Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հյուրընկալվել էր ՀՀ- ում Չինաստանի ժողովրդական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Զրույցն այնքան էլ հետաքրքիր մթնոլորտում չընթացավ` կապված լեզվական խնդիրների հետ. Գյումրու քաղաքապետը խոսում էր հայերեն, նրա խոսքը քաղաքապետարանի աշխատակիցը թարգմանում էր ռուսերեն, դեսպանի չինացի թարգմանիչն էլ, պարոն Բալասանյանի թարգմանչի խոսքը ռուսերենից չինարեն էր թարգմանում: Մի խոսքով, 1 ժամանոց հանդիպման կեսը թարգմանություն էր: Սամվել Բալասանյանը, երբեմն նեղվելով իր խոսքի երկարատև փոխանակումից, սկսում էր ռուսերեն խոսել` փորձելով անմիջական կապ հաստատել այս լեզուն փոքր -ինչ հասկացող դեսպանի հետ:
Կարդացեք նաև
Ինչևէ, լեզվական առումով այսպիսի բարդություն ներկայացնող հանդիպման ժամանակ քննարկվեց հետագա համագործակցության հարցերը, Սամվել Բալասանյանը խոսեց Գյումրու փողոցներում չինական լամպեր տեղադրելուց, չմոռացավ նաև շեշտել, որ իր որդին մագիստրոսական կրթություն է ստանում Չինաստանում ու վերջում սկսվեց նվերների փոխանակում:
Գյումրու քաղաքապետը Չինաստանի դեսպանին նվիրեց հայկական կոնյակ` ինչ-որ տեղ գովազդելով մեր խմիչքը, որից, սակայն, հետ չմնաց դեսպանը: Սամվել Բալասանյանի կողմից նվերներ ստանալուց հետո դեսպանը իր պատվիրակության անդամներին հանձնարարեց ներս բերել մեծ պայուսակներով նվերները ու հարկ համարեց պարզաբանել, որ դրանց մեջ չինական օղի է:
Մենք դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ուզում այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն `մտածելով, որ գուցե ներդրո՞ւմներ է ուզում կատարել, սակայն դեսպանն ասաց, որ իրենց երկրում հազարավոր այդպիսի տեխնոպարկեր կան, ուղղակի ուզում է ուսումնասիրել այս ոլորտում հայկական փորձը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ