Դիլիջան քաղաքի բնակիչ, 1985 թ. ծնված Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել հարազատ քեռու տնից խոշոր չափերի գողության համար: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. փետրվարի 19-ին հյուրընկալվելով գիշերել է քեռու տանը, Տավուշի մարզի Թեղուտ գյուղում, ուր խոսակցություններից տեղեկանալով, որ այդ ընտանիքի անդամները հաջորդ օրվա երեկոյան բացակայելու են տնից,որ տանը եղած գումարը դրամապանակով պահպանվում է ննջասենյակի ներքնակի տակ, օգտվելով բնակարանում գտնվելու հանգամանքից՝ փետրվարի 20-ի առավոտյան բացել է խոհանոցի պատուհանի փեղկը, նույն օրը կիսաբաց վիճակում գտնվող խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել այդ տուն եւ գաղտնի հափշտակել 150 հազար ռուսական ռուբլի՝ իր քեռուն պատճառելով 1 միլիոն 729 հազար 500 դրամ նյութական վնաս:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով(«Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Դիլիջանցուն այդ հոդվածով սպառնում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ