտ է դարձնում։
– Այդ դեպքում ինչո՞ւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական միությանը միանալու մասին պայմանագիրը կստորագրի հուլիսի 3-ին։
– Գիտեք, ես մինչ օրս չգիտեմ, թե վարչապետն ինչպես է կատարում իր վերլուծությունները:
Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում