Լրահոս
Օրվա լրահոսը

Իսպանիայի հավաքականին Մադրիդում գրեթե ոչ ոք չի դիմավորել

Հունիս 26,2014 13:50

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Բրազիլիայից արդեն վերադարձել է հայրենիք: Սակայն մայրաքաղաքի «Բարախաս» օդանավակայանում նրան գործնականում դիմավորող չի եղել:

Ոչ ոք չէր սպասում, որ աշխարհի չեմպիոնը լիազորությունները վայր կդնի արդեն խմբային մրցաշարում: Այդուհանդերձ, չնայած դառը պարտությանը, այդ երկրի գրեթե բոլոր ֆուտբոլային մասնագետները եւ ֆուտբոլասերների մեծ մասը համակարծիք են մի բանում. Իսպանիան ընդմիշտ կմնա ֆուտբոլի պատմության մեջ՝ շնորհիվ այս հավաքականի, որը ոչ միայն 2010 թվականին ՀԱՀ-ում հաղթել է աշխարհի առաջնությունում, երկու անգամ էլ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը, այլեւ ոսկերչական ճշգրիտ փոխանցումների տեխնիկայի վրա հիմնված ընտիր ֆուտբոլ առաջարկել հանդիսականին:
Այո, Իսպանիան չկարողացավ ժամանակին ավարտել սերնդափոխությունը եւ աշխարհի առաջնություն ներկայացավ վատ մարզավիճակում: Բայց դա Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարի խոսքերով չի ջնջում հավաքականի ու նրա գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի անցյալի նվաճումները: «Այլ խնդիր է, որ անհրաժեշտ է վերլուծել առաջնության նախապատրաստական փուլում թույլ տրված սխալները եւ հետեւություններ անել», – ասել է ԻՖՖ նախագահը:

Այս առումով ճշմարտությանն ամենից մոտ, թերեւս, գտնվում է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, որը լինելով ֆուտբոլի մոլի երկրպագու, հետեւում էր աշխարհի առաջնությունում Իսպանիայի մրցելույթներին: «Ռեալի», «Ատլետիկոյի» եւ «Բարսելոնի» մեր ֆուտբոլիստները չափից ավելի ուժեր էին ներդրել ազգային առաջնության՝ դրամատիկ պահերով լի վերջնամասում ու Չեմպիոնների լիգայում: Եվ Բրազիլիայում նրանց, պարզապես, էներգիան ու զգացմունքայնությունը չբավականացրեց», – ասել է աշխարհահռչակ տենորը: Իսկ մասնագետների մեծ մասը նշում է, որ այժմ թիմը կլքեն մի շարք ֆուտբոլիստներ, որոնք կազմել են հավաքականի կորիզը: Իսպանացիները այն համոզմանն են, որ Բրազիլիայում իրենց հավաքականի անփառունակ մրցելույթը ենթադրում է նոր թիմի ստեղծում, ինչի համար Իսպանիայում կան բոլոր պայմանները:
Տունդարձի ճանապարհին վայրէջքի ժամանակ ֆուտբոլիստների օդանավին հարվածել է կայծակը եւ մի լավ ցնցել: Իսպանիայում շատերը հույս ունեն, որ Բրազիլիայում ստացած ցնցումն էլ վերջինը կլինի հավաքականի համար:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30