Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նորոգված հայացք՝ պատմական ոչ հեռու անցյալին

Հունիս 26,2014 13:45

Հայ մշակութային դաշտի նշանակալի երեւույթներից դարձավ լույս ընծավյած ստվար պատկերագիրքը՝ «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» անվանմամբ: Գիրքը հեղինակել են` ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը եւ ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանը:
Այն կերպարվեստագիտության ասպարեզում եզակի մի երեւույթ է՝ նյութի համապարփակ ընդգրկունությամբ, ատրիբուտիվ-գիտական ապարատի համալրվածությամբ եւ լրջմիտ մշակումներով, վավերագիր հարուստ նյութերի եւ լուսանկարների առկայությամբ, արխիվային տվյալների վեր հանմամբ եւ, իհարկե, պատմականորեն, գիտականորեն, արվեստաբանական վերլուծություններով հարուստ առաջաբանով:

Գրքի հեղինակները հետամուտ են եղել մի շատ կարեւոր խնդրի, այն է՝ վեր հանելու եւ անաչառ հայացքով զննելու 20-րդ դարի տարածաշրջանային եւ ժամանակաշրջանային առումով գեղագիտության եւ գաղափարաբանության ասպարեզում ստվար մի հատված, որը սոցիալիստական իրականության անդրադարձն էր, եւ որը մեկ դարից քիչ պակաս ժամանակահատված էր իրենով ընդգրկում:

Պատկերագիրքը ճշմարիտ եւ դիպուկ խորագիր է կրում՝ «Սոցիալիստական ռեալիզմը եւ խորհրդահայ կերպարվեստը» եւ վերնագրով իսկ հաստատում այն, որ սոցիալիստական իրողության սահմաններում զարգացել եւ ծավալվել է ազգային մշակույթը, նաեւ երեւույթներ, որոնք բացասականից զատ՝ դրական միտումներ են դրսեւորել եւ որ հայ իրականության համար պատմական «պարտադրանքի» յոթանասուն տարիները նաեւ արգասաբեր եւ կառուցողական են եղել: Ավելին, առաջաբանը ընթերցելիս եւ հարուստ պատկերաշարը դիտելիս ակամա զուգահեռականներ են ծնվում համաշխարհային արվեստի քառուղիներում նշանակալի դարաշրջանների հետ: Այսպես, 15-16-րդ դարերի դաժան քաղաքական, կրոնական ցնցումներից, վայրիվերումներից հետո, 17-րդ դարի ֆրանսիական իրականությունն ամրակայվում է կենտրոնացած միապետական կառույցի շուրջ, եւ ազգն ու պետությունը կայանում են հենց ամբողջատիրության շնորհիվ: Իսկ թե ինչ կարեւորագույն տեղ էր հատկացվում այդ կառույցի նպատակին ծառայող դարաշրջանում նոր ձեւավորվող կլասիցիստական դրամային եւ կերպարվեստին, հայտնի է ողջ գեղագիտական հանրությանը: Խստորեն դատելիս միշտ չէ, որ կլասիցիզմի գեղագիտությամբ ներհագեցած եւ խիստ որոշարկված մեթոդաբանության սկզբունքներով կերտված ստեղծագործությունները բավարար արժեք են իրենցից ներկայացրել. եղել են նաեւ ցածրորակ, կարծրատիպային գործեր: Այդուհանդերձ, կլասիցիզմը դարերում մնացել է որպես եվրոպական մշակույթի եւ արվեստի առանցքային, հիմնարար երեւույթ: Համեմատությունը ակամայից է ծնվում. թե՛ մեկ եւ թե՛ մյուս դեպքում արվեստը, գեղագիտությունը պետության կայացման եւ ամրապնդման պահանջներից են ծնվում եւ կոչված են ձեւավորելու ժողովրդի համահավաք գիտակցությունը:

Ուշ Վերածննդի մեծ տեսաբան Ջորջո Վազարին հետադարձ հայացք ձգելով ետմիջնադարյան արվեստի զարգացմանը, որը նա Վերածնունդ անվանեց, կարեւորագույն դիտարկում կատարեց. արվեստն ու մշակույթը ոչ միայն հասարակական երեւույթ են, այլեւ բնությանն են պատկանում եւ ենթարկվում են օրգանական աշխարհի զարգացման բոլոր կանոններին, այն է` ունենում են սաղմնային վիճակ, մանկություն, զարգացում, գագաթնակետ, անկում եւ ավարտ: Վերածննդի պարագայում այս դիտարկումն արդեն իսկ քրեստոմատիկ ճշմարտություն է: Ճշմարիտ է այն նաեւ սոցիալիստական ռեալիզմի պարագայում, արվեստի, որը ունեցել է նախապատմություն ¥19-րդ դարի ռեալիստական պերեդվիժնիկների արվեստը¤, վաղ շրջան ¥1917 թվականի հեղափոխությունից մինչեւ 1932 թվականի բազմադեմ, խմորումներով եւ նորարարություններով հարուստ հեղափոխական նորոգման շնչով տոգորված արվեստ¤, խիստ շրջան ¥1932 թվականին լույս ընծայած «Լիտերատուրնայա գազետա» շաբաթաթերթում տպագրած գեղարվեստական իրողությունները խիստ կանոնակարգող հայտնի հոդվածից ի վեր, որը հայտնի է նաեւ ստեղծագործական միությունների կազմավորմամբ եւ ստալինյան ուղենիշով ընթացող «պանծալի իրականությունը» լուսաբանող պաթետիկ արվեստով¤, հետստալինյան ձնհալի փուլ, որը նշանաբանվեց որպես մշակութային վերելքի եւ բազմակարծության շրջան, եւ 80-ականները, որոնք ըստ էության դարաշրջանի եւ սոցռեալիզմ երեւույթի ավարտն էին:
Առաջաբանի հեղինակները խորազնին կերպով դիտարկելով «սոցռեալիզմ» երեւույթի օրգանական բնականությունը, գալիս են այն եզրակացության, որ դարակազմիկ գեղարվեստական-գեղագիտական այս հոսանքը, ինչպես ուզածդ հասարակական երեւույթ, ունեցել է թե իր բացասական, թե խիստ դրական դերն ու նշանակությունը հանրության կյանքում: Դրականը ակներեւ է, քանզի հենց սոցիալիզմի օրոք Հայաստանը կայսերական ծայրամասային գավառից վերածվեց հանրապետության եւ կառուցեց ինքնուրույն դիմագիծ, եւ մշակութային միջավայր ունեցող մայրաքաղաքը՝ Երեւանը, քանզի զարգացրեց գիտությունը եւ արդյունաբերությունը, արվեստն ու գրականությունը: Կերպարվեստի ասպարեզում հանդես եկան տարբեր սերնդի այնպիսի վաստակաշատ անհատականություններ, ինչպիսիք են Մարտիրոս Սարյանը, Հակոբ Կոջոյանը, Վահրամ Գայֆեճյանը, Սեդրակ Առաքելյանը, Երվանդ Քոչարը, Արա Սարգսյանը եւ շատ ուրիշներ: Անունների թվարկումն անհնար է եւ անիմաստ, պարզապես նշենք, որ պատկերագրքում ներգրավված են 20-րդ դարի բոլոր սերունդների հնարավորինս շատ ներկայացուցիչներ, ներառված է 202 գեղանկարչական, 51 գրաֆիկական, 63 քանդակագործական աշխատանքների վերատպություն, որոնք թե՛ ոճով, թե՛ կատարման եղանակով տարբեր են եւ բազմաբովանդակ:

Մի առիթով հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն այն հարցին՝ թե ինչ է սոցռեալիզմը, պատասխանել է. պարզապես սոցիալիստական իրականության մեջ ծավալված ռեալիզմ: Եվ ներկայացվող պատկերագրքի հեղինակները` իրենց պատկերների ընտրությամբ, հոդվածի շարադրանքով ասում են. սոցռեալիզմը բազմաշերտ, կերտվածքայնորեն բազմիմաստ գեղարվեստական մի դրսեւորում է, որը մշակութային ասպարեզ բարձրացավ 20-րդ դարի սկզբին եւ տասնամյակներ շարունակ նպաստավոր պայմաններ ստեղծեց ազգային ինքնադրսեւորման համար, չնայած իր սահմանափակումներին եւ համակենտրոնացման միտումներին:

ՎԱՐԴԻԹԵՐ ԳԱՄԱՂԵԼՅԱՆ
արվեստաբան

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30