Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ հույս ունի՝ Հայաստանն ու հայկական սփյուռքը «համարձակ քայլեր» կձեռնարկեն, ինչպես, ըստ Դավութօղլուի, արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը 2014թ. Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ ցավակցություն էր հայտնել «1915թ. դեպքերի» ժամանակ զոհված հայերի սերունդներին, փոխանցում է «Hurriyet Daily News» թերթը:
«Turkish Policy Quarterly»-ի հանդեսի գարնանային համարում հրապարկված հոդվածում Դավութօղլուն գրել է, որ Էրդողանի հայտարարությունը պետք է հիմք դառնա հետագա քայլերի համար.
«Էրդողանի ցավակցական ուղերձը չպետք է դիտարկվի որպես կոնյուկտուրային քայլ: Այն պետք է դիտվի որպես կարծիքների և հիշողությունների ձևափոխման նախերգանք, որովհետև դա միայն ցավակցության առաջարկ չէր, այլև բոլոր կողմերին ուղղված երկարատև խաղաղության ապահովման անկեղծ հրավեր», – գրել է նա՝ ավելացնելով, որ Թուրքիայի և Հայաստանի միջև նոր և ավելի հիմնավոր խաղաղության դարաշրջան կսկսվի, եթե մտավորականներն ու քաղաքական գործիչները հոգեբանական խոչընդոտները հաղթահարելու և ընդհանուր հիշողություն ստեղծելու համար իրենց գործն անեն:
Դավութօղլուի կարծիքով «ընդհանուր հիշողություն» հասկացությունը չափազանց կարևոր է, որպեսզի երկու ժողովուրդները հասկանա, թե ինչի միջով են իրենք անցել ու հարգեն մեկը մյուսի հիշողությունները.
Կարդացեք նաև
«Հայերի համար 1915թ. տեղահանումների տարի էր, որի ընթացքում մեծ ողբերգություններ տեղի ունեցան: Դրա նախորդ և հաջորդ տարիները զարհուրելի ողբերգությունների տարիներ էին Անատոլիայի թուրքերի համար», – գրել է Դավութօղլուն՝ նշելով, որ այդ ժամանակաշրջանը «համատեղ ցավի» տարիներ էին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ