Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ նույն հիմնարկը չի կարող միասնական հաշվով վճարել գազի վճարը

Հունիս 26,2014 14:59

Պատգամավորը հարց է բարձրացնում,
իսկ «Գազպրոմ-Արմենիան»՝ պարզաբանում

Երեկ կայացած ասուլիսի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, խոսելով ԱԺ գազի հանձնաժողովի աշխատանքների մասին, ներկայացրեց «կոպտագույն խախտումների, մախինացիաների» երկու օրինակ, ինչի շնորհիվ «Գազպրոմը», ըստ պատգամավորի, թալանում է ժողովրդին:

Օրինակներից մեկը հետեւյալն էր. եթե որեւէ ընկերություն մի քանի մասնաշենք ունի, եւ ցանկանում է բոլորի համար միասնական հաշվով վճարել գազի վարձը, «Գազպրոմը» թույլ չի տալիս, ամեն շենքի համար առանձին է վերցնում, եւ եթե ընկերությունը բոլորի համար միասնական հաշվով վճարեր, գուցե 10 հազար խորանարդ մետր ծավալն անցներ եւ այդպիսով վճարեր շատ ավելի մատչելի գին: Հիշեցնենք, որ խոշոր գազ սպառողները՝ 10 հազար խմ-ից ավելի, վճարում են 270 դոլար՝ 1000 խմ-ի համար, այն դեպքում, երբ քիչ ծավալով սպառողները՝ 389 դոլար: Հաջորդ օրինակը հետեւյալն էր. «Յուրաքանչյուր շենքում, այստեղ էլ կա, էս շենքում հաշվիչ կա, դուք վառում եք 1000 խմ, տեսուչը գալիս է, գրում է 1000, բազմապատկում է 1,2-ով, դու պետք է մուծես 1200 խմ-ի համար: Ասում ես՝ ինչի՞, ասում է՝ դու շատ ես վառում, ճնշման գործակից կա, եւ մուծում ես 1200-ի համար, ասում ես՝ թուղթ տուր, ասում է՝ թուղթ չկա: Սա բաց կողոպուտ է, մաֆիա չէ, բաց կողոպուտ է»:

Այս կապակցությամբ «Առավոտը» «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նույն հիմնարկը վճարում տարբեր հաշիվներով՝ տարբեր մասնաշենքերի համար, եւ ինչո՞ւ չի կարող նույն հաշվապահը, նույն կառավարումն ունեցող հիմնարկը վճարել միասնական հաշվով, թեկուզ եւ դա ավելի էժան լինի:

«Գազպրոմ-Արմենիա»-ի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը մեր հարցին պատասխանեց. «Առաջին հայացքից ասվածի մեջ կարելի է տրամաբանություն գտնել, եթե շրջանցենք մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող եւ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագների տարբերակման տնտեսական հիմնավորումներն ու մեթոդաբանությունը: Հակիրճ անդրադառնալով հարցին՝ նշենք, որ ՀՀ գազամատակարարման համակարգը բաղկացած է բարձր, միջին եւ ցածր ճնշման գազատարներից, որոնց շահագործումը եւ սպասարկումը պահանջում են իրարից զգալիորեն տարբերվող ծախսեր:

Խոշոր սպառողները հիմնականում օգտվում են բարձր եւ միջին ճնշման գազատարներից: Գազի սպառման ընդհանուր կառուցվածքում նրանց կողմից սպառված գազի ծավալների տեսակարար կշիռն ավելի շատ է, սակայն շահագործման եւ սպասարկման ծախսերը` համեմատաբար ցածր:

Մինչդեռ բնակիչները հանդիսանում են գազամատակարարման համակարգի վերջին օղակի սպառողներ, եւ նրանց գազամատակարարումը պահանջում է միավորի բերված ավելի մեծ ծախսեր եւ ներդրումներ:

Սահմանված սակագները հաշվարկված են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդաբանությամբ, որը հիմնված է լուրջ տնտեսական կատեգորիաների եւ տնտեսագիտական հիմնավորումների վրա եւ պոպուլիստական լուծումներ չի ընդունում»:

Մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ է ինչ-որ ճնշման գործակցով բազմապատկվում մեր ծախսած գազի ծավալը, եւ արդյունքում վճարում ենք ավելի շատ, քան ծախսել ենք, տիկին Սարդարյանը պատասխանեց. «Խոսքը, հավանաբար, ճշգրտման գործակցի մասին է: Ասեմ, որ այն չի կիրառվում բնակիչ-բաժանորդների պարագայում, կիրառվում է ԳՄՕԿ-ի համաձայն՝ բացառությամբ բնակչության: Եթե պարոն Մանուկյանը ունի հակառակն ապացուցող փաստեր՝ կխնդրեինք, որ ներկայացներ: Իսկ մյուս դեպքերում, ինչպես նշեցի, կիրառվում է ԳՄՕԿ-ի («Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոններ») համաձայն՝ կրկին հաստատված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30