Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակը կտրոհվի՞, թե՞ կհամագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ

Հունիս 26,2014 14:41

«Ռոբերտ Քոչարյանը շատ մեծ ուշացումով խոսեց հարցերի շուրջ, որոնց մասին մենք մեր կարծիքները հնչեցրել էինք: Չեմ կարող չընդունել, որ նա եւս այդ ամենում տեսնում է հանցագործ անտարբերություն, պետական շահերի ոտնահարում, կոռուպցիա եւ այլն, բայց չէ՞ որ այդ հիմքերը նոր չեն դրվել: Ու երբ խոսում է Ռոբերտ Քոչարյանը, ակամայից հիշում ես այն արմատները, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք են ներդրվել Հայաստանում: Դրանց «պտուղներն» այսօր մենք քաղում ենք»,- «Առավոտի» հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք. ՀՀ երկրորդ նախագահը մտահոգված է «Որոտան»-ի վաճառքի ձեւով, կարմիր գծանշումների գումարների չափով, ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիաներ տալով եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի ներդրմամբ:

«Առավոտի» հարցին` նկատի առնելով, որ մտահոգությունները համընկնում են, հնարավո՞ր է, որ խորհրդարանական քառյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը», համագործակցեն Ռոբերտ Քոչարյանի հետ, Լյուդմիլա Սարգսյանը քաղաքականության մեջ ոչինչ չբացառելով՝ իբրեւ ՎՀԴՀԿ ատենապետ, իր վերապահումներն արտահայտեց. «Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն ունի համագործակցելու ցանկություն: Ի՞նչ կորոշի քառյակը, հնարավո՞ր է այդ համագործակցությունը՝ ասել չեմ կարող, բայց ես ու իմ կուսակիցները չենք մոռացել 2008 թվականը: Կարծում եմ՝ բազմաթիվ մարդիկ դա չեն մոռացել: Չէ՞ որ 10 անմեղ զոհ ենք ունեցել, եւ առ այսօր հանցագործությունն իրականացնողները չեն պատժվել: Ինձ համար մի փոքր դժվար է պատկերացնել, որ նման համագործակցություն կկարողանանք իրականացնել, կամ ընդհանրապես նման ցանկություն կլինի»:

Իսկ հավանակա՞ն է, որ քառյակը մինչեւ աշուն` ամփոփիչ հանրահավաքը, տրոհվի, քանի որ երեկ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հնարավոր էր համարել Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հավանականությունը: «Ես չեմ ուզում մտածել, որ քառյակը կարող է տրոհվել, որովհետեւ մեր նպատակները չափից դուրս մեծ են, ու մեզ մտահոգող` մեր երկրի խնդիրները մեզ միավորել են: Մենք իրավունք չունենք մասնատվելու, քանի որ այդ խնդիրների լուծումը հասարակությունն ակնկալում է նաեւ քառյակից»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը` նկատելով, որ թեեւ դեռեւս խնդիրները լուծել չի հաջողվել, բայց համատեղ հանդես գալ, դրանք բարձրաձայնել` հաջողել են: «Ուզում եմ բացառել, որ քառյակը ինչ-որ պահի կարող է դադարեցնել համագործակցությունը, որովհետեւ չափից դուրս լուրջ վիճակ է երկրում, եւ մեր համախմբումը, համատեղ աշխատանքը հույս են ներշնչում, որ կա մի ուժ, որի շուրջ հնարավոր է կոնսոլիդացիա իրականացնել եւ հետագա պայքարը տանել, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Ու եթե հասարակությունն ապատիայի մեջ է, դա եւս ընդդիմության ոչ միասնականության արդյունքն է: Բայց այսօր մենք հնարավորություն ունենք միասնականությունը զարգացնելու եւ հույս ներշնչելու, որ կարող ենք երկրում իրավիճակ փոխել` ժողովրդի, հասարակական, քաղաքացիական շարժումների օգնությամբ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30