Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքսուալ օծանելիք՝ գումարած ներկայացում

Հունիս 26,2014 14:05

Կինոռեժիսոր Գուժ Թադեւոսյանը եւ օծանագործ,
նկարիչ Արման Մանուկյանը կներկայացնեն իրենց «7 մեղքը»

Երիտասարդ կինոռեժիսոր Գուժ Թադեւոսյանի (լուսանկարում) «Երբ կրկեսը ժամանեց» մանկական խաղարկային ֆիլմը վերջերս մասնակցեց ՌԴ Յարոսլավլի մարզում 4-րդ անգամ անցկացվող «Լույս աշխարհին» միջազգային երիտասարդական կինոփառատոնին: Մասնակից 10 երկրից 570 ֆիլմերի շարքում «Խաղարկային ֆիլմ» անվանակարգում հայ կինոռեժիսորի աշխատանքը արժանացել է 3-րդ մրցանակի:

Երիտասարդ կինոռեժիսորի դեբյուտը 2008թ. դրամատիկ ներկայացում էր՝ Ռյունոսկէ Ագուտագավայի «Թավուտում» պիեսը, իսկ 2011-ին նրա ռեժիսուրայով «Մարգար պապը» կարճամետրաժ ֆիլմը երեք տարիների ընթացքում մասնակցել է 25 երկրում կայացած հեղինակավոր կինոփառատոների (Ռուսաստանի, Իտալիայի, Շվեյցարիայի, Բելառուսի, Ղազախստանի եւ այլն)՝ արժանանալով մրցանակների:

Կինոռեժիսորի հետ հանդիպման ժամանակ «Առավոտը» հետաքրքրվեց նրա թատերական փոքր-ինչ տարօրինակ թվացող նախագծով, որը կկայանա հայաստանյան իրականությունում առաջին անգամ արտադրված օծանելիքի շնորհանդեսին: Գուժ Թադեւոսյանը հայտնեց. «Օծանելիքի գաղափարը հղացել ենք ես ու ընկերս՝ նկարիչ, օծանագործ Արման Մանուկյանը: Նրա 7 կտավների հիման վրա էլ իմ սցենարով բեմադրել եմ «7 մեղք» պիեսը»: Անդրադառնալով օծանելիքին՝ արվեստագետն ասաց, որ դեռեւս 4 տարի առաջ են որոշել ստեղծել տղամարդու եւ կնոջ հայկական օծանելիք, որպես հումք օգտագործել են հայկական լեռնաշխարհի ծաղիկները: Կարճ ասած՝ այն, ինչ աճում է մեզ մոտ: Հարցին՝ իրենք պահպանե՞լ են օծանելիք պատրաստելու դասական եղանակը, այն է՝ օգտագործել ավելի քան 300 բնական ու սինթետիկ բուրավետ նյութեր, Գուժը պատասխանեց. «Մենք օգտվել ենք միմիայն բնական հումքից, ոչ մի գրամ սինթետիկ նյութ չենք օգտագործել: Սակայն «դրսից» բերել ենք եթերային յուղեր, այդ թվում՝ ամբրա, մուսկուս եւ այլն: Ներկայացումն ու շնորհանդեսը պլանավորել ենք աշնանը»:
Դիտարկմանը՝ փաստորեն երիտասարդ արվեստագետները փոքր բիզնես են հիմնել, մեր զրուցակիցն առարկեց. «Սա բիզնես չէ, սա նախագիծ է»:

Կատակեցինք, թե իրենց «հորինած» բույրը սեքսուա՞լ է: Գուժը պատասխանեց. «Թող ամպագոռգոռ չհնչի, բայց մենք ակնկալում ենք հարյուր տոկոսանոց արդյունք: Եթե վստահ չլինեինք՝ չէինք նախաձեռնի: Ինչ վերաբերում է սեքսուալությանը, ապա դա կախված է օգտագործողից: Ի վերջո, ցանկացած բույր հաճելի է, երբ այն ներդաշնակվում է տվյալ անձի արտաքինի ու ներքինի հետ»:

Գուժ Թադեւոսյանը նշեց, որ օծանելիքը տարբեր ժամանակներում առիթ է հանդիսացել գրական ստեղծագործությունների ծնունդի: Նա փաստեց, որ օրերս «Անտարես» մեդիա հոլդինգը գերմաներենից թարգմանաբար (թարգմանիչ՝ Կարլեն Մատինյան) հրատարակել է Զյուսքինդ Պատրիկի «Օծանելիք. մի մարդասպանի պատմություն» ամենահայտնի վեպը, որը ոչ սովորական, այլ մարդասպան-հանճարի մասին է, որը ձգտում էր ստեղծել կատարյալ օծանելիք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30