Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը վերակենդանացնում է ԵԽԽՎ-ում ԼՂՀ խնդրով ենթահանձնաժողովի հարցը

Հունիս 26,2014 14:50

Ինչո՞ւ հայաստանցի պատվիրակները
չհակադարձեցին Իլհամ Ալիեւի հիստերիային

«Ճիշտ են արել, քանի որ հայաստանյան պատվիրակների որեւէ հարցադրում կօգտագործվեր հենց հայկական պատվիրակության դեմ: Բացարձակապես անիմաստ էր որեւէ հարցադրում անելը, որովհետեւ այլոք ասում էին այն, ինչը որ մենք պետք է ասեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում տեղի ունեցածին: Հիշեցնենք. Ստրասբուրգում շարունակվում են ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Երեկ ԵԽԽՎ-ի ամբիոնից ելույթ է ունեցել այդ կառույցում նախագահող երկրի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա, բնականաբար, խոսել է ԼՂՀ հարցի մասին` նկատելով, որ «հակամարտությունը դեռ սառեցված չէ»: Ալիեւն իր ելույթի այս հատվածում շարունակել է «ադրբեջանական երգն» այն մասին, որ ԼՂ-ն Ադրբեջանի պատմական մասն է, որ ՀՀ-ն «օկուպացրել» է իրենց տարածքները, ու մեկ միլիոն ադրբեջանցիներ բռնի տեղահանվել են իրենց հողից: Ալիեւը հեգնական ակնարկով նկատել է, որ Հայաստանն անգամ չի ճանաչում ԼՂ անկախությունը: Մեջբերելով համանախագահող երկրների նախագահների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ-ի նախագահների հայտարարություններն այն մասին, որ «ստատուս քվոն» անընդունելի է, Իլհամ Ալիեւը ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել է. «Այս իրավիճակը, որն այժմ հաստատվել է երկու երկրների միջեւ, հավերժ ձգվել չի կարող: Մենք ակնկալում ենք Հայաստանի կողմից համարժեք մոտեցում»:

Այնուհետեւ, պատասխանելով իր երկրում մարդու իրավունքների ժողովրդավարության նահանջին վերաբերող հարցերին, Ադրբեջանի նախագահը Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարային մեղադրել է Ադրբեջանի հանդեպ կողմնակալ վերաբերմունքի մեջ: Կոպտորեն դիմելով Մայքլ Մաքնամարային՝ Ալիեւն ասել էր, որ նրա պատրաստած զեկույցը «կողմնակալ տեղեկությունների վրա է հիմնված»՝ հավելելով, որ պատվիրակն արդեն մի քանի անգամ փորձել է վիրավորել Ադրբեջանին: Պատվիրակների յուրաքանչյուր երկրորդ հարցը վերաբերել է Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին, ինչն էլ ակնհայտորեն զայրացրել է Իլհամ Ալիեւին: Ալիեւն ասել էր, որ սա դավադրություն է Ադրբեջանի դեմ, եւ նման հարցերը, հնարավոր է, տալիս են նրանք, «ովքեր շահագրգռված են» դրանում: Նա նույնիսկ հայտարարել է, թե Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրներն ունեն «աշխարհաքաղաքական պատճառներ»: Ապա ստի մեջ է մեղադրել Մեծ Բրիտանիայից պատվիրակ Փոլ Ֆիլինին, որը «համարձակվել էր» հարցնել Ադրբեջանում լրագրողների վրա հարձակումների մասին: «Դուք ստում եք: Դա սուտ է»,- պատվիրակի վրա մատ թափ տալով եւ ձայնը բարձրացնելով ասել է Ադրբեջանի նախագահը:

Հայաստանյան պատվիրակության անդամները լռել են, ինչն էլ Հայաստանում տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը (ՀՀԿ), անդամներն են` Նաիրա Կարապետյանը (ՀՀԿ), Լեւոն Զուրաբյանը (ՀԱԿ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ):

«Առավոտի» դիտարկմանը` մեր պատվիրակների լռությունը մեկնաբանվեց իբրեւ պատվիրակության թույլ լինելու պատճառ, Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքն այդ կարծիքին չէ. «Մեզ մոտ ամեն ինչին նայում են փողոցի կռվի մակարդակով, սա դիվանագիտություն է, խորհրդարանական դիվանագիտություն: Այստեղ պետք չէ աչոկներ հավաքել, պետք է, որ հակառակորդը պարտվի, իսկ նա պարտվում է այլոց ձեռքերով: Պետք չէ խառնվել դրան: Քո հակառակորդը պարտվում է առանց քո միջամտության, ընդ որում՝ ձախողվում է ԵԽԽՎ-ի օրակարգի հարցերով: Մեր պատվիրակության միջամտությունը կխառներ այդ հնարավորությունը»: Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե մեր պատվիրակները խառնվեին այդ վեճին, այն կվերածվեր հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական վեճի, որից Եվրոպան «զզվել» է:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն Aravot.am-ի հետ զրույցում հայաստանյան պատվիրակության պասիվությունը բնութագրել է նաեւ Հայաստանի պրոռուսական կեցվածքով. «Այն հանգամանքը, որ Հայաստանը բացահայտ վերցրել է պրոռուսական ուղղվածություն եւ Ռուսաստանի կողքին է կանգնել, սրանով Ռուսաստանի վարկաբեկված լինելը տարածվել է նաեւ Հայաստանի վրա»: Խոսրով Հարությունյանը չի կիսում այդ կարծիքը` նկատելով, որ այնպես չէ, որ ԵԽԽՎ-ում բոլորը մտահոգ են հայ-ադրբեջանական կոնֆլիկտով: «Նրանց ավելի շատ հետաքրքիր է` արդյոք ԵԽԽՎ-ում նախագահող երկիրն ունա՞կ է ԵԽ-ի մանդատով ամրագրված քաղաքական եւ իրավական խնդիրներն իր իսկ երկրում ապահովել: Դա անհամեմատ ավելի կարեւոր է` Ադրբեջանի միջազգային վարկը գնահատելու տեսանկյունից, քան հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Ընդ որում, նաեւ կարծիք է հնչել, որ նման իրավիճակում գտնվող երկիրը` Ադրբեջանը, ինչպե՞ս կարող նախագահել ԵԽԽՎ-ում: Ի՞նչ եք կարծում՝ արժե՞ր փոխել ուղղվածությունը դեպի հայ-ադրբեջանական կոնֆլիկտ: Ոչ, քանի որ դա ուղղակիորեն կբխեր ադրբեջանցիների շահերից: Ադրբեջանը տանուլ է տալիս մարդու իրավունքների ոլորտում, ու պետք չէր, որ հայերը փորձեին այլ հարթություն տեղափոխել վեճը»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Ի դեպ, «Առավոտի» տեղեկություններով՝ Ադրբեջանը ԵԽԽՎ-ում ընդդեմ Հայաստանի եւս մեկ քայլ է նախաձեռնել` օգտագործելով նախագահողի իր դիրքը: Ադրբեջանցիները պատրաստվում են շրջանառության մեջ դնել մի փաստաթուղթ, որով ենթադրվում է ԵԽԽՎ-ում ԼՂՀ հարցով զբաղվող ենթահանձնաժողով ստեղծել: Նման մի նախաձեռնությամբ Ադրբեջանը ժամանակին հանդես եկավ եւ հաջողեց: Դա ՀՀ ԱԺ-ում Տիգրան Թորոսյանի նախագահության տարիներն էին: Հետագայում այդ հանձնաժողովի էջը ԵԽԽՎ-ում փակվեց, միայն այն պատճառով, որ ԵԽԽՎ-ում վերակազմավորվեցին որոշ հանձնաժողովներ, ԵԽԽՎ-ն ունեցավ նոր նախագահ, ինչը բերեց Բյուրոյի նոր կազմի ձեւավորմանը: ԵԽԽՎ Բյուրոյի նոր նախագահ Ժան Կլոդ Մինյոնն առաջարկել է նոր կոնսուլտացիաներ սկսել ենթահանձնաժողովի վերաբերյալ` քննարկելու համար, թե արդյոք նպատակահարմա՞ր է ԵԽԽՎ ձեւաչափում շարունակել ենթահանձնաժողովի գործունեությունը:

Ավելի վաղ ադրբեջանցի պատվիրակ Էլհան Սուլեյմանովը շրջանառության մեջ էր դրել մի փաստաթուղթ, որով առաջարկում է ՌԴ-ի պատվիրակության օրինակով ՀՀ պատվիրակության նկատմամբ էլ պատժամիջոցներ կիրառել, քանի որ ՀՀ-ն էլ Ադրբեջանի 20 տոկոսն է «օկուպացրել»: Ադրբեջանցի պատվիրակը 58 ստորագրություն էր հավաքել: Այդ հարցը կքննարկվի ուրբաթ օրը: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն Aravot.am-ի հետ զրույցում վստահություն էր հայտնել, որ այն հօգուտ ներկայացնողի չի հանգուցալուծվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30