Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ ընդունում է, որ Հայաստանում «Լեզվի մասին» օրենքը բազմիցս խախտվել է, սակայն պնդում է, թե նախարարությունը այդ հարցում որևէ գործառույթ չունի:
«Ազատության» հարցին, թե մտահոգություն հնչեցնելուց զատ, Կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրենքը, հատկապես ռուսերենով անցկացվող միջոցառումների ժամանակ շարունակաբար չխախտվի, նախարարն արձագանքեց. – «Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այս փաստերը գոյություն ունեն: Բայց այդ փաստերը գոյություն ունեն ոչ միայն ռուսաց լեզվի հետ կապված: Բազմաթիվ կոնֆերանսներ և սեմինարներ են լինում, որտեղ մասնակցում են պետական պաշտոնյաները, որտեղ անգլերենով նույնպես չի ապահովվում զուգահեռ թարգմանությունը: Ռուսերենը այս պարագայում գուցե ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, Իսկ անգլերենը տվյալ պարագայում գուցե մնում է ստվերում հենց այդ պատճառով: Բայց ձեզ ասեմ, որ Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենից պակաս չէ»:
«Կառավարությունը այդ օրենքի շրջանակներում պետք է իրականացնի իր գործառույթները: Այս պարագայում, եթե ուղիղ կարդաք օրենքը, մենք որևէ գործառույթ չունենք», – հավելեց նախարարը:
Մինչդեռ Արմեն Աշոտյանի գլխավորած նախարարության կազմում է Լեզվի պետական տեսչությունը, և տեսչության կանոնադրության 7-րդ հոդվածի «բ» կետում նշված է․ «[Տեսչության խնդիրն է] «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը»:
Կարդացեք նաև
Իսկ ի՞նչ է պահանջում «Լեզվի մասին» օրենքը: Այդ օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետում կարդում ենք․ – «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում