Այսօր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցավ թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Սահակյանի «Համշենը անցյալի և ներկայի խաչմերուկում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն անցյալ տարի արժանացել է Հոլիվուդում անցկացվող «Արփա» միջազգային կինոփառատոնի Արմին Վեգների անվան հեղինակավոր մրցանակին, ցուցադրվել է «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնում և Նյու Յորքում կայացած «Socially Relevant Films» կինոփառատոնում:
Լուսինե Սահակյանը հյուրերի հետ վերհիշեց ֆիլմի ստեղծման ճանապարհը. «Ֆիլմը նպատակ ունի ներկայացնել Թուրքիայի տարածքում ապրող համշեցիներին, ուսումնասիրել՝ ինչպիսի հետևանք է թողել իսլամացումը՝ այն դիտարկելով որպես ցեղասպանության տարատեսակ, քանի որ կրոնափոխ լինելով հայերը կտրվում են իրենց բուն արմատներից, մշակույթից, հայկական հանրությունից: Ֆիլմում ընդգրկվել է համշեցիների ինքնությանը վերաբերող խնդիրները, ներառել ենք նաև ազգագրության ոլորտի խնդիրներ: Մեծ տեղ ունեն նաև համշենահայերի խոհանոցը,երգուպարը,արվեստը, գրականությունը: Համշեն գավառը ներկայացված է որպես գրչության կարևոր կենտրոն. Մատենադարանում պահպանված են 15-16-րդ դարերի վեց ձեռագիր, որոնք վկայում են, որ Համշենը ժամանակին եղել է հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը»:
Լուսինե Սահակյանը ֆիլմի ցուցադրությանն իր հետ բերել էր համշենահայ կանանց դասական գլխաշորերից, որը ներկայացրեց հյուրերին: Վառ գազարագույն,գեղեցիկ զարդանախշերով գլխաշորը կանայք հաճախ են կրում. «պատճառը» մշտապես խոնավ եղանակն է:
Ֆիլմի հեղինակը նշում է, որ սկզբնական շրջանում ֆիլմ նկարելու նպատակ չի եղել: Համշեցիների դաշտային բնակավայրերում հետազոտություններ են արվել,հավաքվել են հայկական շերտերի վերջին մնացորդները՝ մասնավորապես թուրքախոս հայերի մոտ պահպանված հայկական լեզվաշերտը, որն իր մեջ ներառում է տեղանունները, արոտավայրերի անունները, կենցաղային բառերը:
Կարդացեք նաև
Սկզբնական շրջանում նկարահանումները սիրողական էին, բայց հետագայում արդեն Լուսինե Սահակյանը հասկացավ, որ իր հավաքած տեղեկությունները կարևոր են ու պետք է մատուցվեն հասարակությանը՝ արդեն ֆիլմի տեսքով:
«Մենք շատ դժվարություններ ենք հաղթահարել.համշեցիների մեջ կան այնպիսիք, ովքեր այնքան են հեռացել իրենց արմատներից ու այնքան մահմեդական են, որ իրենց համար հայերը շարունակում են «գյավուր» մնալ: Նման պայմաններում շատ դժվար էր նկարահանումներ իրականացնելը:Եթե չլինեին մեր համշեցի ընկերները, դժվար թե կարողանայինք այդքան փաստեր հավաքել ու կադրեր նկարել»:
Ֆիլմի ցուցադրությունից հետո հյուրերը քննարկեցին ֆիլմն ու իրենց հարցերն ուղղեցին ֆիլմի հեղինակին:
Սյունե ՍԵւԱԴԱ