Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձություններով լի կիրակի

Հունիս 26,2014 14:10

Կամ՝ մնամ սպասող փրկարարիդ

Հունիսի 22-ը իմ եւ ընկերուհուս կյանքում նշանավորվեց եւս մեկ իրադարձությամբ, այն կապ չունի Երկրորդ աշխարհամարտի հետ, բայց հետո հիշեցրեց կենաց-մահու պայքարի նման մի բան… Քանի որ այս հունիսի 22-ը դարձյալ կիրակի օր էր, իսկ դա ամառանոցատերերի համար նշանակում է անքուն գիշեր, քանզի շաբաթվա մեջ ծառերը ջրելու միակ օրն է, ես էլ ընկերուհուս հետ գիշերեցի մեր ամառանոցում: Կեսօրին քիչ ժամանակ էր մնացել, երբ ընկերուհիս, որ գնացել էր խմելու ջուր վերցնելու սենյակից, լեղապատառ մի ճիչ արձակեց, դռան ուժեղ չխկոց լսեցի ու նա դուրս թռավ: Սկզբում կարծեցի, թե դաշտամուկ է տեսել, մանավանդ, որ ողջ գիշեր տանը տարօրինակ շարժում կար, որ նման չէր առաջներում լսածս կրթկրթոցներին…Վախեցածը նկարագրեց մոխրագույն, մոտ 2 մ երկարություն ունեցող օձին, որը նման չէր անցյալ տարի բակում հանդիպածս շախմատային գունավոր տախտակին, ավելի ճիշտ՝ հիշեցրել էր երկնքից նկարած մեր Հանրապետության հրապարակի արեւելյան անճաշակ գորգը, իսկ այդ պարագայում զարմանալիորեն գեղեցիկ, ճոխ էր…Ինչեւէ… վախեցած ընկերուհուս՝ Հասմիկին ուղարկեցի հարեւանների հետեւից, իսկ ես զանգահարեցի 911 ծառայություն, ներկայացա, որ լրագրող Գոհար Արշակյանն եմ, ասացի, որ ես այգում եմ, բնակարանումս օձ է տեսել ընկերուհիս, թելադրեցի մեր հասցեն՝ 53 միկրոտարածք, 4-րդ փողոց, 3-րդ տուն, նկարագրեցի ամառանոցի տեղանքը՝ Շորբուլաղում ՄՎԴ (ՆԳՆ)-ի դաչան է, Մասիս-Ձրվեժ ճանապարհի վրա կա ցուցանակ՝ սեւ ցորենի մասին «Էրեբունի» արգելոցի, Էրեբունուց գալիս՝ աջ պետք է մտնել, գրունտային ճանապարհով գալ ուղիղ 3 կմ, կտեսնեք նույն ցուցանակից, որն ազդարարում է սեւ ցորենի արտի մասին, դիմացն իմ այգին է, ես ջրում եմ ծառերը, ներս չեմ գնա… Իսկ ավելի բարձրադիր դիրքում, փաստեցի, որպես ուղենիշ՝ բլրալանջին շատ հեռվից էլ երեւացող կանաչ դոմիկը, որը լաբորատորիա է…Փորձեցի կես ժամ անց կրկին զանգել, պատասխանեցին այս անգամ ոչ այնքան սիրալիր, ինչպես առաջին զանգիս էին արձագանքել, թե Ձեր զանգը սպասարկման մեջ է… զգուշացրի, որ իմ ձեռքի հեռախոսն «Օրանժ» է, իսկ դրա կապն այդ տարածքում հաճախ կորչում է, պահանջեցին 2-րդ հեռախոսահամար, որը, ցավոք, դարձյալ «Օրանժ» էր եւ մնացել է սենյակում: Հեռախոսագիրքս էլ քրքրել չէի կարող, քանզի կարդալու ակնոցներս էլ էին տանը: Քանի որ առավել քան մանրակրկիտ էի նկարագրել, մեզ բավականին ապահով զգացինք ու հավատով մնացինք սպասող ԱԻՆ փրկարարներին՝ 1 ժամ, 2… 3…4… Եվ այլեւս ամռան տապին անհնար էր դրսում մնալը, հարեւանի ներկայությունից գոտեպնդվելով՝ մտանք սենյակ… նա ստուգեց բոլոր կասկածելի անկյունները, նրա հեռախոսից էլ զանգահարեցինք որդուս, պատմեցինք եղելությունը, որ չենք կարող գիշերել եւ երեկոյան 20-անց 10 հեռացանք տարածքից: Տուն հասնելուն պես, ժամը 20 անց 52 րոպեին, փորձեցի պարզել արագ արձագանքման խմբի ընդհանրապես չարձագանքելու պատճառները, կրկին հավաքեցի 911-ը: Խոսեցի մայոր Պետրոսյանի հետ…ասաց, որ փրկարարների խումբը Չարբախից էր գալու, կուշանար, արդարացավ, թե եկել են, փնտրել են եւ չափազանցություն չլինի՝ մի 50 անգամ էլ զանգել են, սակայն իմ հեռախոսը չի արձագանքել: Պարզաբանեցի, որ զգուշացրել էի վատ կապի մասին, մանրակրկիտ էլ նկարագրել էի, ներկայացել էի: Ինչեւէ: Տիկին Պետրոսյանը վստահեցրեց, որ ողջ ձայնագրությունը կլսեն նորից, հետաքրքրվեց իմ հաջորդ այցելության օրով, ասացի, որ 2 շաբաթից եմ գնալու: Որոշել եմ այս անգամ անձամբ նրանց ուղեկցել: Փրկարարներին բարի ծառայություն մաղթեցի ու հասկացա՝ որքան հեռու ենք քաղաքակրթությունից… Երեւանի տարածքում, Էրեբունու վարչական շրջանի գրանցումն ունեցող բաց տարածքում, մի ողջ նախարարության փրկարար ծառայությունը չի կարողացել գտնել «աղետյալներին»: Էլ ինչի՞ է պետք այդ ծառայությունը կամ աշխարհին զարմացնող սեւ ցորենի միակ արգելոցը, որի տեղանքն ամեն դպրոցական կպարզեր maps.googl.com ծրագրով…

Գ. ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30