«Ուզում եմ անդրադառնալ ինձ խիստ անհանգստացնող մի երեւույթի. հասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհություններն արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձեւերով, ամբոխային մեթոդներով, իշխանության եկած գործիչներին նվաստացնելու, ճնշելու փորձերը, ինչպես, օրինակ, նախարարների կամ պատգամավորների վրա մանրադրամների նետումը», -այսօր կառավարության նիստը սկսելուց առաջ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքերով՝ «թերեւս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ»:
Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ինքը եւս կողմ է խոսքի ազատությանը կամ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ է մարդու ազատ տեղաշարժին, կողմ է խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Վարչապետը ոչ միայն կողմ է այս իրավունքներին, այլեւ խոստանում է մինչեւ վերջ պաշտպանել այդ իրավունքները: «Բայց այդ ազատությունն ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլեւս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե իշխանությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու: Ուստի հանձնարարում եմ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին՝ քննարկել այս հարցը եւ առաջարկել լուծումներ՝ թե օրենսդրական եւ թե կազմակերպչական»,- ասաց վարչապետը: Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարին ու ոստիկանապետին հորդորեց խնդիրը լուծելու համար, եթե կարիք կա, հրավիրել եվրոպացի գործընկերներին՝ ուսումնասիրելու եվրոպական փորձը եւ ուսուցում անցկացնելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ