Լրահոս
Օրվա լրահոսը

Պետը զինվորին չի թույլատրել գնալ լվացարան ու ասել է, որ գնա զորանոց

Հունիս 26,2014 14:15

Զինվորը գնացել է դեպի զորանոց եւ ասել՝ «էս ովքեր են»: Ու դա պատճառ է դարձել զորամասերից մեկում տեղի ունեցած վիճաբանության, որը քրեական գործ դարձավ, ի վերջո, ուղարկվեց դատարան:

2014թ. մայիսի 6-ին Ռոլանդ Ստեփանյանին Սյունիքի մարզի դատարանը դատապարտեց ազատազրկման 4 տարի 7 ամիս 5 օր ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվելու, դատարանն էլ սահմանեց փորձաշրջան 4 տարի ժամկետով:
Ռոլանդ Ստեփանյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:
Զինծառայող Գարիկ Հայրիյանն էլ դատապարտվեց կալանքի՝ 2 ամիս ժամկետով, իսկ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց հրամանատարության հսկողության հանձնելը, թողնվեց անփոփոխ:

Շարքային Ռոլանդ Ստեփանյանը երրորդ մեղադրյալն էր, որի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության 6-րդ կայազորային կարգապահական վաշտի պահպանության ջոկի հրաձիգ, պայմանագրային զինծառայող, 2013թ. սեպտեմբերի 7-ին, նշանակված լինելով որպես կարգապահական վաշտի հերթապահի օգնական, «օժտված լինելով կարգադրիչ եւ վերահսկողական լիազորություններով, ժամը 20.30-ի սահմաններում, կարգապահական վաշտի զորանոցի մուտքի դռան մոտ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` կարգապահական վաշտում տույժ կրող զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Հայրիյանի կողմից ննջարանից դուրս գալու ցանկություն հայտնելու եւ իր կողմից նրան արգելելու կապակցությամբ», խախտել է ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագրքի եւ ՀՀ ԶՈՒ Կարգապահական կանոնագրքի մի շարք հոդվածների պահանջները: Նա վիճաբանության մեջ էր մտել վերջինիս հետ: Ապա բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Գարիկ Հայրիյանի նկատմամբ, մեկ անգամ հարվածել վերջինիս դեմքին: Գարիկին պատճառել էր քթի սալջարդ, քթոսկրերի կոտրվածք, այսինքն՝ միջին ծանրության մարմնական վնասվածք՝ առողջության տեւական քայքայումով:

Ռոլանդ Ստեփանյանը կարգապահական վաշտի հսկիչի սենյակում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ, կարգապահական վաշտում տույժ կրող` շարքային Արաբո Հակոբյանին արգելել էր վաշտի լվացարան գնալ: Շարքային Արաբո Հակոբյանի հետ վիճել էր, նրան պատճառելով քթի սալջարդի, քթային արյունահոսության եւ կրծքավանդակի սալջարդի ձեւով մարմնական վնասվածք` առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:
Նախաքննության մարմնի կողմից Արաբո Հակոբյանին էլ է մեղադրանք առաջադրվել: Արաբոն հանդիսանալով ՊԲ զորամասի կառավարման դասակի ավագ ռադիոհեռախոսավար, կոչումով շարքային, վիճաբանության մեջ է մտել պետի՝ Ռոլանդ Ստեփանյանի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` հարվածներ հասցրել, պատճառելով քթոսկրերի առանց տեղաշարժի կոտրվածքի ձեւով մարմնական վնասվածք` առողջության թեթեւ վնաս` առողջության կարճատեւ քայքայումով:

Գարիկ Հայրիյանն էլ տույժ կրելու ժամանակ վաշտի զորանոցում, այլ զինծառայողների ներկայությամբ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ վիճաբանել է Թ. Ստեփանյանի հետ: Ըստ գործի նյութերի, անպարկեշտ ձեւով ստորացրել է Ռ. Ստեփանյանի պատիվն ու արժանապատվությունը, վերջինիս հասցեին տվել է հայհոյանք:

Առաջադրված մեղադրանքում դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ռոլանդ Ստեփանյանը, Արաբո Հակոբյանն իրենց մեղավոր են ճանաչել լիովին եւ օգտվելով իրենց դատավարական իրավունքից՝ հրաժարվել են ցուցմունք տալ առաջին ատյանի դատարանում:

Այդ իսկ պատճառով հրապարակվել են ամբաստանյալ Արաբո Հակոբյանի, Ռոլանդ Ստեփանյանի նախաքննական ցուցմունքները: Իսկ ամբաստանյալ Գարիկ Հայրիյանն իրեն մեղավոր է ճանաչել լիովին:

Վկաներից Ա. Անանյանը դատաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, որ ըստ սահմանված գրաֆիկի՝ ինքն ընդգրկված է եղել որպես հերթապահ: Քանի որ Ա. Հակոբյանը կանգնած է եղել միջանցքում եւ ցանկացել է գնալ լվացարան, սակայն Ռ. Ստեփանյանը նրան չի թույլատրել ու ասել է, որ գնա զորանոց: Ա. Հակոբյանը քայլելով գնացել է դեպի զորանոց եւ ասել` «էս ովքեր են»: Դա լսելով՝ Ռ. Ստեփանյանը նրան կանչել է հերթապահների համար նախատեսված սենյակ ու հարցրել, թե ինչի է նման բան ասել, իսկ Ա. Հակոբյանը պատասխանել է, որ նման բան չի ասել: Ըստ գործի նյութերի՝ վկան նաեւ հայտնել էր. «Ռ. Ստեփանյանը նրան ասել է, որ սուտ չասի եւ Ա. Հակոբյանին հրել է դեպի մահճակալը եւ ընկել նրա վրա: Ա. Հակոբյանը պառկած դիրքից հարվածել է Ռ. Ստեփանյանի որովայնին: Ա. Հակոբյանը հայհոյել է, դրանից հետո Ռ. Ստեփանյանը նրան նորից է հրել դեպի դարակները: Նրանք սկսել են միմյանց քաշքշել, վիճաբանել: Ինքն ու Ա. Մանգասարյանը բաժանել են նրանց: Երբ Ա. Հակոբյանը շրջվել է դեպի իրենց, իրենք տեսել են, որ վերջինիս աչքի տակ կապտուկ կա, իսկ քթից արյուն է հոսում»: Դեպքի մասին զեկուցվել է վերադաս հրամանատարությանը:

Ամբաստանյալներ Ռոլանդ Ստեփանյանի եւ Արաբո Հակոբյանի նկատմամբ պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի առավ այն, որ Ռ. Ստեփանյանը 11.12. 2013թ. մինչեւ 06.05. 2014թ., իսկ Ա. Հակոբյանը 13.12.2013թ. մինչեւ 06.05.2014թ. գտնվել են նախնական կալանքի տակ: Հետեւաբար նշանակվելիք պատժաչափի մեջ հաշվակցվել են նշված ժամկետները: Վերջիններս գտնվելով նախնական կալանքի տակ՝ զգացել են իրենց սխալը, զղջացել կատարածի համար:

«Առավոտի» տեղեկություններով, գործը գտնվում է վերաքննիչ քրեական դատարանում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30