Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ճիշտ չեն «ընկալվում» նպատակային օգտագործումն ու հանրահռչակումը

Հունիս 26,2014 13:57

Մեր մոնումենտալ ժառանգության երկու եզակի համալիրների` Զվարթնոցի եւ Գառնիի շուրջ փոթորկվող հասարակական զայրույթը, որը սկիզբ առավ սոցցանցերում եւ հետզհետե տեղափոխվեց էլեկտրոնային եւ տպագիր լրատվամիջոցներ ու հեռուստատեսային քննարկումներ, այնուհանդերձ անպատասխան թողեց գլխավոր հարցը՝ արդյոք պատմամշակութային ժառանգության պահպանության ՀՀ օրենսդրությունը նախատեսո՞ւմ է այն` ինչ տեղի է ունեցել: Ավելի ուշ հետեւեց ՀՀ մշակույթի նախարարի հրամանը՝ միջոցառումների կազմակերպման նպատակով պատմամշակութային արգելոցների եւ թանգարանների տարածքների վարձակալական հիմունքներով տրամադրման դադարեցում՝ մինչեւ նախարարության կողմից համապատասխան ընթացակարգերի սահմանումը, ինչը առանձնապես եղանակ չի փոխում: Տարօրինակ է նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի՝ Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ՀՀ օրենքի փոխարեն շարունակաբար ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենքին հղումներ անելը:

Zvartnoc_Car-2

Իմիջիայլոց, Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության ՀՀ օրենքի «Հուշարձանների օգտագործումը» գլխում հստակ ասվում է, որ հուշարձանի տիրապետումը եւ օգտագործումը պետք է կատարվի դրա պատմամշակութային արժեքի բացառիկության եւ հնարավոր կորուստների անդարձելիության գիտակցմամբ: Նույն օրենքում նաեւ գրված է. «Բացառապես գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով են օգտագործվում հին եւ միջնադարյան քաղաքատեղիները, բնակատեղիները, բերդշեները, ամրոցները, դամբարանադաշտերը, գերեզմանոցները, չգործող կամուրջները, ջրամբարները, այն եկեղեցիները, վանական համալիրները եւ այլ կառույցները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման եւ օգտագործման` իրենց սկզբնական գործառնական նշանակությամբ, ինչպես նաեւ դրանց հետ առնչվող մոնումենտալ արվեստի ստեղծագործությունները»: Սա վերաբերում է նաեւ խոնարհված Զվարթնոցին, որը ենթակա չէ ամբողջական վերականգնման եւ իր նախնական նշանակությամբ օգտագործման, ուստի չէր կարող դառնալ վարձակալական պայմանագրի առարկա, որի խայտառակ հետեւանքների մասին այդքան գրվեց: Ավելին` ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 20-ի թիվ 438 որոշմամբ հաստատվել է վերոհիշյալ օրենքի կիրառման կարգը, որի 108-րդ կետում գրված է, որ ըստ օգտագործման բնույթի հուշարձանները բաժանվում են 2 խմբի՝ ա¤ հուշարձաններ, որոնք կարող են օգտագործվել բացառապես գիտահետազոտական, գիտաճանաչողական, կրթական, մշակութային եւ զբոսաշրջության նպատակներով։ Դրանք են՝ հին եւ միջնադարյան բնակատեղիները, ամրոցները, կոթողային հուշարձանները, դամբարանադաշտերը, միջնադարյան գերեզմանոցները, հնագիտական շերտերը, պատմամշակութային եւ այլ տիպի կառույցներն ու համալիրները, որոնք ենթակա չեն ամբողջական վերականգնման եւ օգտագործման իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ, բ¤ հուշարձաններ, որոնք օգտագործվում են կամ ամրակայման եւ ամբողջական վերականգնման աշխատանքների կատարումից հետո կարող են օգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ։ Դրանք են՝ մշակութային կառույցներն ու համալիրները, վարչական, հասարակական, արդյունաբերական, առեւտրային, ուսումնական, առողջարանային, հանդիսատեսային շենքերը, բնակելի, պարտեզապուրակային, լանդշաֆտային ճարտարապետության հուշարձանները, ինժեներական եւ ջրաշինարարական կառույցները։ Մի խոսքով՝ ամեն ինչ հստակ է, չկա օրենսդրական որեւէ անկատարություն: Պետք էր ընդամենը չգայթակղվել եւ առաջնորդվել օրենքի պահանջներով: Արդյոք «հուշարձաններ, որոնք կարող են օգտագործվել բացառապես գիտահետազոտական, գիտաճանաչողական, կրթական, մշակութային եւ զբոսաշրջության նպատակներով» դրույթը հնարավո՞ր է այլ կերպ հասկանալ, ինչպես եղավ Զվարթնոցի պարագայում: Ստացվում է՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ իր ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ի կողմից պարբերաբար արհամարհվել է բնագավառի մայր օրենքը, որի պարագայում քավության նոխազ է դարձել մասնաճյուղի վարիչը:

Ճիշտ է, օրենքով 53567,1 հազ. դրամ արժողությամբ շենքերը եւ շինությունները, ինչպես նաեւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, պատմամշակութային նշանակության եւ նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, բայց մի՞թե նպատակային օգտագործման ու հանրահռչակման համարժեքը խրախճանքն է հուշարձանի հարակից տարածքում: Այսպես որ շարունակվի, հուշարձանի տարածքում մարդ սպանելը եւս կարելի է հանրահռչակում համարել:

Մեկ այլ զավեշտի մասին եւս. անցյալ ուրբաթ Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» ծրագրում հյուրընկալված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հայտարարեց, թե մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանը ազատվել է աշխատանքից, որովհետեւ արդեն իսկ ուներ 2 խիստ նկատողություն, որոնցից մեկը՝ մարտի սկզբին անցկացված ծառատունկի մասին ղեկավարությանը տեղյակ չպահելու պատճառով: Եվ սա այն դեպքում, երբ թե իր ղեկավարած ՊՈԱԿ-ի կայքը (https://hushardzan.am/ 4003/) եւ թե ողջ համացանցը «ծփում» են այդ ծառատունկի մասին լուսանկարներով: Իրանի «Արարատ» միության 70-րդ ամյակի առթիվ կազմակերպված ծառատունկին փաստորեն մասնակցել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, փոխնախարար Արեւ Սամուելյանը, երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) եւ ուրիշներ: Մի՞թե այս պաշտոնատար անձինք եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչները մասնակցել են չարտոնված ծառատունկի:

Ժամանակն է լրջորեն վերանայել Հայաստանի ժառանգության պահպանության եւ կառավարման բնագավառը: Եվ հարկ է գնալ ոչ թե օրենսդրական փոփոխությունների, որոնց կարիքը, համենայնդեպս, Զվարթնոցի դեպքում չկա, այլ արմատական կադրային…

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներում` Զվարթնոցի տարածքում  «չարտոնված» ծառատունկի
ճանաչված մասնակիցները:

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30