Կառավարությունը բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին հանձնարարում է գումար գտնել Արարատյան դաշտավայրի ջրօգտագործողման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգ ներդնելու համար. ֆինանսավորում գտնելու համար հանձնարարվում է բանակցել միջազգային դոնոր երկրների կամ կազմակերպությունների հետ: Կառավարությունը վաղվա նիստում, հավանաբար, հավանություն կտա այդ համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին: Ինչպես նշված է կառավարության նիստի օրակարգում, Արարատյան դաշտի ջրօգտագործողների համար այդ համակարգը ներդրման համար միջազգային կառույցներից ֆինանսավորում են փորձում ստանալ, որպեսզի ծրագրի իրականացման առաջին փուլում կառավարությունն ապահովվի ենթաավազանային պիլոտային ծրագիր` առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին:
Բնապահպանության նախարարությունը վստահեցնում է, որ այս համակարգի ներդրման նպատակն է` «Ջրօգտագործման ծավալների նկատմամբ առցանց հսկողության իրականացումը, ապահովելով շահառուների համար տեղեկատվության հասանելիությունը: Ծրագրի մշակումը եւ շահագործումը պետք է իրականացվի արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ:
Համակարգը պետք է ապահովի Արարատյան դաշտի ջրօգտագործման ռեժիմի ծավալների հաշվառումը, հավաքագրումը եւ էլեկտրոնային եղանակով փոխանցումը՝ ըստ առանձին ջրաղբյուրների, ջրօգտագործողների, ինչպես նաեւ բնակավայրերի եւ ջրահավաք ավազանների համար ընդհանրական կտրվածքով»:
Այս համակարգի ներդրմամբ բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման թույլտվության պահանջներին համապատասխան կարող է փոփոխություն անել ջրօգտագործող անձի (բացառությամբ խմելու ջրի մատակարարման եւ ոռոգման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների) կողմից իրականացվող ջրօգտագործման ծավալներում եւ ռեժիմներում՝ ընդհուպ մինչեւ դրանց օրենսդրությամբ սահմանված կարգով սահմանափակումները:
Կարդացեք նաև
Համակարգի հավաքագրված տվյալները, ըստ կառավարության, պետք է հասանելի լինեն ջրօգտատերերին եւ շահագրգիռ կողմերին, առնվազն կայք-էջի միջոցով:
Նախարարությունը նշում է, որ Արարատյան ջրավազանում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման հետեւանքով ստեղծվել է բարդ բնապահպանական իրավիճակ, որը շտկելու եւ բարելավելու համար անհրաժեշտ է վերոնշված համակարգը ներդնել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ